«Սիրտը մանդատ է ուզում, ու էլի ուրիշի հաշվին… Սերժ Սարգսյանի ունեցած վաստակի 1%-ն ունեցեք, հետո խոսեք». Լևոն Նազարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրտը մանդատ է ուզում, ու էլի ուրիշի հաշվին…

Ասում են, որ 2012թ. ԱԺ ընտրություններում, անհայտ իրավաբան Էդմոն Մարուքյանին, պատահաբար դարձրին պատգամավոր, որովհետև որոշվել էր, որ ինչ-ինչ պատճառներով պետք էր «պատժել» հայտնի լոռեցի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին: Ասել է թե՝ Էդմոնը «ուրիշի հաշվին» դարձավ պատգամավոր:

2017թ. ապրիլին մեր Էդմոնը պատգամավոր դարձավ ԵԼՔ դաշինքով՝ հիմնականում Նիկոլի ունեցած ընդդիմադիր վարկանիշի հաշվին: Այսինքն՝ պատգամավոր դարձավ էլի ուրիշի հաշվին:

2018թ. դեկտեմբերին Էդմոնը և ԼՀԿ-ում մանդատի խաթր հավաքագրված ևս 17 մարդ, պատգամավոր դարձան աշխարհաքաղաքական ուժերի կոշտ ազդեցությամբ տեղի ունեցած իշխանափոխության, դրա հետևանքով սկսված էյֆորիայի և ՀՀ ընտրական օրենսդրության տված բոնուսների հաշվին: Այսինքն, շուն, գել, … ինչ կենդանի ուզում է լինի՝ միայն ՀՀԿ չլինի:

Այսինքն՝ մեր կլասիկ Էդմոնը, կրկին պատգամավոր դարձավ ոչ թե իր քաղաքական կշռի, այլ բացառապես իրադարձությունների՝ իր համար նպաստավոր պայմանների հաշվին: Ասել է թե՝ ԱԺ մանդատներն իրենց ոտքով եկան ու ընկան իրենց գրպանը:

Ոչ ոք չի մոռացել, իհարկե, որ ամենավերջին ամենապահին «հեղափոխական» դարձած Էդմոնը, Նիկոլի հետ միասին մի բաժակ կոֆեով «խմել է» Արցախը ու չի մարսելու:

2021թ. հունիսին Էդմոնի ԼՀԿ-ն 15.600 ձայն ստացավ ու չանցավ ԱԺ: Այնուհետ՝ հատուկ հանձնարարությունների դավադիր առաքելությունն ավարտած, Արցախը Ադրբեջանին հանձնողներին լուռ ծառայած էդմոնը, հիմա էլ հաջորդ ԱԺ-ում իր մանդատի մասին է մտածում: Եվ էլի ուրիշի հաշվին:

Ասում է, թող շուրջ 339.000 քվե ստացած երկու ընդդիմադիր ուժերի ղեկավարները գնան տուն, որպեսզի շերեփուկի քաշով մանր-մունր կուսակցությունները շարունակեն նիկոլիզմի հետ միասին կործանել երկիրը:

Պետության ու հայրենիքի առջև Սերժ Սարգսյանի ունեցած վաստակի 1%-ն ունեցեք, հետո խոսեք: Մարդիկ արդեն անթաքույց խոսում են «…երկիրն էս վիճակից դուրս բերելու համար, թե մի բան անի՝ էլի Սերժ Սարգսյանը կարա անի»: Վստահ եմ, որ Էդմոնն էլ է այդպես մտածում»:

Տեսանյութեր

Լրահոս