Մոլդովայի ԿԸՀ-ն նախագահական ընտրությունների 2-րդ փուլը ճանաչել է կայացած
Մոլդովայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընտրողների մասնակցությունը գերազանցել է քվեները վավեր ճանաչելու համար անհրաժեշտ 20%-ը։ Ուստի, ԿԸՀ-ն նախագահական ընտրությունների 2-րդ փուլը ճանաչել է կայացած, գրում է ՏԱՍՍ-ը:
2024 թվականի նոյեմբերի 3-ին Մոլդովայում տեղի է ունենում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Ֆավորիտը եվրոպամետ նախագահ Մայա Սանդուն է, որը հոկտեմբերի 20-ին կայացած առաջին փուլում ստացել է ձայների մոտ 42%-ը։
Այս մասին գրում է dw.com-ը՝ մանրամասնելով, որ Սանդուի մրցակիցն ընդդիմադիր, Մոլդովայի նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն է, որը լավ արդյունք է ցույց տվել առաջին փուլում՝ հավաքելով մոտ 26%:
Ըստ աղբյուրի, եթե հավաքենք առաջին փուլում բոլոր ռուսամետ թեկնածուների ձայները, ապա Սանդուի ու Ստոյանոգլոյի վարկանիշները գրեթե հավասար կլինեն։ Ուստի երկրորդ փուլի ընթացքում որոշիչ է լինելու, թե ինչպես են քվեարկելու երրորդ տեղը զբաղեցրած Ռենատո Ուսաթիի ընտրողները։
Երկրորդ փուլի քվեարկության արդյունքը կորոշի, թե որ ուղղությամբ կշարժվի երկիրը հաջորդիվ: Եվրոպամետ Մայա Սանդուի հաղթանակը կնշանակի Մոլդովայի՝ ԵՄ-ին միանալու կուրս, իսկ եթե Ստոյանոգլոն հաղթի, ապա, ըստ վերլուծաբանների, նա անխուսափելիորեն կոնֆլիկտի մեջ կմտնի խորհրդարանի և վարչապետի հետ, ինչը կարող է հանգեցնել եվրոպական նախագծերի ձախողման, ինչը նշանակում է, որ յին նվազագույնը քաղաքական ճգնաժամ է սպառնում: