Մարոկկոն և Ֆրանսիան 10 միլիարդ եվրոյի համաձայնագրեր են կնքել Մակրոնի այցի ընթացքում
Մարոկկոն և Ֆրանսիան հոկտեմբերի 28-ի երեկոյան Ռաբաթում ստորագրել են տարբեր ոլորտներում համագործակցության ավելի քան 20 համաձայնագիր։ AFP գործակալության աղբյուրները հայտնել են, որ համաձայնագրերի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 10 միլիարդ եվրո։
Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Մարոկկոյի թագավոր Մուհամեդ VI-ի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ներկայությամբ։Համաձայնագրերը վերաբերում են երկաթուղային ոլորտում, կանաչ ջրածնի արտադրության, ջրային պաշարների, էներգետիկայի, ներդրումների ներգրավման, գյուղատնտեսության և անտառային տնտեսության, հրդեհների դեմ պայքարի, կրթության, գիտական հետազոտությունների և նորարարություն, մշակույթի բնագավառներում փոխգործակցությանն ու նախագծերի իրականացմանը։
Ըստ Մարոկկոյի թագավորի գրասենյակի հաղորդագրության՝ պետությունների ղեկավարները Ռաբաթում բանակցությունների ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային խնդիրները։ Նրանք հանդես են եկել Գազայի հատվածում և Լիբանանի հարավում իսրայելական ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման օգտին: Երկու ղեկավարները նաև ստորագրել են Հռչակագիր ընդլայնված բացառիկ գործընկերության շուրջ։
Ֆրանսիայի նախագահը եռօրյա պետական այցով Ռաբաթ է ժամանել հոկտեմբերի 28-ին։ Նրան ուղեկցող 120-հոգանոց պատվիրակության կազմում են նաև մի քանի նախարարներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, ֆրանսիացի հայտնի մշակութային և գիտական գործիչներ, դերասաններ և մարզիկներ: