Փաշինյանն ու Ալիևը լուսադեմին գաղտնի հանդիպե՞լ են Կրեմլում
168.am–ի մոսկովյան աղբյուրների համաձայն, այսօր Կրեմլում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, ամենայն հավանականությամբ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ:
Այդ հանդիպման մասին պաշտոնապես չի հայտարարվել: Ականատեսները պնդում են, որ այսօր լուսադեմին` ժամը 05:00-ի սահմաններում գրեթե միաժամանակ Կրեմլ են ժամանել Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների ավտոշարասյունները:
Գործնականում կարելի է բացառել, որ միևնույն ժամանակ Կրեմլ ժամանած երկրներից մեկի ղեկավարը կարող էր սպասել մյուս երկրի ղեկավարի հետ Պուտինի հանդիպման ավարտին, հետևաբար ամեն ինչ խոսում է Փաշինյան-Ալիև գաղտնի հանդիպման վերաբերյալ տեղեկության արժանահավատության մասին:
Հայտնի չէ նաև` արդյո՞ք Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Պուտինի հետ երկկողմ, հրապարակված հանդիպումներից առա՞ջ, թե՞ հետո: Ի դեպ, բացառված չէ, որ եթե այդ հանդիպումը կայացել է և ձեռք է բերվել ինչ-որ պայմանավորվածություն, ապա այն կհրապարակվի հոկտեմբերի վերջին՝ Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում, որին մասնակցության հրավեր Պուտինն այսօր հղեց Փաշինյանին ու Ալիևին:
Ի դեպ, տելեգրամային ալիքները ևս ֆիքսել են դեպի Կրեմլ շտապող ավտոշարասյունները և փակ ճանապարհները՝ չհասկանալով, թե իրականում ինչ է կատարվում. «Կրեմլի ուղղությամբ շարժվում է թվով 3-րդ կորտեժը: Փողոցները փակ են: Գիշերով նման շարժերը երբեք լավ բանի մասին չեն խոսել: Թերևս սկսվում է»,- գրել են որոշ ալիքներ: