«Կրեմլի այդ հոսանքը թող պատասխան տա. սա նախ ռուսների շահերն է վտանգում, հետո նոր՝ մեր». Դավիթ Ջամալյան

«Շատ եմ ցավում, որ բարձրաստիճան զինվորականները ներգրավվում են  նիկոլական խարդավանքների, մարդկանց խաբելու այդ պրիմիտիվ, լկտի պրոցեսի մեջ։ Երբեք ու երբեք թուրքն ինքնակամ դուրս չի գա այնտեղից, որտեղ մտել է։ Եվ ով-ով, Էդուարդ Ասրյանը, ով նաև բավական լուրջ զինվորական կենսագրություն ունի, սա պետք է իմանա։ Հիմա ես չգիտեմ՝ պաշտո՞նն է ստիպում, ի՞նչն է ստիպում այդքան միամտանալ կամ միամիտ ձևանալ, բայց ես վստահ եմ՝ օրը կգա, մենք կհամոզվենք, որ քայլ առ քայլ ադրբեջանական կողմը լեգիտիմացնելու է իր զավթած տարածքներում գտնվելու հանգամանքը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ անդրադառնալով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի հայտարարությանը, թե սահմանազատման գործընթացով նախատեսվում է ՀՀ ինքնիշխան տարածքի վերականգնում` համապատասխան սահմաններով:

Դավիթ Ջամալյանը նկատեց՝ Ադրբեջանը որևէ տեղից հետ չի քաշվելու. «Դա ինքնախաբեություն է, մեզ մոլորեցնելու պրիմիտիվ փորձ է։ Ի դեպ, ոչ մի բան էլ չի փոխվել ալիևյան հռետորաբանության մեջ»:

Ռազմական փորձագետի խոսքով՝ բացահայտ հակառուսական ռեժիմ է հաստատված Հայաստանում. «Հակառուսականը դեռ մի կողմ, հակահայկական նախ և առաջ, հետո նոր՝ հակառուսական։ Վեց տարիների ընթացքում ռուսական կողմը բազմիցս հետքայլ է արել, հայաստանյան ուղղությունը, կարելի է ասել, որ «պրավալի» է մատնվել։ Այո, իրենք կտրուկ քայլ անելով՝ 2020-ին փրկեցին Արցախի մի հատվածը, հազար ու մի փորձ արեցին կանխելու աղետը մինչ այդ, օրվա իշխանությունը մերժեց բոլոր այդ առաջարկները, այդ մասին շատ ենք խոսել։ Բայց արդեն ուկրաինական իրադարձություններով պայմանավորված՝ ռուսներին ձեռնտու չէր այստեղ ունենալ երկրորդ ճակատ: Ռուսների հետքայլերը պայմանավորված էին նրանով, որ Ալիևին չգրգռեն, որպեսզի երկրորդ ճակատ չբացի։

Կարդացեք նաև

Բայց Ալիևը շատ վարպետորեն օգտագործեց ռուսների թուլությունը, երկրորդ ճակատն ամեն կերպով թույլ չտալու ռուսների ցանկությունը, և ստացավ առավելագույնը: Հիմա Ալիևը փորձում է հարաբերությունները չվատթարացնել ռուսների հետ։ Այո, ռուսական կողմը մինչև հիմա անընդհատ հետքայլ է անում՝ իր իսկ շահերին անգամ հակասելով, ուղղակի այնտեղ գիտեն, որ մի քայլ հետ կանեն, մի չորս քայլ հետ կանեն, 10-ը կանեն, բայց կգա մի օր՝ մի 20-30 քայլ միանգամից առաջ կգնան։ Ցավոք սրտի, այդպիսին են ռուսական վերնախավի ընկալումները»:

Դավիթ Ջամալյանի խոսքով՝ ռուսական էլիտաների շրջանում կար մի հոսանք, որը կարծում էր, թե պետք է համագործակցել թուլացած Նիկոլ Փաշինյանի հետ. «Այս մոլորությունը, այնուամենայնիվ, 2020-21 թվականներին Մոսկվայում հաղթեց։ Ի դեպ, այդ հոսանքի դեմ հենց ռուս փորձագետներն են բազմիցս խոսել, դա քաղաքական կարճատեսություն էր և բերեց նրան, որ Նիկոլ Փաշինյանն օգտվելով այդ կարճատես մոտեցումից, ամրապնդեց իր դիրքերը՝ կեղծեց ընտրությունները, վերարտադրեց իր իշխանությունը, և արդյունքում՝ հակառուսական կուրսը մեծ թափ ստացավ: Հիմա էլ  ռուսներին ուզում է Մեղրու ճանապարհից հեռացնել:

Դե, հիմա թող այն հոսանքը, ով Կրեմլում գտնում էր, որ թուլացած Նիկոլն ավելի ձեռնտու է, պատասխան տա: Հայկական ուղղությամբ ռուսները շատ ու շատ լուրջ ձախողումներ են ունեցել։ Հիմա ես հասկանում եմ, որ իրենք ստիպված են այդ հետքայլերն անում, բայց գիտեմ նաև, որ ինչ-որ պահից մի քանի քայլ առաջ են անելու: Բայց հասկանո՞ւմ եք՝ ամեն հետքայլ ավելի է բարդացնելու այդ մի քանի քայլ առաջ գալը։ Այնուամենայնիվ հայ-ռուսական հարաբերությունները, հայ-իրանական հարաբերությունները, այդ հարաբերությունների դաշնակցային բնույթն այլընտրանք չունի»:

Նա շեշտեց՝ գործող իշխանությունները հետևողականորեն Հայաստանից ռուսներին հեռացնելու իրենց կուրսն առաջ են տանում. «Ռուսները պետք է հասկանան, որ սա նախ և առաջ՝ իրենց ազգային շահերն է վտանգում, հետո նոր՝ մեր»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս