Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկության հարցը կքննարկվի ՔՊ վարչության նիստում
Այսօր Ազգային ժողովում (ԱԺ) Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահ Արգիշտի Քյարամյանի ու Հովիկ Աղազարյանի թեժ վիճաբանությունից հետո, որի ժամանակ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը վերջինիս հեռացրեց Աղազարյանի կողքից, ու ինքը նստեց նրա տեղում՝ մի կերպ հանդարտեցնելով կրքերը, ՔՊ-ում լուրջ տրամադրվածություն կա Արգիշտի Քյարամյանի դեմ, հատկապես, եթե հաշվի առնենք, որ վերջինս վիճաբանեց նաև խորհրդարանական այսօրվա լսումները նախագահող Անդրանիկ Քոչարյանի, այլ ՔՊ-ական պատգամավորների հետ ևս:
168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ այդ իրադարձություններից հետո իրարից առանձին Անդրանիկ Քոչարյանը, Հովիկ Աղազարյանն անմիջապես լսումներից հետո նամակ են գրել Նիկոլ Փաշինյանին, որ իրենց համար անընդունելի է այն, ինչ այսօր կատարվել է Խորհրդարանում:
Փաշինյանին տեղեկացրել են, որ Քյարամյանն այսօր իրեն ԱԺ-ում պահել է «խառոշիի» պես, և հորդորել՝ Արգիշտի Քյարամյանի վարքագծին գնահատական տալ, այդ թվում՝ նրա հետագա պաշտոնավարման հարցը պարտադիր քննարկել ՔՊ վարչության նիստում, հենց իր՝ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ:
Հիշեցնենք, Արգիշտի Քյարամյանն այսօր ԱԺ-ում Աղազարյանի ելույթին ի պատասխան՝ ասել էր.
«Էս երկրի երեսին այսպիսի մեկը չկա, ով կկարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողնել։ Եվ եթե եղել է այդպիսին, ուրեմն ես հլը շատ մեղմ արձագանք եմ ցուցաբերել, արձագանքը հետագայում կգրանցվի»:
Անդրանիկ Քոչարյանը և Հովիկ Աղազարյանը Փաշինյանին ներկայացնելով Արգիշտի Քյարամյանի վերոնշյալ խոսքերը, հարցրել են՝ արդյոք դա Ձեզ է՞լ է վերաբերում, դո՞ւք էլ չեք կարող նրան բան ասել, ըստ էության, սրելով խնդիրը: