Արևմուտքից ուշադիր հետևում են ՀՀ ղեկավարության քայլերին. ՌԴ դիրքերը, որպես միջնորդ, կարող են ամրապնդվել. վրացի քաղաքագետ

ԱՊՀ հարթակի միջոցառումների մասնակցելու նպատակով Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա տարբեր առանձնահատուկ ուշադրության են արժանացել՝ հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերություններում առկա լուրջճգնաժամը։ Նիկոլ Փաշինյանը նախօրեին ԱՊՀ մյուս ղեկավարների, այդ թվում՝ Իլհամ Ալիևի հետ մասնակցել է նաև ԱՊՀ ոչ պաշտոնական հավաքի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ Իսկ Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։ Նշենք, սակայն, որ թե նախարարների, թե ղեկավարների մակարդակով ՌԴ միջնորդությամբ եռակողմ հանդիպումներ, շփումներ նախատեսված չէին։ ՌԴ ղեկավարն այսօրմիմիայն երկկողմ շփումներունեցավ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ, որոնք հակամարտության կարգավորման թեման չշոշափեցին, այլ կենտրոնացան երկկողմհարաբերությունների, առևտրաշրջանառության և համատեղ պրոյեկտների վրա։

Ուշագրավ էր, թե այս ամենին զուգահեռ՝ ինչ հայտարարություններ էր արել ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ մեկնաբանելով Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը։ Նա նշել էր, որ Միացյալ Նահանգները և մի շարք արևմտյան երկրներ ճգնում են սեպի նման խրվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վրա աշխատելու գործընթացի մեջ:

«Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ամբողջ «սև աշխատանքն» արվել է Մոսկվայում»,- շեշտել էր նա:

ՌԴ նախագահի օգնականը նաև նշել էր, որ արևմտականներն իրենց գործողություններով ցանկանում են ներգրավվել բանակցային գործընթացում և դրանով իսկ ներքաշվել տարածաշրջանային գործերին։ «Մենք համաձայնության չեկանք եռակողմ հանդիպման մասին, բայց այդպիսի միտք կար, կողմերից մեկը դեմ էր», – ասել էր Ուշակովը լրագրողներին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը դեմ չի եղել այդ ձևաչափին։

Կարդացեք նաև

Բնականաբար, այցին հետևում են ոչ միայն Հայաստանում, այլև ռեգիոնում, ինչպես նաև Արևմուտքում, որի հետ հարաբերությունների նոր փուլ է ազդարարել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Եվ, որպեսզի ըստ ամենայնի Արևմուտքում շատ «չնեղանան», ՀՀ ԱԳՆ-ն առանձնահատուկ կերպով հայտարարեց, որ ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանը չի միացել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին։

168am-ի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ իր տպավորությամբ՝ հայկական կողմը մասնակցում է միջոցառումներին, սակայն դա լիարժեք մասնակցություն չէ։ Նրա խոսքով՝ այն, որ հայկական կողմը չի միացել հայտարարություններին, և այն, որ ամենայն հավանականությամբ չի ցանկացել եռակողմ հանդիպում ունենալ Մոսկվայում Պուտինի ու Ալիևի հետ, ուղերձներ են Արևմուտքին։

«Այդ ուղերձների էությունը կայանում է նրանում, որ Հայաստանն այս կառույցների անդամ է, չի կարող բոյկոտել բոլոր հարթակները, ուստի ժամանակ առ ժամանակ մասնակցում է միջոցառումներին, սակայն չի անում քաղաքական քայլեր, որոնք կարող են երկակի մեկնաբանվել Արևմուտքում, քանի որ հասկանալիորեն Արևմուտքում այս ամենին մեծ ուշադրությամբ են հետևում և կարձագանքեն յուրաքանչյուր քայլի դեպի Մոսկվա»,- ասաց վերլուծաբանը։

Նրա խոսքով, ՀՀ իշխանություններն արտաքին քաղաքական և տնտեսական որոշ մտայնություններ ունեն, որը ստիպում է պահպանել որոշ շփումներ։

«Այցին ընդառաջ արված հայտարարությունները թույլ են տալիս ենթադրել, որ այս միջոցառման ՌԴ գլխավոր նպատակներից մեկը Փաշինյան-Ալիև հանդիպման կազմակերպումն էր, որն այս անգամ չհաջողվեց, սակայն կարծում եմ, որ ռուսական կողմն այն կկազմակերպի առաջիկա այլ հնարավորության դեպքում։ Հաջորդ շփումը նախատեսվում է Կազանում, ուստի այնտեղ գուցե կրկին փորձ արվի կազմակերպել հանդիպում, քանի որ ռուսական կողմը համարում է, որ համաձայնագրի նախապատրաստման հիմքերը դրել է Մոսկվան, ուստի ակնարկն այն է, որ այն պետք է ստորագրվի կամ Մոսկվայում, կամ ՌԴ միջնորդությամբ։ Երևանն այս սցենարին այս փուլում դեռ դեմ է, մյուս կողմից՝ պետք է արձանագրել, որ որոշակի սրացում կա Բաքու-Վաշինգտոն հարաբերություններում և համապատասխանաբար ավելի սերտ համագործակցություն՝ Բաքու-Մոսկվա ձևաչափում։ Ուստի չի բացառվում, որ Բաքուն փորձի ամրապնդել Մոսկվայի միջնորդական դիրքերը։ Ներկայումս այդ միտումը նկատվում է, թեև ընդհանուր առմամբ Երևան-Բաքու հայտարարությունները լավատեսության առիթ չեն տալիս, և դժվար է ասել, որ առաջիկայում հնարավոր կլինի համաձայնագիր ստորագրել։ Սակայն դա չի բացառում այն, որ ՌԴ դիրքերը, որպես միջնորդ, կարող են ամրապնդվել»,- ասաց նա։

Ի դեպ, հավելենք, որ երեկ երեկոյան 168.am-ի մոսկովյան աղբյուրները տեղեկացրել էին, թե Կրեմլում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի գաղտնի հանդիպում, որի մասին պաշտոնապես չէր հայտարարվել: Ականատեսները պնդում էին, որ այսօր լուսադեմին` ժամը 05:00-ի սահմաններում, գրեթե միաժամանակ Կրեմլ են ժամանել Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների ավտոշարասյուները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031