
Իսպանիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 95-ի

Իսպանիայում հորդառատ անձրևների և հեղեղումների զոհերի թիվը հասել է 95-ի։ Ջրհեղեղից ամենաշատը տուժել է Վալենսիայի ինքնավար համայնքը, որին բաժին է ընկնում զոհերի մեծ մասը՝ 92-ը։ Սա համարվում է Իսպանիայի ժամանակակից պատմության ընթացքում ամենասարսափելի բնական աղետներից մեկը։ Այս մասին հաղորդում է El Pais պարբերականը։
Ջրհեղեղի հետևանքով կան նաև տասնյակ անհետ կորածներ։
Բազմաթիվ մարդիկ ժամեր շարունակ մեկուսացված են մնացել իրենց մեքենաներում, ճանապարհներին կամ տների վերին հարկերում։ Հեղեղաջրերը քշել-տարել են մեքենաները, քաղաքները հեղեղվել են, երկաթգծերը և ճանապարհները դարձել անանցանելի։ 100 000-ից ավելի մարդիկ մնացել են առանց էլեկտրականության և կապի միջոցների։
Իսպանիայի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել ջրհեղեղի զոհերի հիշատակին։