«Ալիևն այնպես արեց, որ Ադրբեջանը պարտավորություններ չունենա, ցանկացած պահի նախագահի հրամանագրով չեղարկի կանոնակարգը». Էդգար Ղազարյան
Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման հոկտեմբերի 15-ի թողարկման ընթացքում ասել էր, որ ի տարբերություն Հայաստանի՝ սահմանազատման կանոնակարգի վավերացման հարց Ադրբեջանում չի սկսվել, խոսք անգամ չկա այդ մասին:
Նա մասնավորապես նշել էր. «Ադրբեջանը դա չի անելու, այդ փաստաթղթերը վավեր չեն լինելու, բայց Ադրբեջանն արդեն ունի իրավական ակտեր՝ ՀՀ կառավարության որոշում, ՍԴ որոշում, ԱԺ վավերացում: Այսինքն՝ մեր իշխանության բոլոր թևերը՝ Օրենսդիր, Գործադիր, Դատական, և Հանրապետության նախագահն այդ փաստաթղթի տակ դնում են ստորագրումը և դա ընդունում: Ադրբեջանն էլ ասելու է՝ ձեր երկրի ՍԴ-ն է, չէ՞, ասել, որ 1991 թվականից այս սահմաններից այն կողմ Ադրբեջան է, կարո՞ղ եմ իմանալ՝ 1991 թվից հետո ով Հայաստանից եկել է Ղարաբաղ՝ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների կնիք ստացե՞լ է անձնագրի մեջ, ուրեմն՝ ապօրինի հատել է Ադրբեջանի պետական սահմանը»:
ԲՐԻԿՍ-ի շրջանակում Փաշինյան-Ալիև կազանյան երկկողմ հանդիպումից հետո նախ՝ Հայաստանի, ապա՝ Ադրբեջանի նախագահները հրամանագրերով վավերացին հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը, ինչը, ըստ Էդգար Ղազարյանի՝ հաստատում է հենց մեր հաղորդման ընթացքում արած իր պնդումները:
«Իմ ասածով է եղել, որովհետև Ալիևը ստորագրել և վավերացրել է՝ առանց Ադրբեջանի ազգային ընթացակարգով վավերացման: Նախագահը ստորագրում և հրապարակում է այն միջազգային պայմանագրերը, որոնք վավերացման ենթակա չեն: Այսինքն՝ մեր նախագահն էլ կարող էր ստորագրել, հրապարակել, դա երկրի կառավարման համակարգի հետ կապ չունի:
Մեր Սահմանադրությունն ասում է, թե որ միջազգային համաձայնագրերն են ենթակա վավերացման. Դրանք այն համաձայնագրերն են, որոնք պետության առաջ պարտավորություններ են առաջացնում, իսկ որոնք պետության առաջ պարտավորություններ չեն առաջացնում, ինչպես կանոնակարգն է, նախագահը կարող էր ստորագրել և հրապարակել:
Հիմա Ալիևն ինքը ստորագրեց և հրապարակեց, այսինքն՝ Ադրբեջանի պետությունը պարտավորություններ չի ստանձնել, իսկ Հայաստանում ՍԴ-ով անցավ, ԱԺ-ն վավերացրեց, նոր նախագահը ստորագրեց, այսինքն՝ դա արդեն Հայաստանի պետության պարտավորությունն է: Այսինքն՝ իմ կանխատեսումը տեղի ունեցավ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:
Հարցին՝ իր կարծիքով՝ ինչո՞ւ Ադրբեջանն այդպես վարվեց, նա պատասխանեց. «Այդպես արեցին, որպեսզի իրենց պետությունը պարտավորություններ չունենա, և ցանկացած պահի նախագահի հրամանագրով նաև կարողանան չեղարկել: Իսկ մեր դեպքում, իշխանափոխություն էլ լինի Հայաստանում, սա արդեն Հայաստանի պետության պարտավորությունն է»: