
Նիդեռլանդներն Ուկրաինային հետախուզական անօդաչու սարքեր կմատակարարի

Նիդեռլանդները նախատեսում է Ուկրաինային մատակարարել 42,6 մլն եվրո արժողությամբ հետախուզական անօդաչու սարքեր։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Նիդեռլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը։
«Ներկայումս Ուկրաինան ժամանակակից անօդաչու թռչող սարքերի մեծ կարիք ունի, ուստի հոլանդական DeltaQuad ընկերությունը Ուկրաինային կմատակարարի 42,6 միլիոն եվրո արժողությամբ հետախուզական անօդաչու սարքեր»,- հայտնել է Բրեկելմանսը։
Հոկտեմբերի սկզբին պաշտպանության նախարարը հայտնել էր, որ Նիդեռլանդները 400 միլիոն եվրո կտրամադրի Ուկրաինային՝ որպես երկրի համար անօդաչու թռչող սարքեր մշակելու գործողությունների ծրագրի մաս: Նրա խոսքով՝ այդ պլանի շրջանակում Նիդեռլանդներն ու Ուկրաինան միասին կաշխատեն ժամանակակից անօդաչու թռչող սարքերի մշակման և հաջող նախատիպերի արտադրությունն արագացնելու ուղղությամբ։ Դրանց գրեթե կեսը կմշակվի Նիդեռլանդներում։