«Իմ վարկանիշը Նիկոլ Փաշինյանի վարկանիշն է». Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ միջազգային կազմակերպության կողմից արված հարցման արդյունքներին, ըստ որի` հասարակության միայն 2 տոկոսն է իրեն վստահում։

«Ես գիտեմ՝ այդ հարցումն ով է անցկացրել։ Նախ, չեմ համարում, որ այդ հարցման հետևանքով իմ վարկանիշը ցածր է, հակառակը՝ բարձր է, որովհետև հարցվողներին հարցրել են՝ անուն տվեք, մարդիկ իմ անունն են տվել, առանց որևէ առաջարկի։

Ես ընդհանրապես դեմ եմ «իմ վարկանիշ» հասկացողությանը, իմ վարկանիշը դա Նիկոլ Փաշինյանի վարկանիշի սանդղակի մեջ է, ՔՊ-ի սանդղակի մեջ է, և ես ուրախ եմ, որ մեր ընդհանուր աշխատանքի շնորհիվ, նույն սանդղակում ես, Նիկոլ Փաշինյանը և Արարատ Միրզոյանն ունենք առանձին վարկանիշ։ Բայց այդ ամենը մեկ թիմի և Նիկոլ Փաշինյանի վարկանիշն է»,- նշեց Ալեն Սիմոնյանը։

Լրագրողի դիտարկմանը, որ նրա վարկանիշն իջել է նախորդ տարվա հարցումների արդյունքների համաձայն, Ալեն Սիմոնյանը նկատեց՝ «փակեք այդ թեման, ես վարկանիշ չունեմ»։

Կարդացեք նաև

«Իմ վարկանիշը դա Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի վարկանիշն է։ Ինձ մի առանձնացրեք, ես ընդհանրապես վարկանիշ չունեմ, փակեք այդ հարցը, այլևս ինձ չտաք, ես չեմ էլ հավակնում առանձին վարկանիշ ունենալու»,- հավելեց նա։

Լրագրողներն ԱԺ նախագահից նաև հետաքրքրվեցին՝ թիմում Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի պահվածքը քննարկվե՞լ է, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, թե այդ հարցին արդեն անդրադարձել է, և երկրորդ անգամ նույնը կրկնելու կարիք չկա։

Լրագրողի հարցին՝ այսինքն՝ արտասովոր բան տեղի չի՞ ունեցել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.

«Եղել է, ո՞վ ասաց, որ չի եղել։ Արտասովոր, անթույլատրելի բան է տեղի ունեցել։

Գիտեք, սա թագավորություն չէ, որ թագավորն ասաց՝ սրա գլուխը կտրեք, նրան նետեք բանտ, հանգիստ, ժողովուրդ, ասենք՝ համակարգ է, պետություն է։ Իհարկե, հետևանքներ կունենա, այո, կա մեկ թև՝ Նիկոլ Փաշինյանի թևն է, ուրիշ թև չէ»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս