Մեր համաքաղաքացիներից շատերը զուտ ֆինանսապես պատրաստ չեն 88-90 հազար դրամ տալ մեկ ամսում՝ տրանսպորտի գների նման առաջարկից օգտվելու համար. Արեգ Հարությունյան

Արեգ Հարությունյանը գրում է. «Հունվարի մեկից, ինչպես շատերդ գիտեք, քաղաքապետարանը թանկացնելու է տրանսպորտի գները։

Տրանսպորտի բոլոր միջոցներից օգտվելու համար քաղաքապետարանը հետևյալ տարբերակներն է առաջարկում՝ 880 դրամ կարժենա 1 օրվա տոմսը, 4 հազար 800 դրամ՝ 7 օրվա փաթեթը, 8 հազար 800 դրամ՝ 30 օրվա փաթեթը, 23 հազար 600 դրամ՝ 90 օրվա փաթեթը, իսկ մեկ տարվանը՝ 88 հազար դրամ, վերջին 3-ի դեպքում երթևեկությունների թիվը կլինի անսահմանափակ։ Օրական տոմս՝ 280 դրամ* 90 րոպեի համար։ 1 և 7 օրվա տոմսերի դեպքում կա սահմանափակում՝ համապատասխանաբար 8 և 30 երթևեկում, ինչպես նաև չի կարելի մեկ տրանսպորտային միջոցում ակտիվացնել մեկից ավել անգամ (ուրիշի տեղը ստանալու մշակույթին ասում ենք ցտեսություն):

Առաջին հայացքից թվում է՝ դե նորմալ գներ են, օրական 243 դրամ է ստացվում, շատ փոքր թանկացում է։ Բայց սա միայն առաջին հայացքից։ Նախ, և սրա մասին գրեթե չի խոսվել հանրային դաշտում, մեր համաքաղաքացիներից շատերը զուտ ֆինանսապես պատրաստ չեն 88-90 հազար դրամ տալ մեկ ամսում՝ նման առաջարկից օգտվելու համար։ Շատերի համար նույնիսկ երեք ամսվա տոմսը կարող է բավականին ծանր ֆինանսական բեռ հանդիսանալ։ Երկրորդ՝ չկա որևէ հիմք նման թանկացում անելու համար։

Քաղաքապետարանից հնչում են միայն սուբսիդավորման նվազեցման հայտարարությունները՝ առանց նշելու թե՜ սուբսիդավորման, թե՜ սուբսիդավորման ակնկալվող նվազեցման տոկոսային ցուցանիշները։ Երրորդ՝ մինչև սեպտեմբեր պետք է ներկայացվեր սոցիալական տարբեր խմբերի համար նախատեսվող զեղչերի օրինագիծը։ Այն չի ներկայացվել և, երևի թե, ոչ էլ ներկայացվի։

Ավագանու նիստերին շատ է խոսվել նաև տարբեր քաղաքների, մասնավորապես՝ Պրահայի և Թբիլիսիի տրանսպորտային գների մասին։ Հիմնականում ես կխոսեմ Պրահայի օրինակի մասին, ինչպես նաև կբերեմ ևս 2 օրինակ։ Հարմարության համար՝ դրանք տեղավորել եմ աղյուսյակի մեջ։

Ինչո՞ւ է կարևոր Պրահայի օրինակը։ Պրահայի տրանսպորտային համակարգը սուբսիդավորվում է պետության կողմից 85 տոկոսով։ Թեև քննարկվում է գների վերանայում, շեշտվում է, որ տրանսպորտը պետք է մնա մատչելի։ Սուբսիդավորման տոկոսը մինչև 2030 թվականը պլանավորվում է իջեցնել մինչև 75 տոկոս, և նույնիսկ այդ սուբսիդավորման պլանի դեպքում Պրահայի տրանսպորտային համակարգը մնում է ավելի մատչելի քան հունվարի մեկից առաջարկվողը Երևանում։

Մոսկվայի օրինակը կարևոր է մեկ այլ պատճառով։ Այս համակարգը ամբողջ աշխարհում համարվում է ամենալավերից մեկը։ Տրանսպորտում հնարավոր է վճարել բանկային կամ տրանսպորտային քարտերով, տրանսպորտային քարտերի միջոցով կարելի է բացի մեկ տոմսից գնել տարատեսակ փաթեթներ։ Համակարգում գործում են նաև Карта москвича հատուկ քարտերը, որոնցով մի շարք խմբերի (օրինակ՝ թոշակառուների, բազմազավակ ընտանիքների, պատերազմի մասնակիցների և այլն) հնարավորություն է տրվում օգտվել տրանսպորտից ԱՆՎՃԱՐ։

Համակարգը ոչ միայն շահույթաբեր չէ, այլ նաև չափազանց անշահութաբեր՝ 2022 թվականին 46 միլլիարդ ռուբլու կորուստ է գրանցվել։

Կարելի է հակադարձել, թե Պրահան Եվրոպական երկրի, իսկ Մոսկվան՝ գերտերության մայրաքաղաքներ են։ Դրան գումարած, Չեխիան ստանում է գումարներ Եվրամիությունից, իսկ Ռուսաստանում բավարար գազի և նավթամթերքների պաշարներ կան, որոնք թույլ են տալիս ավելի էժան տրանսպորտային համակարգ ունենալ։ Եվ իրոք, կարելի էր այսքանով բավարարվել, բայց կա ևս մեկ օրինակ, որի մասին կուզեի խոսել։ Վերջին օրինակը Ուկրաինայից է՝ Կիևի տրանսպորտային համակարգից։ Քաղաքում մեկ երթուղու գինն է 8 գրիվնա, որը մոտավորապես 75 դրամ է կազմում։ Տարեկան կամ ամսական փաթեթների մասին ես տեղեկություն չգտա, բայց գործում է զեղչային համակարգ՝ կախված գնված տոմսերի քանակից (օրինակ՝ 50-ից ավել տոմս գնելու դեպքում գինը դառնում է 6․5 գրիվնա կամ 60 դրամ)։ Մի քանի ամիս առաջ որոշ քաղաքներում վերանայվել էին տրանսպորտի գները, բայց Կիևում որոշում էր կայացվել թողնել հին գները։ Այս ամենը՝ երկու տարուց ավել պատերազմում գտնվող, գազի և նավթի սեփական պաշարներ չունեցող երկրում։

Հաշվի առնելով բոլոր օրինակները, կարելի է գալ եզրակացության՝ գների նման թանկացումը չունի որևէ օբյեկտիվ արդարացում։

Ընդհակառակը, հնարավոր է ներկայիս գները պահելով կամ թեկուզ չնչին թանկացումով հնարավորություն տալ մարդկանց փաթեթներ գնելու դեպքում ավելի էժան օգտվել այս համակարգից։ Ամեն դեպքում, Մոսկվայից ավելի թանկ տրանսպորտ ունենալու համար, ինձ թվում է՝ նախ և առաջ պետք է ունենալ նման էֆֆեկտիվ համակարգ

* Նշված գները էլեկտրոնային տարբերակով տոմսեր գնելու դեպքում են։ Ֆիզիկական տոմս գնելու դեպքում գները ավելի բարձր են, համապատասխանաբար՝ 900, 5 հազար, 9 հազար, 24 հազար, 90 հազար և 300 դրամ»։

Տեսանյութեր

Լրահոս