Իսրայելը հայտնել է Լիբանանի հարավում մեկ օրում 200 թիրախի հարվածելու մասին
Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) ռազմաօդային ուժերը վերջին մեկ օրվա ընթացքում Լիբանանի հարավում հարվածներ են հասցրել «Հեզբոլլահ»-ի ավելի քան 200 թիրախի։
Այս մասին ասված է հոկտեմբերի 25-ին ԻՊԲ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
«Վերջին օրվա ընթացքում իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել ահաբեկիչների ավելի քան 200 թիրախի Լիբանանի հարավում: Բացի այդ, ԻՊԲ զինծառայողները հայտնաբերել, կրակ են բացել և ոչնչացրել ծուղակ լարող ահաբեկչական բջիջը։ Զինծառայողները նաև հայտնաբերել են լիցքավորված «Կորնետ» հրթիռային կայանք և ապամոնտաժել են այն», – նշված է հայտարարության մեջ։
ԻՊԲ-ն նաև հայտնել է, որ ոչնչացրել է «Հեզբոլլահ»-ի «Ռադվան» ստորաբաժանման հրամանատար Աբբաս Ադնան Մուսլեմին, որին Իսրայելը մեղադրում է երկրի հյուսիսային շրջանների և ԻՊԲ զինծառայողների դեմ բազմաթիվ ահաբեկչական հարձակումների մեջ:Իր հերթին, ԻՊԲ պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին հայտնել է, որ իսրայելցի զինվորականները մեկ ամսվա ընթացքում հարվածել են Լիբանանի հարավում շիաների «Հեզբոլլահ» կազմակերպության ավելի քան 3200 օբյեկտի, այդ թվում՝ մոտ 350 զենքի պահեստի։
Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին, իսկ հոկտեմբերի 1-ից ցամաքային գործողություն է սկսել խմբավորման դեմ, որի հետևանքով շուրջ 2000 մարդ է զոհվել, հարյուր հազարավոր մարդիկ տեղահանվել են։ Իր հերթին «Հեզբոլլահ»-ն ամենօրյա ռեժիմով հրթիռակոծում է Իսրայելի հյուսիսը։