Վրաստանի կառավարության հետ հարաբերությունները կշարունակվեն վերանայված պայմաններով. պետդեպարտամենտ
ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը մեկնաբանել է նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Վրաստանի խորհրդարանական ընտրությունների մասին՝ ընտրակեղծիքները հետաքննելու կարեւորության առումով։
«Մենք հստակ հասկացրել ենք, որ խորհրդակցությունները ԵՄ մեր գործընկերների հետ, թե ինչպիսին են լինելու մյուս հետաքննությունները, կարող են նպատակահարմար լինել։
(Վրաստանի նախագահ Սալոմե) Զուրաբիշվիլին կխոսի ինքն իր անունից, բայց, որքան ես հասկանում եմ, նա ասել է, որ տեղեկություն ունի, ընտրախախտումների մասին, ուստի հուսով եմ, որ նա կներկայացնի այդ ինֆորմացիան։ Դա կապ կունենա ցանկացած հետաքննության հետ, անկախ այն բանից, թե արդյոք այն անցկացվում է Վրաստանի պետական անձանց, թե որեւէ ուրիշի կողմից»,- ասել է Միլլերը, տեղեկացրել է SOVA-ն։
Պետդեպարտամենտի ներկայացուցիչն անդրադարձել է ամերիկա-վրացական հարաբերությունների հարցին եւ ավելացրել, որ հարաբերությունները Վրաստանի կառավարության հետ շարունակվում են «վերանայված պայմաններով». «Մենք հստակ հայտնել ենք, որ մեր հարաբերությունները Վրաստանի կառավարության հետ շարունակվում են վերանայված պայմաններով։ Մենք արդեն դադարեցրել ենք Վրաստանի կառավարությանը 95 մլն դոլարի օգնության տրամադրումը, իսկ օգնության մնացած մասը, որը մենք տրամադրում ենք, դիտարկվում է»։
Լրագրողները նաեւ հետաքրքրվել են Սպիտակ տան դիրքորոշման մասին «Ատլանտյան խորհրդի» հետազոտողներ Սոֆո Գելավայի եւ Էտո Բուզիաշվիլու տների խուզարկության դեպքերի վերաբերյալ։
«Ես չեմ մեկնաբանի այդ կոնկրետ դեպքերը։ Բայց, իհարկե, մենք ցանկանում ենք, որպեսզի մարդկանց հիմնական իրավունքները պաշտպանված լինեն, մենք ցանկանում ենք, որպեսզի նրանց բողոքի իրավունքը պաշտպանված լինի, որպեսզի նրանց կարծիք հայտնելու հիմնարար իրավունքը որեւէ կերպ չխախտվի»,- ասել է Մեթյու Միլլերը։