ԱՄՆ-ի հետ բանակցությունները դադարեցվել են Մերձավոր Արևելքի իրավիճակի պատճառով. Իրանի ԱԳՆ
Օմանի միջնորդությամբ Միացյալ Նահանգների հետ բանակցային գործընթացը դադարեցվել է Մերձավոր Արևելքում ստեղծված հատուկ իրավիճակի պատճառով։ Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ դրա մասին Օմանի մայրաքաղաք Մասկատ կատարած այցի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Մասկատի գործընթացը դադարեցված է տարածաշրջանում ստեղծված հատուկ իրավիճակի պատճառով։ Ներկա պահին բանակցությունների հիմք չենք տեսնում։ Հենց որ կարողանանք հաղթահարել ներկա ճգնաժամը, կորոշենք՝ վերադառնա՞լ այս աշխատանքին, թե՞ ոչ։
Թե՛ ԱՄՆ-ը, թե՛ եվրոպական երկրներն ու տարածաշրջանի երկրները պետք է իմանան՝ ինչպիսին է Իրանի դիրքորոշումը։ Մեր դիրքորոշումը միանգամայն հստակ է, բազմիցս կրկնել ենք, որ պատերազմ և բախումներ չենք ուզում: Թեև լիովին պատրաստ ենք դրան, բայց կարծում ենք՝ դիվանագիտությունը պետք է արդյունավետ աշխատի՝ դա թույլ չտալու համար:
Տարածաշրջանը բարձր մարտական պատրաստության մեջ և չի բացառվում, որ լայնածավալ հակամարտությունների շեմին է, իսկ դիվանագիտությունը միակ միջոցն է՝ խոշոր ճգնաժամերը կանխելու և լարվածության աճից ու պատերազմից խուսափելու համար »,- հայտարարել է Իրանի արտգործնախարարը։