«Այն մարդիկ, ովքեր կոչ են անում չգնել բնակարաններ, իրականում վնասում են ոչ միայն շուկային, այլև ազգային անվտանգությանը»
ՀՀ անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովը ֆեյբուքյան իր էջոմ գրում է. «Անշարժ գույքի շուկան իրապես մեծ հետաքրքրություն է առաջացնում լայն լսարանի մոտ։ Սակայն վերջին շրջանում նկատվում է, որ որոշ անձինք, իրենց սուբյեկտիվ շահերից ելնելով, սկսել են շուկայի վերաբերյալ անիմաստ հայտարարություններ անել, ինչը հաճախ ապակողմնորոշում է լսարանին։
Նրանցից շատերը քաղաքական մոտիվներ ունեն կամ զբաղված են այլ երկրներում անշարժ գույքի վաճառքով։ Հանրության համար անշարժ գույքի թեման շատ նուրբ է, և նման հայտարարությունները միայն խանգարում են իրական պատկերն ըմբռնել ցանկացողներին։
Բացի այդ, անշարժ գույքի շուկան իր հարակից ոլորտներով կազմում է տնտեսության մեծ մասը։ Այն մարդիկ, ովքեր վատաբանում են այս ոլորտը կամ կոչ են անում չգնել բնակարաններ, իրականում վնասում են ոչ միայն շուկային, այլև ազգային անվտանգությանը։ Անշարժ գույքի շուկայում կայունությունն ու վստահությունը կարևոր են, ուստի պետք է զգուշանալ ապակողմնորոշող հայտարարություններից և մոտենալ հարցին հիմնավոր կերպով։
Հորդորում եմ բոլոր լրատվականներին՝ նախքան հոդված գրելը կամ հարցազրույց վերցնելը, գոնե մի փոքր ուսումնասիրել, թե տվյալ անձնավորությունն ինչ կշիռ և ազդեցություն ունի շուկայում, և նոր տարածել նրա կարծիքը՝ կանխելով մոլորեցնող տեղեկատվության տարածումը»։