Ռեստորանը՝ կառավարության շենքում, քեֆի ցուցակը՝ ԱԺ-ում
Երեկ ԱԺ-ում մեկնարկել են 2025թ․ պետական բյուջեի քննարկումները, որոնք սկսվել են Նիկոլ Փաշինյանի ծավալուն ելույթով։
Այդ ելույթը, սակայն, ոչ թե հաջորդ տարվա պետական բյուջեի մասին էր, այլ պետական բյուջեի քննարկումն օգտագործելու ու դրա միջոցով փաշինյանական նոր հայեցակարգերի քարոզչության, որը խորքային իմաստով հենց բյուջեի ու պետության դեմ էր։
Փաշինյանի ելույթը, մեղմ ասած, խնդրահարույց էր ոչ միայն դրանում հայեցակարգային աղտեղությունների հնչեցման, այլ ավելի շատ այդ ելույթում նրա կողմից լռության մատնված հարցերի մասին։ Ամբողջ ելույթի մեխը բարեկեցությունն էր, ուտելը, լավ ապրուստը, հարստությունը, և այդպես շարունակ։
Իհարկե, հասկանալով պետության գլխավոր ֆինանսական փաստաթուղթն այդչափ պարզունակացնելու անհեթեթությունը՝ Փաշինյանը պարբերաբար արդարանում էր, թե իր ասածը ուտելու քարոզ չէ, թե բարեկեցությունը միայն ուտելը չէ և այլն, բայց իրականում նա՝ տարբեր ձևակերպումներով, խոսում էր ուտելու, ավելի շատ ուտելու, ավելի լավ ուտելու մասին։
Հարցն ուտելիքի, ոչ պարզունակ ներկայացմամբ նյութականի անտեսման կամ անկարևորության մասին չէ, որևէ երկիր չի կարող գոյատևել, առավել ևս՝ զարգանալ առանց համարժեք նյութական ապահովվածության։ Պրոբլեմն այն է, սակայն, որ ուտելը կամ բարեկեցիկ կյանքը նորմալ երկրներում ու հասարակություններում ոչ թե նպատակ է, այլ միջոց։ Նպատակը նման հանրույթներում այնպիսի պետության կայացումն է, որում ուտելը, բարեկեցությունը կապահովվի որպես ածանցյալ, ենթադրելի հետևանք և կդառնա միջոց։
Մինչդեռ Նիկոլ Փաշինյանն ասում է ճիշտ հակառակը՝ պետությունը հարստանալու միջոց է։ Այլ խոսքով, պետությունը նույնացվում է եկամուտ ստանալու որևէ միավորի՝ բանկի, ռեստորանի, գործարանի, գեղեցկության սրահի, տաքսի ծառայության և ցանկացած այլ բիզնեսի հետ, որը ծառայում է՝ որպես հարստանալու գործիք։ Սրանով Փաշինյանը մատնում է իրեն, խոստովանում է, որ ինքը պետության ղեկավարի իր կարգավիճակը նույնացնում է խոշոր բիզնեսի մենեջերի հետ, որի նպատակը շատ եկամուտ ապահովելն է ու հարստանալը։
Շատերը կարող են այդ մոտեցմանը դրական վերաբերվել՝ համարելով, որ լավ մենեջերները ժամանակակից աշխարհում ապահովում են մեծ շահույթներ։ Բայց նախ՝ Նիկոլ Փաշինյանն անգամ ավտոմատ աշխատող սուրճի ապարատի լավ մենեջերի ունակություններ չունի, և, որ ավելի կարևոր է՝ հատկապես վերջին տարիներին գերշահույթներ ապահովելու համարում ունեցող խոշոր կորպորացիաներն իրականում կանգնած են լուրջ խնդիրների առաջ, և դրա պատճառը հենց թոփ մենեջերներն են, որոնք աշխատում են ոչ թե ի շահ կորպորացիաների սեփականատերերի, այլ ի շահ ընկերությունների վիրտուալ կապիտալիզացիայի, ցուցանիշների, որի շնորհիվ իրենք ստանում են աստղաբաշխական բոնուսներ՝ իրականում վնաս հասցնելով սեփականատերերին։
Այս մոդելով, սեփականատերերը ՀՀ քաղաքացիներն են, որոնք Նիկոլ Փաշինյանին որպես մենեջեր հանդուրժելու արդյունքում կրում են անդառնալի վնասներ, իսկ նա համապատասխան «ցուցանիշներ» ներկայացնելով՝ ստանում է տիեզերական բոնուսներ՝ իշխանության պահպանման տեսքով։
Բայց խորհրդարանական քննարկումներում ոչ պակաս կարևոր էին այն հարցերը, որոնք պետության հիմնական ֆինանսական փաստաթուղթը ներկայացնելիս անտեսեց Փաշինյանը։ Նրա ելույթում որևէ բառ չկար բանակի, զինված ուժերի, դրանց ուղղվող ծախսերի մասին։ Այդ լռության ուղերձն այն էր, որ Հայաստանին բանակ պետք չէ, որովհետև եթե պետությունը ոչ թե նպատակ է, այլ հարստանալու միջոց, նրան մեծ հաշվով նաև պաշտպանություն պետք չէ, որի հնարավորությունը, ինչպես նախօրեին հայտարարել է Փաշինյանի կուսակից երկրապահապետը, Հայաստանը չունի։
Նիկոլ Փաշինյանը, ինչպես և կարելի էր սպասել, այդ ելույթում որևէ խոսք չասաց նաև Արցախի, արցախահայերի իրավունքների պաշտպանության մասին՝ այդ լռությունը հերթական անգամ վաճառելով Ադրբեջանին, որի բարեգթությունից և ոչ թե Հայաստանի պաշտպանունակությունից է կախված «լավ ուտելու» հայեցակարգի իրականացումը։
Պետական բյուջեն՝ ֆինանսական փաստաթուղթ լինելով, թվերի լեզվով արտահայտում է այն ռազմավարությունը, որով առաջնորդվում է երկիրը։ Հայաստանի դեպքում, սակայն, պետական բյուջեն վերածվել է մեծ «քեֆի սեղանի ցուցակի», որի հիմնական նպատակը քիչ ծախսերով շատ ուտելիք ունենալն է։ Նիկոլ Փաշինյանն էլ այդ սեղանի թամադան է, որն անհեթեթ կենացներ է ասում իրական Հայաստանի մասին։
Հասարակությունը, որի անդամների մեծ մասը հսկայական գումարներ է վճարում ռաբիս թամադաներին՝ հարսանիքների համար, օբյեկտիվորեն պետք է հանդուրժի նման թամադայի ներկայությունը եռահարկ շենքում, որին սովորության ուժով ու ամոթի բերումով դեռևս կառավարություն են անվանում։
Հարություն Ավետիսյան