«Երբ մարդիկ պատկերացնում են, թե ռազմական համալսարան ընդունվելը պետք է գրավիչ դարձնել բնակարանով ու 500․000 դրամ աշխատավարձով, դա մտածողության ճգնաժամի ցուցիչ է»․ Հակոբ Բադալյան
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի կիր ալիքում գրել է․
«Ինչ է ասում ԱԺ մեծամասնությունը ներկայացնող պատգամավորը: Մեղադրում է մամուլին, որ չի գովազդում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը: Դե, մի կողմ թողնենք այն, որ ինստիտուտը գովազդելը, հանրաճանաչ դարձնելը, ինստիտուտում կրթություն ստանալու գրավիչ կողմերը ներկայացնելը դա պետական գործ է, պետական անելիք: Որովհետև, այդ ինստիտուտի կադրերը պետք են պետությանը, նրանք պետք է ղեկավարեն հայկական բանակը, կառավարեն զինուժը տարբեր օղակներում:
Բայց, ինչն է առավել էականը: Պատգամավորն ասում է՝ չեք գովազդում, չեք ասում, որ ռազմական ինստիտուտ ընդունվողն ու ավարտողը բնակարան է ստանում, որ 500 հազար աշխաատավարձ է ստանում ինստիտուտն ավարտողը:
Զինուժի սպաների ու զինծառայողների սոցիալական կարիքների հարցը հույժ կարևոր հարց է, և այստեղ չի կարող լինել ոչ մի այլ կարծիք: Բայց, երբ մարդը կամ մարդիկ պատկերացնում են, թե ռազմական համալսարան ընդունվելը պետք է գրավիչ դարձնել բնակարանով ու 500 հազար դրամ աշխատավարձով, դա ընդհանրապպես մտածողության ճգնաժամի ցուցիչ է:
Ռազմական գործին նվիրվելու առաջնային մոտիվացիան չի կարող լինել սոցիալական բարեկեցությունը: Սոցիալական բարեկեցությունը ապահովելը պետք է լինի այդ գործին նվիրվող մարդկանց հանդեպ պետական պարտավորությունը, բայց գործին նվիրվելու որոշման հարցում գլխավոր, գերագույն մոտիվացիան պետք է լինի արժեհամակարգային, գաղափարական, մտածողական:
Խոսքը բացարձակապես պարզունակ դասագրքային հայրենասիրության մասին չէ, այլ միանգամայն գիտակցված որոշման, որը կայացնող սուբյեկտը գնում է դրան միանգամայն գիտակցելով, որ դա ենթադրելու է ամենևին ոչ սովորական կյանք, դա ենթադրելու է զորանոցային կյանք, կյանք հատուկ կանոնադրությամբ, երբեմն ընտանիքից կտրվածությամբ, և կյանք, որը կարող է վտանգվել նաև պատերազմի կամ ռազմական գործողությունների դեպքում:
Պետք է հասկանանք, ոչ ոք իհարկե պարտավոր չէ գնալ այդպիսի զոհաբերության, եթե զինապարտ չէ: Բայց, եթե մարդը պետության առաջ ռազմական առաքելություն է ստանձնում առավելապես սոցիալական բարեկեցության մոտիվով, ապա այդ մոտիվը կարող է լինել շատ հեղհեղուկ, եթե՝ Աստված մի արասցե, լինի պատերազմ կամ ռազմական լարում:
Կրկնեմ, պետությունը պարտավոր է ապահովել ռազմական առաքելություն ստանձնած սպաների և զինվորնների սոցիալական ապահովության և բարեկեցության պարտավորությունը, բայց առաքելություն ստանձնելու մոտիվը պետք է լինի այլ, և պետության պարտավորությունը թերևս հենց այդ մոտիվը գեներացնելն է:
Մինչդեռ, լրագրողների հետ պատգամավորի խոսքը հուշում է, թե իրականում ինչ մտածողություն է առկա, ինչ կողմնորոշիչներ են մարդկանց գլուխներում, որոնք քաղաքականություն մշակողներն են, թե այդ, թե ընդհանրապես այլ ոլորտներում:
Ի վերջո, այլ բան թերևս դժվար է սպասել, երբ ընդհուպ վարչապետի մակարդակով պետական բարձրագույն նպատակ և իմաստ է հռչակվում քաղաքացիների տնտեսական բարեկեցությունը»: