Վիգեն Քոչարյանը երբևէ պատասխանելու է` ի՞նքն էր Կարեն Անդրեասյանի հետ քննարկում նիստերի դահլիճ փաստաբաններիս ներս չթողնելու հարցը, թե՞ մեկ այլ ԲԴԽ անդամ. Դավիթ Հարությունյան

Նախորդ տարվա հուլիսի 3-ին ապօրինաբար ԲԴԽ-ի կողմից լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԲԴԽ նախկին ու ներկա անդամներ Վիգեն Քոչարյանի և Հայկ Գրիգորյանի՝ Վճռաբեկ դատարանի դատավոր դառնալու հարցի ԱԺ-ում քննարկմանը:

«Այս պահին քննարկվում է Վիգեն Քոչարյանի և Հայկ Գրիգորյանի թեկնածությունը Վճռաբեկ դատարանի պաշտոնում:

Այս առիթով ցանկանում եմ մի քանի հարցադրում կամ արձանագրում կատարել:

ԲԴԽ-ն Դավիթ Հարությունյանի գործով արձանագրել է, որ վարույթի նյութերը հրապարակելու արգելք չկա, քանի որ նա այլևս դատավոր չէ:

2024 թվականի հոկտեմբերի 7-ին ԲԴԽ անդմաներին ներկայացվել էր բացարկի միջնորդություններ:

ԲԴԽ-ն բացարկները մերժել է առանց որևէ պատճառաբանության. Արևէ անդրադարձ չի եղել, բոլոր հարցերը մնացել են անպատասխան:

Հոկտեմբերի 18-ին ԲԴԽ-ն Հայկ Գրիգորյանի մասնակցությամբ արձանագրել է, որ Սահմանադրական դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումը կատարման ենթակա չէ:

Հայկ Գրիգորյանին ներկայացված բացարկի` 1.6.-1.62-րդ կետերում նշվածը (տես՝ «ա)» կետը), նույնությամբ վերաբերելի է ԲԴԽ-ի կողմից վճռաբեկ դատարանի դատավորի թեկանածու առաջադրված Վիգեն Քոչարյանին:

Վիգեն Քոչարյանը և Հայկ Գրիգորյանը ԲԴԽ-ի կողմից առաջադրվել և հավակնում են դառնալ Վճռաբեկ դատարանի դատավոր:

Վիգեն Քոչարյանը երբևէ պատասխանելու է այն հարցին, թե արդյո՞ք ինքն էր Կարեն Անդրեասյանի հետ քննարկում ԲԴԽ դատական նիստերի դահլիճ փաստաբաններին ներս չթողնելու հարցը, թե՞ զրուցակիցը մեկ այլ ԲԴԽ անդամ է եղել (տես բացարկի` 21-22-րդ կետեր` «բ»-ն):

Վիգեն Քոչարյանը երբևէ պատասխանելու է այն հարցին, թե արդյո՞ք համակարծիք է Կարեն Անդրեասյանի հետ, թե նորմատիվ իրավական ակտում բառի` եզակի թվով նշված լինելու դեպքում այն հոգնակի հասկանալը ու դրա մասին դատավորների, փաստաբանների, արդարադատության նախարարության աշխատակիցների, կարգադրիչների ներկայությամբ հարցեր բարձրացնելը գիտական քննարկում է համարում, թե՞ ոչ կամ՝ արդյո՞ք մինչ այս պահն այն կարծիքին է, որ եթե որևէ օրենքում որևէ բառ գրված է եզակի թվով, ապա այդպես էլ պետք է հասկանալ, թե վերջապես ԲԴԽ համապատասխան նիստից փոխել է իր գիտական մոտեցումը: (տես բացարկի 1.54-րդ կետը` «գ»-ն):

Վերը նշված ու այլ մի քանի հարցը ծագել է ընդամենը մի գործով կատարածի շրջանակներում: Եթե հարցերի պատասխանները չտրվեն փոքր իրավաբանական համայնքում դրանք անընդհատ ծագելու են:

ա) 1.60. ԲԴԽ-ն այն կազմով (Ե.Թումանյանց, Հ.Գրիգորյան, Ա.Աթաբեկյան, Ք.Մկոյան, ինչպես նաև տվյալ պահին բացարկ հայտնած Կ.Անդրեասյան, ու ժամկետը սպառված, նույն ԲԴԽ կողմից վճռաբեկի դատավոր առաջադրված Վ.Քոչարյան) որ դադարեցրել են դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները, ավելի վաղ քննելով դատավորներ Անտոնյանի, իսկ հետո Ա.Բարսեղյանի, Տ.Պետրոսյանի, Ա.Խառատյանի գործերը կայացրել են որոշումներ` արձանագրելով, որ նշված դատավորները 10 և ավելի տարի առաջ խախտել են անձի հիմնարար իրավունքներ, դրանով իսկ հեղինակազրկել են դատական իշխանությունը, հետևաբար, ըստ ԲԴԽ-ի, նշված` փորձառու և վճռաբեկ դատարանի հեղինակավոր դատավորները իրավունք չունեին շարունակել գործունեությունը:

Հարկ է փաստել, որ խոսքը վերաբերում է բացառապես ԲԴԽ դիրքորոշմանը, դա հենց ԲԴԽ դիրքորոշումն է, դիմողը հիշյալ դատավորների գործով նման կարծիք չի հայտնում: Դեռ ավելին`սույն միջնորդության համապատասխան կետում դեռևս հիշյալ օրենքի մասին գրավոր դիրքորոշումը հրապարակել է, որը վերաբերել է անձի վիճակը վատթարացնող օրենքի հետադարձ ուժի կիրառմամբ պատասխանատվություն սահմանելուն, ինչի մասին խիստ բացասական կարծիք է հայտնել նաև Վենետիկի հանձնաժողովը:

Ընդ որում ԲԴԽ-ն հարց էր բարձրացրել (տես այդ որոշման 5.1.-5.2.կետերը), թե արդյոք տաս տարուց ավելի առաջ կայացված որոշումներով թույլ են տրվել օրենքների պահանջների ենթադրյալ խախտումներ, և արդյո՞ք այդ քաղաքացիական գործով Դատավորների կողմից թույլ տրված ենթադրյալ խախտումն Օրենսգրքի իմաստով կարող է գնահատվել, որպես էական կարգապահական խախտում, որն ակնհայտորեն պայմանավորված է դատական իշխանության անկախության և անաչառության ապահովման, դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության և իրավունքի գերակայության հանրային շահերով:

ԲԴԽ-ն, բնականաբար այդ հարցերին տվել էր դրական պատասխան:

Հիմա եթե նույն տեստն արվի կամ հարց տրվի ԲԴԽ-ի մասով, թե արդյո՞ք կատարել են խախտումներ և ԲԴԽ անդամների կողմից թույլ տրված ենթադրյալ խախտումն Օրենսգրքի իմաստով կարող է գնահատվել, որպես էական կարգապահական խախտում, որն ակնհայտորեն պայմանավորված է դատական իշխանության անկախության և անաչառության ապահովման, դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության և իրավունքի գերակայության հանրային շահերով, ապա, թերևս Սահմանադրական դատարանի որոշումը հիմք ընդունելու դեպքում ևս կստանանք դրական պատասխան:

Հիմա հարց է առաջանում, այն պայմաններում, որ նշված ԲԴԽ դատավոր և ոչ դատավոր անդամներն ունեն դիրքորոշում, որ ԲԴԽ-ն դատարան է, իրենք էլ դատավորներ են, ապա ինչպե՞ս է ստացվում, որ իրենք խախտում են անձի (տվյալ դեպքում դիմողի) հիմնարար իրավունքները, ու իրենք իրենց գործողություններում գոնե կարգապահական պատասխանատվության խնդիր չեն տեսնում:

Արդյո՞ք գոնե ինքնաբացարկի հիմքեր չեն տեսնում, երբ արաձանագրված է, որ խախտել են անձի սահմանադրական հիմնարար իրավունքները` արդար դատաքնության անքակտելի բաղադրամասերից` մասնավորապես հրապարակայնության և լսված լինելու իրավունքը:

Ընդ որում, հարկ է ընդգծել, որ Սահմանադրական դատարանի որոշման մեջ արձանագրվել է ոչ թե վիճարկվող օրենքների հակասահմանադրականություն կամ օրենքի բացի խնդիր, ինչը կարող էր կիրառողի մեղավորությունը որոշակիորեն բացառեր, այլ հստակ նշված է, որ ԲԴԽ սխալ է մեկնաբանել ու կիրառել սահմանադրական և բոլոր կիրառելի օրենսգրքերում սահմանված` արդար դատաքննության հիշյալ սկզբունքները:

Այս առումով հարկ է ևս մեկ անգամ մեջբերել Սահմանադրական դատարանի բառացի արձանգրումները.
​(…)

Դատական նիստի դռնփակ լինելը չպետք է քողարկող միջոց հանդիսանա «ստվերային արդարադատության» իրականացման համար։
(…)

Սահմանադրական դատարանը գտնում է, որ Խորհրդի կողմից Սահմանա-դրական օրենքի 90-րդ հոդվածի վիճարկվող 6-րդ մասին տրված մեկնաբանությունը չի համապատասխանում նշված նորմի սահմանադրաիրավական նշանակությանն ու բովանդակությանը եւ այդպիսով չի ապահովում Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ դատական վարույթի հրապարակայնության սահմանափակման պահանջները՝ հանգեցնելով Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ գործի հրապարակային քննության իրավունքի խախտման:

Ողջ վերոշարադրյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ «արդարադատության շահ» ձեւակերպումը վերաբերում է Բարձրագույն դատական խորհրդում քննվող կոնկրետ կարգապահական գործով արդարադատության արդյունավետ եւ անխոչընդոտ իրականացմանը:
(…)

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերոնշյալը հավա- սարապես վերաբերելի է նաեւ դատավորների կարգապահական վարույթներին, որոնք առանձնանում են ոչ միայն սուբյեկտային կազմի եւ գործունեության ոլորտի յուրահատկություններով, այլեւ հանրային շահի բարձր գործակցով։
Խորհրդի սահմանադրաիրավական առաքելության կիզակետը դատարանների եւ դատավորների անկախության երաշխավորումն է։ Խորհուրդը Սահմանադրությամբ օժտված է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու եւ դատավորների լիազորությունները դադարեցնելու սահմանադրաիրավական բացառիկ մենաշնորհով, որի շրջանակներում հանդես է գալիս որպես դատարան:

Այդ համատեքստում, Խորհուրդը յուրաքանչյուր դեպքում պետք է կար- գապահական վարույթի շրջանակներում դատավորի նկատմամբ ցուցաբերի վերջինիս բարձր կարգավիճակին համարժեք վերաբերմունք։ Խորհրդի սահ- մանադրաիրավական առաքելությունը պետք է իր պատշաճ կենսագործումը գտնի դատավորի անկախության եւ հեղինակության ապահովման, մասնագիտական արժանապատվության եւ արդարադատության շահերի գերակայության գի- տակցման համատեքստում։
​(…)

Ամբողջացնելով սույն սահմանադրաիրավական վեճի պատկերը՝ Սահմա- նադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող դրույթի նմանօրինակ մեկնաբանման եւ կիրառման հետեւանքով ոչ իրավաչափ կերպով սահմանափակ- վել է Դատավորի՝ շահերի ներկայացվածության երաշխավորման իրավունքը, ինչպես նաեւ սահմանափակվել է

Դատավորի լսված լինելու իրավունքը, ինչի վկա- յությունն է խնդրո առարկա սանկցիայի կիրառման հետեւանքով առաջացած՝ նրա կողմից իր դիրքորոշումը, առնվազն եզրափակիչ խոսքի միջոցով ներկայացնելու անհնարինությունը: Այս համատեքստում Սահմանադրական դատարանը շեշտա- դրում է, որ խնդրո առարկա դատական սանկցիայի կիրառումը բոլոր դեպքերում չպետք է հանգեցնի անձի լսված լինելու իրավունքի չեզոքացման:

Ողջ վերոշարադրյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի շրջանակներում «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիան կարող է կիրառվել այն պայմաններում, երբ Խորհուրդը կգործադրի բոլոր հնարավոր եւ անհրաժեշտ ջանքերը՝ դահլիճից հեռացվող դատավորի լսված լինելու իրավունքն ապահովելու համար:
​​(…)

Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով:
(…)

Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Այսպիսով` ստացվում է, որ ԲԴԽ-ն, մասնավորապես վճռաբեկ դատարանի հիշյալ դատավորների գործով նշել էր. «Խորհուրդը գտնում է, որ Դատավորների կողմից թույլ են տրվել արդար դատաքննության իրավունքի խախտումներ և դրանք ակնհայտորեն պայմանավորված են դատական իշխանության անկախության և անաչառության ապահովման, դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու, դատական իշխանության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության և իրավունքի գերակայության ապահովման հանրային շահով»:

Հիմա ողջամիտ ու պարզ հարց է առաջանում, եթե ԲԴԽ-ն վճռաբեկ դատարանի դատավորների կողմից հայցվոր կազմակերպության իրավունքների խախտումները պայմանավորում է դատական իշխանության անկախության և անաչառության ապահովման, դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու, դատական իշխանության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության և իրավունքի գերակայության ապահովման հանրային շահով, ապա իր իսկ պարագայում, երբ հենց ԲԴԽ-ի անմիջական սահմանադրական առաքելությունն է դատական իշխանության անկախության և անաչառության ապահովման, դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու, դատական իշխանության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության և իրավունքի գերակայության ապահովումը, և հենց նույն ԲԴԽ-ն այդ խախտումները գործում է իր դատին տրված դատավորի նկատմամբ, ապա արդյոք գոնե իր իսկ մոտեցմանը համահունչ առկա չէ դատական իշխանության հեղինակազրկում:

Ընդհանրապես, եթե դատական սխալի արդյունքում արված հեղինակազրկման արձանագրումը հնարավոր է անել տաս տարուց ավելի առաջվա մասնավոր, թերևս ոչ այդքան հնչեղ կամ թեկուզ հնչեղ գործով, ապա արդյոք հեղինակազրկում չէ դատավորների կարգապահական վարույթներով արվածը, որոնք առանձնանում են ոչ միայն սուբյեկտային կազմի և գործունեության ոլորտի յուրահատկություններով, այլեւ հանրային շահի բարձր գործակցով(տես ՍԴ Որոշումը):

Դեռ ավելին` հնարավոր է արդյոք պատկերացնել կամ համադրել դատավորների կատարած խախտումները իրենց վարույթում քննվող գործերով ԲԴԽ կատարած խախտումների հետ:

Այն պայմաններում երբ Խորհրդի սահմանադրաիրավական առաքելության կիզակետը դատարանների և դատավորների անկախության երաշխավորումն է ու այդ մարմինը դատավորի նկատմամբ սխալ է մեկնաբանում ու կիրառում օրենքները` դադարեցեցնելով նրա լիազորությունները:
Հարց է առաջանում, արդյոք այստեղ էլ չկա դատական իշխանության հեղինակազրկման հարց:

Առնվազն կարգապահական պատասխանատվության ու բացարկի հարցի անտեսման պարագայում կարող է փաստվել, թե ԲԴԽ-ն ոչ միայն քննադատության ենթակա չէ (ինչպես փաստացի իրենք էինք իրենց վերաբերյալ արձանագրել Որոշման մեջ) ու վեր է դրանից, այլև նրանց թույլատրված է նաև անպատասխան սխալվելու իրավունք:

1. 61. Թերևս, եթե ԲԴԽ-ն հավատարիմ մնա ոչ վաղ անցյալում` մեկ-երկու տարի առաջ նույն կազմով իր իսկ արձանագրած դիրոքորոշումներին, ապա միակ տարբերությունն իր խախտումների ու մյուս դատավորներին իր կողմից վերագրածի կայանում է նրանում, որ իր խախտումները այս պահին արձանագրված է ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից, իսկ մյուս դատավորներինը` ՄԻԵԴ-ի կողմից:

Նման պայմաններում, եթե ԲԴԽ-ն ընդունում է Սահմանադրական դատարանի իրավազորությունը և որոշման կատարման համապարտադիրությունը, ապա որևէ տարբերություն այս պարագայում չի առաջանում: Ընդ որում` Սահմանադրական դատարանի իրավազորության և որոշման կատարման համապարտադիրությունը չընդունելու դատողությունը մեծամասամբ պայմանավորված է` ա) այս պահին ԲԴԽ կողմից կիրառվող ընթացակարգերով ու գործողություններով (օրինակ, ի հակառակ ՍԴ արձանագրումների դռնփակ դատավարությունը շարունակելուն) և բ) Կարեն Անդրեասյանի` 2024 թվականի հունիսի 13-ին Ազգային ժողովում հայտնածից, որ պատգամավորներն իր խոսքից նման տպավորություն են ստացել, գ) նախարար Մինասյանի հավանությանն արժանացած` խորհրդականի հանրային հեռուստաընկերության եթերով արված պնդումով այն մասին, որ Սահմանադրական դատարանն անցել է իր լիազորությունները:

Այդուհանդերձ` այս պահին օրինական ու վերջնական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջները վերջնականապես չկատարելու հետևանքների մասին խոսելը դեռևս կարող է վաղաժամ լինել:

1.62. Հետևաբար` քանի դեռ, մինչ այն պահը, երբ ԲԴԽ կողմից չի փաստվել, որոշմամբ արձանագրվել Սահմանադրական դատարանի որոշման պահանջների կատարման ցանկության բացակայության մասին, որևէ տարբերություն չի կարող լինել ՄԻԵԴ-ի իրավազորության ու որոշումների կատարման համապարտադիրության սկզբունքի հետ, ու դրան համապատասխան էլ պետք է այդ համատեքստում քննարկվի դիմողի վերաբերյալ գործով որոշումը կայացրած անձանց նկատմամբ կարգապահական վարույթի նախաձեռնման կամ առնվազն այն պահին բացարկի ընդունման հարցը:

2. Մինչ պահանջի ու դրա քննարկման հերթականության վերջնական ձևակերպումը հարկ է կրկին փաստել, որ ավելի վաղ բացարկի միջնորդություններ չեն ներկայացվել, քանի որ

Դիմումը քննվել ու քննվում է կողմի համար անհասկանալի չբացահայտված ընթացակարգերով, իրավունքներն ու դրանց իրացնելու հնարավորությունը չի պարզաբանվել: Միայն սեպտեմբերի 17-ի նիստի ուսումնասիրությամբ է պարզվել ԲԴԽ արձանագրումն այն մասին, որ կողմը կարող է ներկայացնել ինքնաբացարկի միջնորդություն ցանկացած փուլում:

Մինչդեռ` մինչ այդ տեղի ունեցած առաջին` 2024թվականի սեպտեմբերի 4-ի դատական նիստի մասին նույնիսկ չի էլ ծանուցվել կամ տեղեկացվել: Դեռ ավելին մինչև հոկտեմբերի 7-ը դիմողին չի տրամադրվել մյուս կողմին` նապարարին, ուղարկված հարցադրումների վերաբերյալ պատասխան կամ դիրքորոշում, չի տրվել ներկայացուցիչ Զորայր Հարությունյանի միջնորդության վերաբերյալ պատասխան, այդուհանդերձ Դիմողը ցանկանում է փորձել իրացնել բացարկ ներկայացնելու իրավունքը, որպիսի կանխվի առավել վտանգավոր հետևանքների վրա հասնումը ոչ պատշաճ ու կողմնակալ կազմի կողմից որոշումներ կայացնելու պարագայում և որը կարող էր արդյունավետ լինել միայն պարզաբանումներ ստանալուց հետո: Բացարկի միջնորդություն ներկայացնելու արդյունավետությունը չի բխում նաև բանավորությունից զրկված լինելու, հրապարակային դատական նիստում այն ներկայացնելու հնարավորության բացակայության պայմաններում:

բ)
21. Դատական նիստի ընթացքում Դիմումատուն հետևողականորեն պահանջել է Խորհրդից ապահովել իր պաշտպանության իրավունքի իրացումը, սակայն Խորհրդի կողմից վերջինիս շարունակական պահանջը գնահատվել է որպես անհարգալից վերաբերմունք և որոշում է կայացվել նրա նկատմամբ դատական սանկցիա կիրառելու և դատական նիստերի դահլիճից հեռացնելու մասին։

Մասնավորապես` 2023 թվականի հունիսի 26-ին տեղի ունեցած դատական նիստի արձանագրությունը ունի հետևյալ բովանդակությունը.

«(…) Դավիթ Հարությունյան- Իսկ գիտե՞ք, որ դրան հաջորդող օրերին, նոյեմբերի 26-ին, այդ հանդիպմանը մասնակցած բոլոր դատավորներին, երևի թե 70-80 հոգի, քրեական մասնագիտացմամբ, ուղարկվել է նախագիծ՝ կարծիք հայտնելու համար: Տեղյա՞կ եք, թե՞ ոչ:

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա․Սուջյան – Պարոն Հարությունյան, ուղղակի, ամենայն հարգանքով Ձեր նկատմամբ, եթե այս տրամաբանությամբ ենք մենք շարունակելու, ես ուղղակի ստիպված եմ լինելու հրաժարվել Ձեր կողմից բարձրացվող բոլոր հարցերին պատասխանելուց:

Դավիթ Հարությունյայն- Այսինքն ինչ եք անում, բողոքի ձա՞յն է:

Կարեն Անդրեասյան – Ոչ, դա իրենց իրավունքն է:

Դավիթ Հարությունյան- Ի՞նչն է իրենց իրավունքը, ընդհանրապես հրաժարվել պատասխանե՞լ:

Կարեն Անդրեասյան- Այո:

Դավիթ Հարությունյան – Ես գտնում եմ, որ սա նախագահողի կողմից ուղղորդող դիտարկում է, ուղղորդում է նախարարության ներկայացուցչին դատավորի որևէ հարցի չպատասխանել, հետևաբար կրկին միջնորդում, պահանջում եմ, որպեսզի քննարկվի ինձ փաստաբանով ապահովելու հարցը, դրա համար հատկացնել 5 րոպե: Ես ի վիճակի չեմ պայքարել իմ իրավունքների համար, երբ իմ դեմ իմ դատավարական հակառակորդը ոչ թե նախարարությունն է, լիազոր մարմինն է, այլ ԲԴԽ նախագահն է, ով նույնիսկ թե՛ նախորդ դատական նիստում, թե՛ այս դատական նիստում չի հարգում ԲԴԽ անդամների տված հարցերը, չի թույլատրում դատավորն արձագանքի ԲԴԽ անդամների տված հարցերին, հատկապես դատավոր անդամների կողմից ներկայացվող առաջարկություններին և հարցադրումներին:

Ես պահանջում եմ ապահովել իմ պաշտպանության իրավունքը, ես ի վիճակի չեմ առաջնորդվել այնպիսի կանոններով, որոնք գրված չեն, որոնք սահմանվում են բացառապես ԲԴԽ նախագահի կողմից, քանի որ ես գտնում եմ, որ իմ դատավարական հակառակորդը միայն Դուք (ԲԴԽ նախագահ) եք, խնդրում եմ ԲԴԽ անդամներին դնել այս հարցը քվեարկության, հինգ րոպե ժամանակ տրամադրել ինձ, ես իմ պաշտպանության իրավունքը կազմակերպեմ, ես այլևս հնարավորություն չունեմ անձամբ այս պայմաններում. նստի, վեր կաց, նորից նստի, նման պայմաններում ես հնարավորություն չունեմ նաև ֆիզիկապես ներկայացնելու իմ շահերը:

Կարեն Անդրեասյան- Զբաղեցրեք Ձեր տեղը, պարոն Հարությունյան: Քանի որ կողմը հայտարարեց, որ նպատակահարմար չի գտնում պատասխանել հարցերին, այժմ նախարարությանը կարող են հարցեր տալ բարձրագույն դատական խորհրդի …

Դավիթ Հարությունյան- Ես առարկում եմ Ձեր գործողությունների դեմ, Դուք զրկում եք իմ տարրական իրավունքները իրացնելու հնարավորությունից:

Կարեն Անդրեասյան- Մի բղավեք …

Դավիթ Հարությունյան- ԲԴԽ անդամներին հետաքրքիր չի՞: Կոնկրետ բարձրագույն դատական խորհրդին հետաքրքիր չի՞ այդ նվազագույն իրավունքի ապահովումը:

Կարեն Անդրեասյան– Ես Ձեզ նախազգուշացնում եմ, որ, եթե Դուք բղավեք ինձ վրա…

Դավիթ Հարությունյան- Ուրեմն, Դուք ապօրինի գործողություններ եք կատարում, Դուք ապօրինաբար զրկում եք ինձ իմ տարրական իրավունքներից:

Կարեն Անդրեասյան – Ես Ձեզ նախազգուշացնում եմ, որ եթե Դուք ինձ զուգահեռ գոռաք և իմ վրա բղավեք, ապա կա սանկցիա՝ դուրս հրավիրելու …

Դավիթ Հարությունյան- Ուրեմն, եթե սանկցիա պիտի կիառեք, որոշեք, կիրառեք, բայց Դուք արձանագրեք, որ պահանջում եմ բարձրագույն դատական խորհրդից ապահովել իմ նվազագույն իրավունքները, քանի որ Անդրեասյանի կողմից դիտավորությամբ, միտումնավոր կատարվում են գործողություններ՝ ապօրինաբար իմ լիազորությունները դադարեցնելուն:

Կարեն Անդրեասյան- Զբաղեցրեք Ձեր տեղը, եթե մի անգամ էլ ինձ զուգահեռ խոսեք, ձայն բարձրացնեք ինձ վրա, ես ստիպված կլինեմ հրավիրել խորհրդին խորհրդակցական սենյակ՝ Ձեր նկատմամբ սանկցիա կիրառելու: Հիմա շարունակում ենք, խորհրդի անդամները հարցեր ունե՞ն նախարարությանը:

Դավիթ Հարությունյան- Ես առարկում եմ Ձեր գործողությունների նկատմամբ, պահանջում եմ հենց հիմա ապահովել իմ պաշտպանության իրավունքը, հարցեր տալու իրավունքը:

Կարեն Անդրեասյան- Ես ստիպված եմ խորհրդին հրավիրել սանկցիա կիրառելու հարցը քննարկելու:
Խորհուրդը հեռացել է ու վերադարձել խորհրդակցական սենյակից:

Կարեն Անդրեասյան- Բարձրագույն դատական խորհուրդը, հիմք ընդունելով վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածը՝ «դատական սանկցիաները և դրանց կիրառման ընդհանուր կարգը» վերտառությամբ, որոշեց կիրառել հետևյալ սանկցիան. դատական նիստերի դահլիճից Դավիթ Հարությունյանին հեռացնելու վերաբերյալ, սակայն ըստ նույն հոդվածի 4-րդ կետի, եթե անձը ընդունում է իր արարքի հակաիրավականությունը և հայցում դատարանի ներողամտությունը, ապա նշված անձի նկատմամբ դատական սանկցիան կարող է չկիրառվել: Պարոն Հարությունյան, Դուք ընդունու՞մ եք Ձեր արարքի հակաիրավականությունը՝ իմ վրա բղավելու, ինձ ընդհատելու վերաբերյալ և եթե հայցում եք դատարանի ներողամտությունը, ապա բարձրագույն դատական խորհուրդը կարող է և չկիրառել այս սանկցիան:

Դավիթ Հարությունյան- Այսինքն՝ չի՞ կիրառվել, թե կիրառվում է և հիմա ես այդ մասին իմ դիրքորոշումն եմ հայտնում:

Կարեն Անդրեասյան- Ոչ, եթե ընդունում եք, հասկացաք Ձեր արարքի հակաիրավականությունը և զղջում եք դրա համար, ապա բարձրագույն դատական խորհուրդը, տեղում քննարկելով, կարող է և չկիրառել այդ սանկցիան:

Դավիթ Հարությունյան- 2001 թվականին Կիպրոսում մի դատավարություն է տեղի ունեցել, որտեղ փաստաբանը եղել է հարգարժան Կիպրիանուն: Երբ հարցաքննության փուլում սպանության գործով խաչաձև հարցումներ է տվել, նախագահողի կողմից այդ իրավունքը սահմանափակվել է և Կիպրիանուն առաջարկել է նախագահողին, նշել է, որ եթե չի թույլատրում հարցեր տալ, ապա գոնե վարույթից հեռացնի, որովհետև ի վիճակի չի իրականացնել իր վստահորդի որակյալ պաշտպանությունը, ինչի համար, որ կոչված է եղել նա:

Նախագահողը, մեկ այլ հարգարժան դատավոր, վերջինիս նկատմամբ կիրառել է դատական սանկցիա և հանդես է եկել համանման առաջարկությամբ, այն ինչը որ մոտավորապես Դուք ինձ առաջարկեցիք: Կիպրիանույի բառերը չեմ կարող վերարտադրել, բայց հետևյալն է. <<ինչպես բա ես Ձեզ պետք է վերաբերվեմ>>, անգլերեն է, չեմ հիշում, ինչ անեմ բա ես հիմա: Հիմա Դուք տեսեք, ես խնդրում եմ Ձեզանից, խորհրդից, պահանջում եմ, որպեսզի նա ապահովի իմ պաշտպանության իրավունքը, ասում եմ քննարկեք, եթե Դուք իմ հարցերը հանում եք, գտնում եք դա էությանը չի վերաբերում, ուրեմն գոնե բերեք փաստաբան, որը այդ հարցերը տալու հնարավորություն ունենա: Պարոն Քոչարյան, եթե բան ունեք ասելու բարձր ասեք, ես Ձեզ ուշադիր լսեմ:

Կարեն Անդրեասյան- Այսինքն, Դուք շարունակում եք դիտողություններ անել, Դուք շարունակում եք վարել…

Դավիթ Հարությունյան – Դիտողություններ չեմ անում, թույլ տվեք ավարտեմ:

Կարեն Անդրեասյան- Լսում եմ:

Դավիթ Հարությունյան- Եթե Դուք գտնում եք, որ հարցերս, ըստ էության, չեն վերաբերում, գոնե թույլ տվեք փաստաբան գա, ըստ էության տա, կամ ինձ շրջանակ ասեք հարցերի, որոնց վերաբերյալ ես այդ հարցերը տամ կողմին: Եթե գտնում եք, որ ես կարգ եմ խախտել, թեև ես այդպես չեմ գտնում, բայց ես դրա համար պատրաստ եմ ներողություն խնդրել խորհրդի անդամներից: Եթե ինձ հնարավորություն տրվի, ես իմ հարցերը մասնավորապես շարունակեմ կամ քննարկվի պաշտպանության իրավունքի ապահովման հարցը:

Կարեն Անդրեասյան- Այսինքն, Դուք, ըստ էության, չեք հասկանում Ձեր արարքի հակաիրավական լինելը:

Դավիթ Հարությունյան- Ո՞րն է հակաիրավական, պարոն Անդրեասյան:

Կարեն Անդրեասյան– Բղավելը, ինձ ընդհատելը, նախագահողին չհարգելը:

Դավիթ Հարությունյան- Նախագահողին չէ, բարձրագույն դատական խորհրդի, կոնկրետ ինստիտուտի նկատմամբ, ես բազմիցս նշել եմ, պնդում եմ, որ ունեմ հարգանք:

Կարեն Անդրեասյան– Բայց նախագահողի հանդեպ չունեք:

Դավիթ Հարությունյան – Ես նախագահողի հանդեպ ներկայացրել եմ բացարկի միջնորդություն:

Կարեն Անդրեասյան – Հասկանալի է, զբաղեցրեք Ձեր տեղը:

Դավիթ Հարությունյան – Թույլ կտա՞ք ավարտեմ:

Կարեն Անդրեասյան – Ոչ: Ավարտեցիք:

Դավիթ Հարությունյան – Եթե սանկցիա եք կիրառում, թույլ տվեք …

Կարեն Անդրեասյան – Հարգելի գործընկերներ…

Դավիթ Հարությունյան – Պարոն Անդրեասյան, թույլ չե՞ք տալիս ավարտեմ:

Կարեն Անդրեասյան – Ոչ, որովհետև ես չեմ տեսնում ոչ՛ զղջում, ոչ՛ էլ ընկալում…

Դավիթ Հարությունյան – Ես դեռ չեմ խոսել, որտեղի՞ց տեսնեիք:

Կարեն Անդրեասյան- Արդեն հիմա ակնհայտ է, որ Դուք չեք ընկալում, խնդրում եմ կարգադրիչին դուրս հրավիրել, մենք կվերադառնանք 10 րոպեից նիստը շարունակելու:

Դավիթ Հարությունյան – Պարոն Անդրեասյան, թույլ տվեք ավարտեմ, միգուցե ներողություն եմ խնդրում, թույլ տվեք ավարտեմ:

Դատավորին դատական նիստերի դահլիճից հեռացնելուց հետո:

Կարեն Անդրեասյան- Հարգելի գործընկերներ, շարունակվում է դատավարությունը, և այժմ նախարարությանը հարցեր կարող են տալ բարձրագույն դատական խորհրդի անդամները: Համեցեք տիկին Մկոյան:
(…)

ժամը 16։45-ին ԲԴԽ դատավոր անդամ Աթաբեկյանը հարցեր է ուղղում ԱՆ ներկայացուցչին, իսկ զուգահեռ՝ միևնույն ժամանակ Կարեն Անդրեասյանն իրեն զեկուցող կարգադրիչի հետ ցածրաձայն, շշուկով խոսում է.

Կարեն Անդրեասյան – Ի՞նչ են ուզում
(…)

Կարեն Անդրեասյան- «Չէ, ոչ մեկին մի՛ թող, ասա պետք չի ներս գան։

​Շարունակվում է հարց ու պատասխանի փուլը, ժամը 16։49-ին ԲԴԽ անդամ Թումանյանցը հարցեր է տալիս ԱՆ ներկայացուցչին, մինչդեռ դրան զուգահեռ Կարեն Անդրեասյանն ու մեկ այլ ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը, շշնջում են միմյանց հետ.
(…)

Կարեն Անդրեասյան – Բա հիմա ի՞նչ պտի անենք։

Վ.Ք. – Ներքևը չեն թողնո՞ւմ։

Կարեն Անդրեասյան – Չէ:
(…)
Ժամը 16։50-ին.

Կարեն Անդրեասյանն արդեն բարձրաձայն դիմում է ներկա գտնվողներին, թե արդյոք կան այլ հարցեր ու շարունակում.

Կարեն Անդրեասյան – «Այլ հարցե՞ր, չկա՞ն. Հարցուպատսխանի փուլն էլ ավարտվեց: Այժմ պետք է միջնորդության վերաբերյալ պատասխան ներկայացներ դատավոր Դավիթ Հարությունյանը, բայց քանի որ նիստերի դահլիճից հեռացվել է, և բացի այդ էլ փա… հինգ ներկայացուցիչները չեն ներկայացել տարբեր պատճառաբանություններով. այս փուլն անցնում ենք, և հետևաբար չենք կարող նաև հարցեր ուղղել նաև, ցավոք, ո՛չ պարոն Հարությունյանին, ո՛չ էլ՝ էս հինգ ներկայացուցիչներից որևէ մեկին։ Այժմ խորհուրդն անցնում է վարույթի շրջանակներում ներկայացված նյութերի հրապարակմանը։
(…)

ժամը 16։51-ին.

Կարեն Անդրեասյան– Առարկություն չկա՞. և <<ը, ո նաա, ու ա> խորհրդի անդամները ևս չէ՞ համակարծիք են, որ կարիք չկա հատ առ հատ բոլորը նորից ուսումնասիրեն, նամանավանդ անդրադարձ կատարվել է: Բոլորը համաձայն են. լռությամբ հաստատեցին:
(…)

Նաև ֆիքսենք, որ սկավառակը առկա է, գործին կցված է որպես անաչառ, օբյեկտիվ դիտելու համար որպես առանձին ապացույց։

Կարեն Անդրեասյան – Եզրափակիչ ելույթի կարիք զգու՞մ ա նախարարության կողմը։

​ԱՆ ներկայացուցիչ – Ոչ

Կարեն Անդրեասյան – Այդ դեպքում խորհուրդը հեռանում է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։ Հայտարարեմ, որ որոշումը կրապարակվի հուլիսի 3–ին՝ ժամը 11։30-ին, խնդրում եմ բացակա կողմին պատշաճ ծանուցել հնարավորինս արագ, որպիսի հնարավորություն ստանան օրենքով սահմանված ժամկետում տեղեկանան վճռի հրապարակման մասին։

Շնորհակալություն նիստն ավարտված է»:

22. Դավիթ Հարությունյանին դահլիճից հեռացնելուց քիչ անց, նիստի ընթացքում Խորհուրդ են ժամանել դիմումատուի երկու փաստաբանները, ում Խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը կարգադրիչներին ցածրաձայն տված հրահանգով արգելել է մուտք գործել շենք` դահլիճ, ինչը որոշմամբ ներկայացվել է իբրև կարգադրիչների հավելյալ ուժերի՝ դահլիճ մուտք գործելու արգելք, այն պայմաններում երբ դահլիճում եղել են միայն Նախարարության ներկայացուցիչներն ու Խորհուրդը։ Այդ պայմաններում Կարեն Անդրեասյանը շարունակել է գործի քննությունը` բարձրաձայն ափսոսանք հայտնելով փաստաբանների բացակայության կապակցությամբ:

գ) 1.54. ԲԴԽ գործող անդամների կողմից հիմնականում խմբային շահերով ու օրենքից չբխող շարժառիթներով առաջնորդվելու հավելյալ փաստարկներ են պարունակվում ԲԴԽ ընդունած որոշումներում, նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների նախագծերում.
ա)Այսպես`ԲԴԽ անդամները, պարտավոր լինելով ապահովվել դատական իշխանության անկախությունը, դատավորների բնականոն առաջխաղացումն ու դատական համակարգի կայունությունը, վերջապես` գործեն ու առաջնորդվեն հանրային շահերով, ապահովվում են իրենց իսկ առաջխաղացումները, քվեարկում և առաջնորդվում են սեփական շահերով:

Ընդ որում խոսքը եզակի կամ հնարավոր արժանի առաջխաղացում արձանագրած թեկնածուների մասին չէ:

Ներկայացվում են մասնավորապես Դավիթ Հարությունյանի վարույթի մասնակից ԲԴԽ անդամները.
(…)

Հայկ Գրիգորյանը, մինչև ԲԴԽ նշանակվելը, ունենալով միայն քննչական, դատախազական աշխատանքի փորձ, չունենալով դատավորի փորձառություն, ԲԴԽ կողմից միանգամից առաջադրվում է որպես Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր:

Վիգեն Քոչարյանը, ով հանդիսացել է միջազգային իրավունքի դասախոս, առաջադրվել է ԲԴԽ-ի կողմից որպես Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր:

Եթե ընդունենք, որ Հայկ Գրիգորյանը քրեական արդարադտությանը մոտ կանգնած պաշտոնյա է եղել, ապա ողջամիտ հարց է առաջանում, միայն գործադիրում կարճատև աշխատանքի փորձով միջազգային իրավունքի դասախոս աշխատած ԲԴԽ անդամն ինչ առնչություն կամ փորձառություն ունի քաղաքացիական դատավարության կամ իրավունքի հետ:

Վերջինիս կենսագրությունում բացակայում է այդ առումով ոչ միայն պրակտիկ փորձառությունը, այլև` գիտական կամ դասախոսական փորձի մասին որևէ վկայություն:

Դեռ ավելին` միայն Վիգեն Քոչարյանի մասնակցությամբ ԲԴԽ նիստերի ընթացքում նրա տված պարզաբանումները, հարցերն ու արված դատողությունները, կոմերին իրավունքները պարզաբանելու անկարողությունը բավարար են փաստելու, որ վերջինս Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր աշխատելու մասնագիտական կարողությունները գերագնահատված են: Այլ կերպ` մտահոգիչ են նրա կարողությունները նախադեպային որոշումներ կայացնելու առումով, որով պետք է առաջնորդվեն մյուս ատյանների բոլոր դատավորները:

Օրինակ` Դիմողի գործով վերջինս, չտիրապետելով պրակտիկ իրավաբանների համար օրենքների մեկնաբանման տարրական կանոններին (Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի) դատական նիստում դիրքորոշում է հայտնել ու հետևողական արձանագրումներ, հարցադրումներ արել կողմին այն մասին, որ դատական օրենսգրքում նշվածը, թե դատավորը ԲԴԽ է ներկայանում ներկայացուցչի միջոցով, ապա ներկայացուցիչ ասելով պետք է հասկանալ ընդամենը մեկին, այսինքն չի կարող ներկայանալ ներկայացուցիչների հետ: Ընդ որում` նույնիսկ փաստաբանի ու արդարադատության նախարարության ներկայացուցչի պնդումներից հետո շարունակել է շեշտադրումներով ցիտել ու պնդել իր տեսակետը: Հարցում օգնության է հասել դատավոր անդամ Ք.Մկոյանը` պարզաբանելով օրենքը և քննարկումն ավարտվել է միայն նիստը նախագահողի թեման շարունակելու արգելքի պայմաններում: Ընդ որում դիտարժան է, երբ նշվածը միակ հարցն է եղել, երբ նախարարությունը համակարծիք է եղել մյուս կողմի հետ:

Առավել մտահոգիչը կայանում է նրանում, որ ներկա գնտվող պրոֆեսիոնալ դատավորների ու փաստաբանների ներկայությամբ ոչ դատավոր անդամը նման հարցեր է բարձրացրել, իսկ ԲԴԽ նախագահн այն անվանել է գիտական քննարկում:

Տես դատական նիստերի արձանագրությունները.

Կարեն Անդրեասյան– Խորհրդի անդամները հարցեր ունե՞ն:

ԲԴԽ անդամ Վ.Քոչարյան- Ես ունեմ:

Կարեն Անդրեասյան- Համեցեք պարոն Քոչարյան, հետո պարոն Աթաբեկյան:

ԲԴԽ անդամ Վ.Քոչարյան- Ես հետևյալը կուզենայի հարցնեի՝ արդյո՞ք կարծում եք Դուք բարձրագույն դատական խորհուրդը պետք է հարգի իր սեփական որոշումները, ու մասնավորեցնեմ, կապված նրա հետ, որ որոշում է կայացվել, որպեսզի հարգարժան դատավորը ունենա մինչև չորս ներկայացուցիչ:

Դավիթ Հարությունյան– Պարոն Քոչարյան տեսեք, Դուք դասախոս եք, Հեգելյան սկզբունքներին ծանոթ եք, քանակականից որակական: Քանակը, րոպեները, պաշտպանների քանակը դրանք երկրորդական, երրորդական հարցեր են, այդ չորս պաշտպանը նշանակվեց ֆուտբոլային տրամաբանությամբ, երբ որ հարգարժան արդարադատության կողմը նշեց մենք երեքն ենք, հետո չորսն ենք, ասեցին լավ` 4-4 լիինի: Սա մարտեր առանց կանոնների չի, որ մտնենք ռինգ չորս հոգով հավասար լինենք, <<один на один>> չի:

ԲԴԽ անդամ Վ.Քոչարյան– Հարգարժան դատավոր:

Դավիթ Հարությունյան- Կներեք, թույլ տվեք մինչև վերջ Ձեր հարցին պատասխանեմ: Ես միանշանակ կողմ եմ, որ Դուք…

Կարեն Անդրեասյան– Հարգելի պարոն Հարությունյան, խորհրդի անդամի խոսքը խնդրում ենք չընդհատել:

Դավիթ Հարությունյան- Հարցին եմ ուզում լիարժեք պատասխանեմ:

Կարեն Անդրեասյան- Կներեք պարոն Հարությունյան, հարցին չեր դա:

ԲԴԽ անդամ Վ.Քոչարյան- Խնդրում եմ ավելի հստակ պատասխանեք:

Դավիթ Հարությունյան- Հիմա տեսեք խնդիրը որն է:

Կարեն Անդրեասյան- Կներեք, խորհրդի անդամը հարցը տա:

Դավիթ Հարությունյան– Խնդրեմ, լսում եմ:

ԲԴԽ անդամ Վ.Քոչարյան– Դուք ներկայացրել էիք ցուցակ, եթե ես ճիշտ եմ հիշում, 14 թե 18 ներկայացուցիչների, կարող էր լինել 24, կարող էր լինել 34, կարող էր լինել 84, հիմա բարձրագույն դատական խորհուրդը այդ որոշումն է կայացրել: Արդյո՞ք բարձրագույն դատական խորհուրդը չպետք է հարգի իր սեփական որոշումը:

Դավիթ Հարությունյան– Հարգելի պարոն Քոչարյան Օջալանն ընդդեմ Թուրքիայի գործով Օջալանն ունեցել է 20-ից ավելի պաշտպան, Եվրոպական դատարանը պաշտպանության իրավունքի խախտում է արձանագրել, որովհետև այդ պաշտպանությունը իրական չի եղել, մեկ այլ՝ Վահե Գրիգորյանն ընդդեմ Հայաստանի գործով Վահե Գրիգորյանն ունեցել է 7 թե 8 պաշտպան՝ Եվրոպական դատարանը խախտում չի արձանագրել պաշտպանության իրավունքի: Ես հեռվից եմ գալիս իրավական փաստարկներով: Խնդիրը հետևյալն է՝ ես պաշտպանի անհրաժեշտություն չունեի, կարիք չունեի, ես եկել էի, ինչպես նշեցի, որ զուտ ներկայացնեմ իմ փաստարկները, գործի քննությունը ավարտվի, գնա: Հանդիպեցի աննախադեպ, իմ համար շոկային խախտումների, գտա, որ պաշտպանի դիմելու, իրավական օգնություն ստանալու անհրաժեշտություն կա: Ես էլի եմ նշում, այն ժամանակ էլ եմ նշել, որ փորձեցի համաձայնություն ձեռք բերել փաստաբանների հետ, այսինքն՝ ներկայացնել այն անձանց մասին տեղեկություններ, ովքեր ինձ ցանկություն են հայտնել պաշտպանել, բայց ես նույնիսկ այդ հարցը չէի քննարկել: Հիմա պաշտպանը, եթե թույլ տաք կպատասխանի այս հարցին:

Ե.Սարգսյան- Եթե թույլ տաք ես այս հարցին կպատասխանեմ: Հարգելի խորհուրդ ես գտնում եմ, որ երբ որ խորհուրդը որոշում է կայացնում՝ պետք է իր որոշումը հարգի…

ԲԴԽ անդամ Ա.Աթաբեկյան– Ներողություն եմ խնդրում ես Ձեզ ընդհատեմ, եթե կարելի է այս հարցի հետ կապված: Ոչ թե հարցադրում է, այլ դիտարկում է: Ես ընդամենը ուզում եմ մի բան հիշեցնեմ, ինչը ինձ հետ էր որոշակիորեն քննարկվել, որ մենք որոշակիորեն քննարկման առարկա դարձրեցինք ըստ մասնագիտացումների նաև փաստաբաններ ունենալու պարոն Հարությունյանի իրավունքը, ուզում եմ ասեմ Ձեր դիտարկումների մեջ նաև սա էլ հաշվի առեք, որ մենք ունեցել ենք որոշակի քննարկումներ ամեն դեպքում ու այդ չորս թիվը նաև ձևավորվել է մասնագիտացումները հաշվի առնելով, պարոն Հարությունյան հենց այդ դատական նիստում, եթե հիշում ենք, նաև ինձ հետ է քննարկում եղել, դրա համար ես ուզեցա Ձեզ հիշեցնել այդ դիտարկմանը, եթե կուզենաք նաև այդ կոնտեքստում անդրադառնալ:

Դավիթ Հարությունյան- Պարոն Աթաբեկյան, պարոն Քոչարյան ճիշտ եք ասում, բայց խնդիրը հետևյալում է. դուք նիստը այնպես եք դնում՝ աշխատանքային ժամեր չկան դրանց արանքում, եկա աշխատանքից, պարոն Պողոսյանը նոր եկավ, շատ նորմալ է, հիմա դուք ակնկալում եք, ես հնարավորություն չեմ ունեցել աշխատանքային ժամից հետո տեղի ունեցածը քննարկել, ամփոփել, նոր միջնորդություններ ներկայացնելու հնարավորություն ստանալ: Ժամանակ չի տրվում պաշտպանության իրավունքը իրացնելու համար: Միգուցե երկու կամ երեք պաշտպանը բավարար լիներ, եթե այդ հնարավորությունը տրվեր նորմալ պաշտպանության, իսկ պաշտպանությունը իրավունքների ապահովումն է:

Ես հիմա նաև այլ փաստաբանների հետ էլ եմ փորձում համաձայնություն ձեռք բերեմ, որովհետև Մկրտչյանը վատառողջ է, չի եկել, պարոն Խուդոյանը դատական նիստի է, շատ կարևոր կալանքի գործով չի կարող ներկայանալ, երեկ պարոն Սարգսյանը չի կարողացել ներկայանալ, որովհետև էլի կարևոր դատական նիստի էր մասնակցում: Պաշտպանները նվազ ծանրաբեռնված չեն, այստեղ իրավունքի չարաշահման մասին խոսք լինել չի կարող: Դուք շատ տեղին հարց տվեցիք նախորդ անգամ, թե արդյո՞ք կարող է գալ հինգերորդ, վեցերորդ պաշտպանը և ասել գործի նյութերի համար ժամկետ տուր: Ես ասեցի` ոչ, ես երաշխավորում եմ որպես դատավոր, նման բան չի կարող լինել, ուղղակի խնդիրը ժամկետներ տրամադրելու մեջ է, այդ հապճեպությունը հասկանում ենք, բայց կարելի է գոնե այդ տարրական իրավունքներն ապահովել:

Հիմա փորձում ենք առանց հնարավորություն, առանց ժամկետների մեջ տեղավորվելու այդ տարրական պաշտպանությունը իրականացնել, որը չգիտեմ ստացվում է, թե չի ստացվում, կամ ստացվի, թե՝ ոչ: Եթե թույլ կտաք պարոն Սարգսյանը կշարունակի:

Երեմ Սարգսյան– Հետևյալը նշեմ, որ այո, ես գտնում եմ, որ խորհուրդը պետք է իր որոշումները հարգի, ինչը երբեք չի բացառում որոշման փոփոխություն՝ իրավիճակից կախված և դա ևս նորմալ է և շատ պարտադիր է եթե այդպիսի նոր իրավիճակ է: Երբ որ խորհուրդը որոշել էր, որ նաև պարոն Միհրան Պողոսյանը պետք է ներգրավվեր այն պայմաններում, երբ որ Միքայել Շխիմյանը ներգրավված է, այսինքն՝ արդեն իսկ գտել էր, որ այդ պահին հինգ ներկայացուցիչ կարող էր լինել, ներգրավված ներկայացուցչին թույլ չտալ մասնակցել դատական նիստին, այն պարագայում, երբ որ ինքը, ըստ էության կոնկրետ աշխատանք է, այստեղ ես արդեն գտնում եմ, որ խորհուրդն իր որոշումը չհարգեց, որովհետև կա որոշում հինգ հոգով լինել, ավելին ասեմ, ժամկետների մասով պարոն Աթաբեկյանի մոտեցումը ինքը իմ համար ընդհանուր առմամբ ողջամիտ է, տրամաբանական է, բայց պարոն Հարությունյանը ճիշտ է ասում, երբ որ մենք չունենք ժամկետ, տեսեք ես մի ուղղությամբ եմ աշխատում ամբողջ գիշեր, պարոն Շխիմյանն այլ ուղղությամբ, որովհետև սուղ է ժամկետը, հետո գալիս ենք ասում եք ոչ, որ դու աշխատել էս հիմա դուք որոշեք որն եք տանում:

ԲԴԽ անդամ Վ.Քոչարյան- Մեկ հատ լրացուցիչ հարց տամ այս կապակցությամբ: Օրենքը ասում է, որ դատավորը կարող է այստեղ պաշտպանվել անձամբ, կամ ներկայացուցչի, մեկ հոգու միջոցով: Արդյո՞ք խորհուրդը…թույլ տալով, որ չորսը հոգով դա անեն: ​

Երեմ Սարգսյան- Եթե հնարավոր է ո՞ր օրենքը:

ԲԴԽ անդամ Վ.Քոչարյան– Դուք ցիտեցիք…

Երեմ Սարգսյան- Ասում է ներկայացուցչի կամ ներկայացուցիչների…

ԲԴԽ անդամ Վ.Քոչարյան- Երկրորդ մասը կա, որովհետև ես չեմ ստուգել, Դուք ցիտեցիք այս հոդվածը:

Երեմ Սարգսյան– Ես այսօր երկուսն էլ ասել եմ, ներկայացուցչի կամ ներկայացուցիչների միջոցով, և ավելին ասեմ, այս իրավունքը…

ԲԴԽ անդամ Ք.Մկոյան– Եթե կարելի է, վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասը՝ կողմն իրավունք ունի դատարանում դատավարական գործողություններ կատարել անձամբ կամ մեկ կամ մի քանի ներկայացուցչի միջոցով:

Միհրան Պողոսյան– Կներեք էլի, նորմատիվ իրավական ակտերի մասին օրենք կա, ես կարծում եմ այս դատական նիստերի դահլիճում չպետք է դա բարձրաձայնեմ, որ նշված է, որ եզակիով նշված հասկացությունները հոգնակիով, հոգնակիով նշվածը եզակիով, խոսքը ի՞նչի մասին է:

ԲԴԽ անդամ Վ.Քոչարյան- Այսինքն` արձանագրենք, որ դատական օրենսգիրքն այնուամենայնիվ մեկ ներկայացուցչի մասին է ասում:

Միհրան Պողոսյան- Ոչ, ցանկացած օրենքով երբ որ հասկացությունը տրված է եզակիով…

ԲԴԽ անդամ Վ.Քոչարյան – Եկեք ճշտենք, ես տեքստի մասին եմ ասում, դա Դուք Ձեր մեկնաբանությունն եք, միգուցե շատ ճիշտ: Մի հոգու մասին է:

Միհրան Պողոսյան- Ոչ, երբ որ գրած է ներկայացուցիչ, քրեական օրենսգիրքը մի քանի ներկայացուցչի…

ԲԴԽ անդամ Վ.Քոչարյան– Դատական օրենսգրքի մասին է խոսքը:

Կարեն Անդրեասյան– Ավարտում ե՞ք ձեր բանավեճը: Նախարարությունն էլ է ուզում մասնակցել այս գիտական քննարկմանը, բայց կարծում եմ սա Ձեր հերթը չի, պարոն Սուջյան Դուք այստեղ ասելիք չունեք, հարց ու պատասխանը կողմի հետ է, եթե դիրքորոշում ունենաք հետո կասեք վերջում: Հարցեր կա՞ն այլ, եթե խորհրդից այլ հարցեր չկան լսենք նախարարության դիրքորոշումը միջնորդության հետ կապված:

Վիգեն Քոչարյանի հետ կապված պետք է փաստել այլ հանգամանք ևս: Կարեն Անդրեասյանը նախարի պաշտոնում եղած ժամանակ ԲԴԽ-ն անվանել է մասնակի կոռումպացված, ազնիվ և ոչ ազնիվ անդամներով: Այդ ժամանակ պաշտոնավարել էր նաև Վիգեն Քոչարյանը:

Վիգեն Քոչարյանի ձեռնահասության ու բարեվարքության մասին հավելյալ ու ոչ վերջին փաստարկը Կարեն Անդրեասյանի զրուցակից լինելն է` այդ մասին, օրինակ, չբարձրաձայնելով դատական նիստում:

Այդուհանդերձ պետք է փաստել, որ վերը նշված` ԲԴԽ որոշումներով առաջխաղացման արաժանացած ու դրան սպասող անձանց վերաբերյալ նշված փաստարկների բացակայությունը անգամ չի չեզոքացնում նրանց` նշված պաշտոններին նշանակվելու արժանի չլինելու հանգամանքը:

Միայն այն փաստը, որ իրենց վարույթում քննվող գործով, օրենքով հանդիսանալաով դատական իշխանության երաշխավոր, թույլ են տվել անձի` առավել ևս դատավորի հիմնարար իրավունքների այնպիսի խախտումներ, որոնք արձանագրված են Սահանադրական դատարանի Որոշման մեջ, ապա նշվածը միայն բավարար էր ժողովրդավարական հասարակությունում նշված անձանց արդարադատության իրականացումից հեռու պահելու համար, էլ ուր մնաց առաջխաղացում արձանագրեն դեպի բարձրագույն դատական ատյան և նախադեպային որոշումներ կայացնեն:
(…)»:

Տեսանյութեր

Լրահոս