Բաժիններ՝

Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի հիվանդանոցին ու դպրոցին. կան զոհեր և վիրավորներ

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հարված է հասցրել Գազայի հատվածի Դեյր էլ Բալահ քաղաքի հիվանդանոցին, որտեղ, ենթադրաբար, գործում էր ՀԱՄԱՍ շարժման հրամանատարական կենտրոնը: Այս մասին գիշերը հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ)։

«Կարճ ժամանակ առաջ ԻՊԲ-ի և Իսրայելի անվտանգության վարչության հետախուզության ուղղորդմամբ Իսրայելի ռազմաօդային ուժերը ճշգրիտ հարված են հասցրել ահաբեկիչներին, որոնք գործում էին Դեյր էլ Բալահի շրջանում գտնվող հրամանատարական և վերահսկման կենտրոնի ներսում:

Հրամանատարական և վերահսկման կենտրոնը, որը գտնվում է այն համալիրի տարածքում, որն ավելի վաղ ծառայում էր որպես «Շուհադա ալ Աքսա» հիվանդանոց, ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների կողմից օգտագործվել է ԻՊԲ-ի և Իսրայել պետության դեմ ահաբեկչական հարձակումներ պլանավորելու և իրականացնելու համար», – ասվում է ԻՊԲ-ի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Al Mayadeen հեռուստաալիքը հաղորդում է, որ Իսրայելի հարվածի պատճառով հրդեհ է բռնկվել՝ ընդգրկելով պաղեստինցիների ավելի քան 30 վրան։ Նշվում է մեծ թվով զոհերի ու վիրավորների մասին։Իր հերթին պաղեստինյան WAFA գործակալությունը հաղորդում է, որ առնվազն 19 մարդ է զոհվել Գազայի հատվածի կենտրոնական մասում Իսրայելի կողմից դպրոցի հրետակոծման հետևանքով: Առնվազն 50 մարդ վիրավորվել է։

Պաղեստինյան անկլավի քաղաքացիական պաշտպանության գործակալությունը հայտնել է, որ հարվածի է ենթարկվել Նուսեյրաթ ճամբարի հյուսիսում տեղակայված դպրոցի շենքը, որն ապաստան էր ծառայում տեղահանված անձանց համար:

2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է շուրջ 42 200 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 98 000-ը։ Իսրայելը գործողությունները սկսել է՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակման, որի հետևանքով հրեական պետությունում զոհվել էր 1200 մարդ, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ պահվում է շուրջ 100 պատանդ։  

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս