Շվեյցարական բանկը Իվանիշվիլիին 282 մլն դոլար պակաս կվճարի
Սինգապուրի դատարանը նվազեցրել է այն գումարի չափը, որը Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին պետք է ստանա շվեյցարական բանկից՝ որպես վնասի փոխհատուցում։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ըստ Bloomberg-ի՝ շվեյցարական UBS խումբը միլիարդատեր գործարար Իվանիշվիլիին պետք է վճարի Սինգապուրի դատարանի ի սկզբանե պարտադրածից 282 միլիոն դոլար պակաս։
Սրա մասին հայտնի է դարձել նաև UBS խմբի հայտարարությունից։
Սինգապուրի դատարանի նախնական որոշմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահը շվեյցարական բանկից պետք է ստանար 743 մլն դոլար։ Այժմ այդ գումարը նվազել է՝ հասնելով 461 մլն դոլարի։
Իվանիշվիլին այս թեմայով խոսել է հոկտեմբերի 21-ին «Իմեդի» հեռուստաընկերությամբ հեռարձակված հարցազրույցում։ Նրա խոսքով, փոխհատուցման չափը պետք է որոշվեր երկու կողմերի փորձագետների ներգրավմամբ, ինչը երկու ժամվա հարց էր, թեև Credit Suisse-ի փորձագետն այս գործով երկու ամիս է ծախսել, և սեպտեմբերի 30-ին դատարանը վերջապես վճիռ է կայացրել։
Նշենք, որ Իվանիշվիլին «գողացված փողերի վերադարձի համար» վեճը սկսել է 2016 թվականին։ 2015 թվականին պարզվել էր, որ Իվանիշվիլիի անձնական բանկիր Պատրիս Լեսկոդերոնը գողանում էր շվեյցարական Credit Suisse բանկում ավանդադրված գումարը։
Լեսկոդերոնը, որ 2018 թվականին դատապարտվել էր խարդախության համար և ազատ էր արձակվել երկու տարվա նախնական կալանքից հետո, ինքնասպան է եղել 2020 թվականին։
Ֆինանսական խնդիրների, այդ թվում՝ Իվանիշվիլիի հետ շարունակվող վեճերի պատճառով 2023 թվականին Credit Suisse-ը գնեց Շվեյցարիայի խոշորագույն բանկը՝ UBS-ը։ Այժմ նրանք շարունակում են վեճը Իվանիշվիլիի հետ։
Ամենահարուստ վրացին շահել է Credit Suisse-ի դատը և՛ Բերմուդյան կղզիների դատարանում, և՛ Սինգապուրում։ 2022 թվականին Բերմուդյան դատարանը Credit Suisse դուստր ընկերությանը պարտավորեցրել է վճարել Իվանիշվիլիին 607 միլիոն դոլար, իսկ 2023 թվականի մայիսին Սինգապուրի դատարանը շվեյցարական բանկի տեղական ներկայացուցիչներին պարտավորեցրել է ևս 743 միլիոն դոլար վճարել Իվանիշվիլիին։
Չնայած դատական վեճերում տարած հաղթանակին, Իվանիշվիլին դեռ չի ստացել իրեն հասանելիք գումարը։ Վրաստանի բարձրաստիճան իշխանավորները հաճախ այս փաստը կապում են իրենց հորինած «գլոբալ պատերազմի կուսակցության» հետ։