Լուկաշենկոյի հետ նկարը ոչինչ չի նշանակում. Բելառուս չգնալու պայմանը ուժի մեջ է. ՔՊ-ական պատգամավոր
Հայաստան-Բելառուս հարաբերություններում ոչինչ չի փոխվել։ Այս մասին ԱԺ ճեպազրույցում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ու Ալեքսանդր Լուկաշենկոյի առանձնազրույցին՝ «ԲՐԻԿՍ+»-ի շրջանակում:
Նշենք, որ դա պաշտոնյաների առաջի շփումն էր հարաբերությունների սրացումից և Մինսկ հայ պաշտոնյաների այցելելու արգելքից հետո:
«Ինչպես գիտեք, ԲՐԻԿՍ-ի միջոցառմանը ներկա էր նաև Բելառուսի նախագահը։ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունից հետո ոչինչ չի փոխվել (պաշտոնական մակարդակով հայտարարվել էր, որ պետական ոչ մի պաշտոնյաչպետք է այցելի Բելառուս,-խմբ.)։ Մենք չգիտենք` երեկ ինչի մասին են խոսել, հետևաբար չգիտենք` ինչպես մեկնաբանել, բայց Բելառուսի հետ հարաբերություններում ոչինչ չի փոխվել։ Բելառուսի նախագահն ուղղակի նույն տանիքի տակ էր, որտեղ այդ միջոցառումն էր տեղի ունենում»,-ասաց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ երեկ սոցցանցերում տարածվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի լուսանկարը։ Նշվում էր, որ նրանք առանձնազրույց են ունեցել ԲՐԻԿՍ + -ի շրջանակում։