«Հեզբոլլահ»-ը հայտնել է Իսրայելի Ցֆատ քաղաքի և «Մերոն» ռազմաօդային բազայի գնդակոծման մասին
Լիբանանյան «Հեզբոլլահ» զինված շարժումը հայտարարել է, որ հրթիռային հարված է հասցրել Իսրայելի ռազմական օբյեկտներին Ստորին Գալիլեայի Ցֆատ քաղաքի մերձակայքում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ ըստ կազմավորման հայտարարության՝ դիմադրության ուժերը համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից մի քանի տասնյակ արկ են արձակել իսրայելական օբյեկտների ուղղությամբ։
Շարժումը հայտնել է որ ավելի վաղ հրթիռային և ականանետային գնդակոծության է ենթարկվել «Մերոն» ռազմաօդային ուժերի բազան Իսրայելի հյուսիսում, որտեղ գտնվում է օդային գործողությունների կառավարման և էլեկտրոնային պայքարի կենտրոնը։
Ինչպես նշված է տեքստում, այդ գործողություններն իրականացվել են «Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդի աջակցության նպատակով և ի պատասխան Լիբանանի քաղաքների բարբարոսական ռմբակոծությունների, որոնք հանգեցնում են խաղաղ քաղաքացների մահվան»։Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ Իսրայելի զինված ուժերը մեկ օրվա ընթացքում հարվածներ են հասցրել Լիբանանի տարածքում 120 թիրախի, ինչի հետևանքով զոհվել է 18 մարդ, վիրավորվել՝ 83-ը։
Ընդհանուր առմամբ, 2023 թվականի հոկտեմբերին Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև փոխադարձ գնդակոծությունների սկզբից ի վեր իսրայելական հարվածներից զոհվել է 2986 լիբանանցի, վիրավորվել՝ 13 402-ը:
Իսրայելը սեպտեմբերի վերջից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, որին այնուհետև ավելացան նաև ցամաքային գործողությունները։ Իսրայելը հայտարարել է, որ այդ գործողությունների նպատակն է անվտանգ պայմաններ ստեղծել երկրի հյուսիսից տեղահանված տասնյակ հազարավոր բնակիչների վերադարձի համար։