ԱՄՆ ընտրություններին ընդառաջ՝ Հարավային Կովկասում անորոշություն է, այդ թվում՝ Երևանում և Բաքվում․ եվրոպացի վերլուծաբան
Մինչ Հայաստանի Հանրապետության շուրջ առանցքային երկրներում ընտրական ու հետընտրական զարգացումներ են, իսկ Ուկրաինայի պատերազմում ՌԴ դիրքերն ամրապնդվում են, ՀՀ իշխանությունները որոշեցին շարունակել բանակցություններն Ադրբեջանի հետ Երևան-Բաքու, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի դեռևս չհամաձայնեցված կետերի շուրջ։ Այս մասին օրերս հայտարարեց՝ ինչպես Փաշինյանի Աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, այնպես էլ՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ զգույշ լավատեսություն հայտնելով, թե այս անգամ կհաջողվի ստորագրել Խաղաղության համաձայնագիր այդ համաձայնեցումից հետո։
Սակայն, ի տարբերություն Երևանի լավատեսության, Բաքուն ետ չի կանգնում ՀՀ Սահմանադրական փոփոխությունների իր նախապայմանից։ Ավելին՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՀՀ սահմանադրական փոփոխությունների հարցը հիմնական խոչընդոտ է համարել, դրանով իսկ կասկածի տակ դնելով մոտ ապագայում համաձայնագրի ստորագրման հեռանկարը։
Եվրոպացի քաղաքական վերլուծաբան Սյուզան Ստյուարտը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ԱՄՆ-ում կայանալիք ընտրություններին ընդառաջ՝ մի շարք զարգացումներ տեղի ունեցան, որոնք մեծացրին աշխարհաքաղաքական անորոշությունը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ ընտրություններից առաջ ընտրությունների առաջին փուլը Մոլդովայում, ինչպես նաև վրացական ընտրությունները մարտահրավերային բնույթ ունեցան «Արևելյան գործընկերության» տարածաշրջանում Արևմուտքի դիրքերի տեսանկյունից։
«Այս փուլում ԵՄ-ում ևս սպասում են ԱՄՆ ընտրությունների արդյունքներին, դրանց արդյունքները կարևոր են լինելու նաև ԵՄ-ի և եվրոպական քաղաքականության համար, դրանք կարևոր են լինելու նաև ԱլԳ ռեգիոնի, ինչպես նաև, մասնավորապես, Հարավային Կովկասի համար, քանի որ Դեմոկրատական կուսակցությունը Բայդենի դեմքով բավականին ակտիվ քաղաքականություն վարեց եվրոպական հարևանության գոտում, ինչն էական արդյունքների հանգեցրեց, ամրապնդեց ԵՄ և ԱՄՆ դիրքերը, անդրադարձավ այդ երկրների ու Արևմուտքի հարաբերությունների սերտացման վրա։
Ընդհանուր առմամբ հավաքական Արևմուտքի քաղաքականության համար բարենպաստ պայմաններ ստեղծեց, որն ունեցավ դրական արդյունքներ Հարավային Կովկասում։ Հայաստանի հետ հարաբերություններն առանցքային փոփոխություն կրեցին, սակայն նախընտրական անորոշությունը, ինչպես նաև վրացական ընտրություններն անորոշություն են ստեղծում նաև ՀՀ արտաքին քաղաքականության համար, քանի որ ԱՄՆ-ում վարչակարգի փոփոխությունն անդրադառնալու է նաև նշածս միտումների վրա»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։
Նրա խոսքով, ԱՄՆ-ում ընտրությունների ելքը կարող է անդրադառնալ ռեգիոնում արևմտամետ միտումների վրա բացասական կերպով, քանի որ կա ռեգիոնալ մակարդակում լուրջ դիմադրություն Արևմուտքի դեմ։
«Ուստի սա կարելի է ինչ-որ առումով նաև Հարավային Կովկասի համար շրջադարձային փուլ համարել, քանի որ Վրաստանում ևս արտաքին քաղաքական շրջադարձի նշույլներ են նկատվում, իսկ ՀՀ-ում արդեն տևական ժամանակ է, ինչ հայտարարվում է ԵՄ ինտեգրացիայի և ԵՄ անդամակցության ցանկության մասին, բայց սա ևս մեծապես կախված է աշխարհաքաղաքական զարգացումներից, քանի որ քաղաքականությունը երկկողմանի գործընթաց է։ Հայաստանի նման բարդ աշխարհաքաղաքականություն և ռեգիոնալ խնդիրներ ունեցող երկրների համար բարդ է տրվում աշխարհաքաղաքական շրջադարձը, նման երկրների դեպքում կարիք է լինում, որ Արևմուտքը շատ ջանքեր ներդնի, սակայն արևմտյան քաղաքականությունը ևս փոփոխվում է ժամանակ առ ժամանակ՝ կենտրոնանալով ներքին օրակարգերի վրա, ինչը թուլացնում է նրանց արտաքին ազդեցությունը»,- նկատեց նա։
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական բանակցություններին, վերլուծաբանը գտնում է, որ բանակցությունները շարունակելը ճիշտ որոշում է, քանի որ դրանց ընդհատումը բերելու է լարումների։
«Որքան շատ հարցեր կարողանան համաձայնեցնել կողմերը, որքան շատ հանդիպեն, այնքան լավ, հատկապես, երբ աշխարհաքաղաքական միջավայրը խնդրահարույց է։ Այս փուլում, ինչպես երևում է, Ռուսաստանը կակտիվացնի իր միջնորդական ջանքերը, այդ ցանկությունը տեսանելի էր ԲՐԻԿՍ-ի հանդիպման ընթացքում, սակայն Երևանն ու Բաքուն կարծես վերջնական չեն կողմնորոշվել, թե որտեղ բանակցել։ Սա երևում է նաև այն զուսպ արձագանքներից, որոնք եղան Բայդենի՝ կողմերին ուղղված նամակից հետո։ Կարող ենք ասել, որ հարավկովկասյան երկրները որոշակի առումով սպասման մեջ են»,- ասաց նա։