
Վրաստանի հետ հարաբերություններն ամենացածր մակարդակում են․ ԵՄ դեսպան

Վրաստանի և Եվրամիության միջև հարաբերություններն իրենց պատմության մեջ ամենացածր մակարդակում են՝ Վրաստանի իշխանությունների գործողությունների պատճառով, հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։
«Ինչպես գիտեք՝ Վրաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները, ցավոք, պատմական մինիմումի են հասել․ Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը կասեցվել է, իսկ ԵՄ առաջնորդները հստակ հայտարարել են, որ դա Վրաստանի իշխանությունների գործողությունների պատճառով է»,- ասել է ԵՄ դեսպանը ճեպազրույցի ժամանակ։
Գերչինսկին նաև կոչ է ուղղել վրաց ժողովրդին՝ ակտիվ մասնակցել խորհրդարանական ընտրություններին, որոնք տեղի են ունենալու հոկտեմբերի 26-ին։
«Խնդրում եմ՝ գնացեք և քվեարկեք։ Եվ խնդրում եմ՝ կընտրեք այնպիսի կառավարություն, որը կներկայացնի ձեր ցանկությունները, ձեր ձգտումները»,- ասել է Վրաստանում ԵՄ դեսպանը՝ հավելելով, թե ինքը «հպարտություն, ուրախություն է զգացել», «երջանիկ է եղել», երբ կիրակի Վրաստանի ընդդիմության երթի ժամանակ մասնակիցներն իրենց ձեռքերին ԵՄ դրոշներն են պահել։
Նշենք, որ Վրաստան-ԵՄ, Վրաստան-ԱՄՆ հարաբերությունները կտրուկ վատացել են երկրում «Օտարեկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումից հետո։