Ուկրաինայի մի քանի մարզերում ԱԹՍ-ների հարվածների հետևանքով կան զոհեր, վիրավորներ
Ուկրաինայի մի քանի քաղաքներ գիշերը և նախորդ երեկոյան ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարվածների, որոնց հետևանքով, ընդհանուր առմամբ, 5 մարդ է զոհվել, բազմաթիվ մարդիկ՝ վիրավորվել։ Հարվածների են ենթարկվել նաև Ռուսաստանի մարզերը, որտեղ 1 մարդ է զոհվել։
BBC-ի ռուսական ծառայությունը, վկայակոչելով տեղի իշխանություններին, հաղորդում է, որ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով բազմաթիվ ավերածություններ են տեղի ունեցել՝ վնասվել են բնակելի շենքեր, այրվել մեքենաներ։
Քաղաքի ռազմական վարչակազմը հայտնել է 6 վիրավորի մասին: ԱԹՍ-ի բեկորներ են ընկել Սոլոմենսկի և Սվյատոշինսկի շրջաններում։ Այրվել է խանութ։ Օդային հարձակման ահազանգը տևել է չորս ժամից ավելի։
Ըստ տեղի իշխանությունների՝ հոկտեմբերի սկզբից սա արդեն 18-րդ հարձակումն է Ուկրաինայի մայրաքաղաքի վրա:Իսկ Խարկովի իշխանությունները հայտնել են, որ գիշերը ժամը 02:51-ին հրթիռային հարձակման են ենթարկվել մասնավոր հատվածի տները։ Ամբողջությամբ ավերվել է մեկ տուն, 20 շինություն վնասվել է։ Կա 4 զոհ, այդ թվում՝ 70 և 87 տարեկան երկու կին, ինչպես նաև 25 և 26 տարեկան երկու տղամարդ։Իսկ հոկտեմբերի 28-ի երեկոյան Խարկովում մասամբ ավերվել է Պետական արդյունաբերության տունը՝ Գոսպրոմը, որը կառուցվել է 1920-ականներին և Խարկովի ամենահայտնի շենքերից մեկն է։ Այն գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժամանակավոր պաշտպանության ներքո։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել է վեց մարդ։
Իսկ Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգ քաղաքում, ըստ տեղի վարչակազմի, հրթիռակոծության հետևանքով 39-ամյա տղամարդ է զոհվել, ևս 14 մարդ վիրավորվել է։ Քաղաքում վնասվել է 11 բազմաբնակարան շենք, կլինիկա, դպրոց, վարչական շենք, ավերվել է 12 ավտոտնակ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել Կիևին, Խարկովին և Կրիվոյ Ռոգին հասցված հարվածները։
Ըստ ՏԱՍՍ-ի՝ գերատեսչությունը հայտնել է, որ նախորդ օրվա ընթացքում Ռուսաստանի մարզերի երկնքում ոչնչացրել է ինքնաթիռային տիպի 64 ԱԹՍ։ ՌԴ ՊՆ-ն առավոտյան նաև հայտնել է, որ այս գիշեր հակաօդային պաշտպանության միջոցները ոչնչացրել են 7 ԱԹՍ։
Բելգորոդի նահանգապետն իր Telegram ալիքում գրել է, որ 1 ԱԹՍ ընկել է Բելգորոդ քաղաքի տարածքում, վիրավորվել է 1 կին։ Նաև վնասվել է երկու բազմաբնակարան շենքի 36 բնակարան։ Գնդակոծությունների հետևանքով, ըստ նահանգապետի, ավերածություններ կան նաև Բելգորոդի մարզի մի քանի գյուղերում։