ԱՄՆ-ն չի սահմանափակի Ուկրաինայի կողմից ամերիկյան զենքերով ՌԴ-ին հարվածները, եթե Հս. Կորեան միանա պատերազմին. Պենտագոն
ԱՄՆ-ն չի սահմանափակի Ուկրաինայի կողմից ամերիկյան զենքերով ՌԴ-ին հարվածները, եթե Հյուսիսային Կորեան Ռուսաստանի կողմից միանա պատերազմին, հայտարարել է Պենտագոնը: Այս մասին գրում է Reuters-ը՝ մանրամասնելով, որ ՆԱՏՕ-ի և Պենտագոնի պնդմամբ՝ հյուսիսկորեացի զինվորականների ջոկատներն ուղարկվել են ՌԴ-ի Կուրսկի մարզ:
Այս առնչությամբ Արևմուտքը մտահոգվում է, որ 2,5 տարի շարունակվող ռուս-ուկրաինական պատերազմը կարող է ընդարձակվել:
«Այդ զինվորների մի մասն արդեն մոտեցել է Ուկրաինային, և մենք ավելի ու ավելի շատ ենք անհանգստանում, որ Ռուսաստանը մտադիր է օգտագործել այդ զինվորներին մարտերում կամ աջակցելու ուկրաինական ուժերի դեմ մարտական գործողություններին Ռուսաստանի Կուրսկի մարզում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ», – ասել է Պենտագոնի խոսնակ Սաբրինա Սինգհը:
Ուկրաինան շարունակաբար ԱՄՆ-ին խնդրում է վերացնել արևմտյան զինատեսակներով ՌԴ-ի տարածքի խորքին հարվածելու վերաբերյալ արգելքը, սակայն առայժմ արդյունքի չի հասել: Մոսկվան բազմիցս նախազգուշացրել է, որ արգելքի վերացման դեպքում, Կրեմլը համապատասխան քայլեր կձեռնարկի: