Հնդկաստանի վարչապետն ու Չինաստանի նախագահը պայմանավորվել են հարթել երկու երկրների միջև տարաձայնությունները

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին չորեքշաբթի պայմանավորվել են ուժեղացնել շփումներն ու համագործակցությունը իրենց երկրների միջև և կարգավորել հակամարտությունները՝ փորձելով բարելավել հարաբերությունները, որոնք վնասվել են 2020 թվականին մահաբեր ռազմական բախումից:

Երկու երկրների առաջնորդները հանդիպել են Ռուսաստանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում՝ վերջին հինգ տարվա ընթացքում իրենց առաջին պաշտոնական բանակցությունների համար:

Երկու կողմերն էլ պետք է ամրապնդեն հաղորդակցությունն ու համագործակցությունը, կարգավորեն հակամարտություններն ու հարթեն տարաձայնությունները և իրականացնեն միմյանց զարգացման երազանքները, ըստ չինական CCTV գործակալության՝ հայտարարել է Չինաստանի նախագահը։

Ի պատասխան՝ Մոդին Սի Ցզինպինին ասել է, որ իրենց սահմանին խաղաղության և կայունության պահպանումը պետք է առաջնահերթություն լինի, և որ հարաբերությունների հիմքը պետք է լինի փոխադարձ վստահությունը, հարգանքը և մեղմավարությունը։ «Ողջունում ենք վերջին չորս տարիների ընթացքում ծագած հարցերի շուրջ համաձայնագիրը»,- ըստ հնդկական Doordarshan հեռուստաալիքի ասել է Մոդին:

Երկու միջուկային գերտերությունների միջև հարաբերությունները լարված են 2020 թվականից, երբ արևմտյան Հիմալայներում նրանց ուժերի միջև մերձսահմանային բախման հետևանքով 20 հնդիկ և չորս չինացի զինվորներ զոհվեցին: Դրանից հետո հարևաններն ավելացրել են իրենց ռազմական ներկայությունը սահմանի երկայնքով՝ վերջին չորս տարիների ընթացքում տասնյակ հազարավոր զինվորներ և սպառազինություն ավելացնելով: Այդ ժամանակից ի վեր Մոդին և Սի Ցզինպինը պաշտոնական երկկողմ բանակցություններ չեն վարել, թեև երկուսն էլ մասնակցել են բազմակողմ միջոցառումների։ Նրանց վերջին երկկողմ գագաթնաժողովի բանակցություններն անցկացվել են 2019 թվականի հոկտեմբերին Հնդկաստանի հարավային Մամալապուրամ քաղաքում։

Տեսանյութեր

Լրահոս