«Սա մի ամբողջ ազգի դարձնելու է կենդանի որբեր. այսօր արցախցիներին են «երեսով» տալիս, վաղն էլ՝ սյունեցիներին ու տավուշեցիներին». Կամո Աղաջանյան

Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի բնակիչ 61-ամյա Կամո Աղաջանյանն Արցախից բռնի տեղահանվելուց հետո վերջին մեկ տարվա ընթացքում արդեն 5-րդ տունն է փոխում։ Մեկ տունը հարմար չէ, մեկ տան վարձն է բարձր, մեկ տանտերն է տուն տալուց հետո փոշմանում… Խնդիրները բազմաբնույթ են, ինչպես Արցախից տեղահանված հազարավոր մարդկանց դեպքում։

Կամո Աղաջանյանն ասում է՝ իր հայրենիքում տեղը չի գտնում, հատկապես, երբ իշխանության տարբեր ներկայացուցիչներ հայտարարում են, թե «արցախահայերը Հայաստանում իրենց պետք է հյուրի նման պահեն»։

«Մեկ տարի է, ես Հայաստանում որոշ մարդկանց հետ «պատերազմների» մեջ եմ, չեմ կարողանում նրանց հասկացնել՝ ինչպես իրենք, այնպես էլ՝ ես իմ հայրենիքում եմ, այստեղ հյուր չենք։ Եթե սա մարդիկ հասկանան, հավատացեք՝ որևէ պաշտոնյա այլևս նման հակահայ հայտարարություն չի անի։ Գիտե՞ք ինչ, այսօր մեզանում դատարկ ուղեղները շատ են, իշխանությունն առիթից օգտվելով՝ այդ դատարկությունը լցնում է այն ամենով, ինչով ցանկանում է, սա ծրագիր է՝ իրականացնում են։ Սրանք առաջնորդվում են «բաժանիր, որ տիրես» սկզբունքով։

Տեսեք, հիմա իշխանություններն ինչ են անում՝ արցախահայերին երեսով են տալիս, թե՝ «մնայիք Արցախում, կռվեիք, ինչո՞ւ եկաք»։ Վաղը սյունեցիներին ու տավուշցիներին են ասելու՝ «մնայիք կռվեիք, ինչո՞ւ եք եկել լցվել Երևան»։ Ու մի ուղեղով մարդ չկա, որ դրանց գլխին տա, ասի՝ հանձնել եք, ո՞ւր մնանք»,- 168.am հետ զրույցում ասաց Կամո Աղաջանյանը։

Կարդացեք նաև

Արցախյան ազատամարտի մասնակիցը 28-29 տարեկան էր, երբ Արցախն ազատագրվեց, պատմում է, որ շատ-շատերի հետ անցել է մարտական ուղի, նրանցից մի քանիսն այսօր ապօրինաբար պահվում են Բաքվի բանտերում։  Սակայն այն ժամանակ չէր մտածում, որ կհայտնվի Նիկոլ Փաշինյան, ով խանդավառված կլինի Թուրքիայով ու Ադրբեջանով, ու Արցախը կհանձնի։

«Նիկոլը որտե՞ղ այսպես «աճեց», որտե՞ղ այսպես հավաքեց իր թիմը։ Ժամանակին Ադրբեջանում ո՞վ ռիսկ կաներ խոսեր «Արևմտյան Ադրբեջանի» մասին, հայր Ալիևն էր նույնիսկ խոստովանում, որ Արցախը հայկական է։

Եթե Ադրբեջանը խոսում է ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու մասին, ինչո՞ւ մեր իշխանություն չեղածը պայման առաջ չի քաշում, որ հայերն էլ պետք է վերադառնան Ադրբեջան։ Ադրբեջանն իր ստերն առաջ է տանում, մեր ճիշտը ներկայացնող չկա։ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ ամբիոնից այս խնդիրների մասին խոսելու փոխարեն՝ գնացել, ասում էր՝ «ապագա կա»։ Սա մի ամբողջ ազգի համար խայտառակություն էր»,- հավելեց մեր զրուցակիցը։

Բերդաշենում Կամո Աղաջանյանը զբաղվում էր գյուղատնտեսությամբ, ուներ նռան խոշոր այգիներ, աշխատում՝ ապրում էր։ Ճիշտ է՝ 2020 թվականի Արցախի պատերազմից հետո այգիների մի հատվածը կորցրել էր, բայց մյուս հատվածը մշակում, ապրում էր, թշնամին մի քանի մետրի վրա էր, բայց դա չէր ստիպել նրան թողնել գյուղը։

«Մեր ազատագրած հողն էր, աշխատում, ապրում էինք։ Արցախում ես թողել եմ մոտ 255 մլն դրամ, ու այսքանից հետո կան մարդիկ, որ ասում են՝ «լսեք, արցախցիներ, ձեզ խելոք պահեք, թե չէ հանկարծ կարող է «40+10» ծրագրից զրկվեք»։ Ձյուն գար ձեր գլխին, մենք այդպիսի՞ փողեր ենք տեսել, մենք մեր քրտինքով ենք ստեղծել։ Մեկ-մեկ երբ Նիկոլին միկրոֆոն են դեմ տալիս լրագրողները, թող հարցնեն՝ երբ Ադրբեջանը մեզ պահանջներ է ներկայացնում, ինքն ինչո՞ւ չի ներկայացնում Ադրբեջանին, այդքան բան ենք կորցրել։ Նիկոլ Փաշինյանը միայն Արցախի համայնքապետերին է մեղադրանք առաջադրում, այսինքն՝ ավելի լավ էր, այդ մեքենաները մնային Արցախում, ադրբեջանցիները տանեին, քան բերեին Հայաստա՞ն»,- հարցնում է նա։

Վերջին 40 տարիներին իր կյանքում տեղի ունեցած անցուդարձը վերլուծելով՝ Կամո Աղաջանյանն ասում է՝ ունի որոշակի փորձ, շատ բաներ է տեսել՝ պատերազմ, հաղթանակ, կորուստ, մաքառում, եթե հայ ժողովուրդը չսթափվի, խելքը գլուխը չհավաքի՝ «Հայաստանը Նիկոլ Փաշինյանը դարձնելու է Թուրքիայի փոքր վիլայեթ»։

«Եթե այսպես շարունակվի, սա մի ամբողջ ազգի դարձնելու է կենդանի որբեր։ Այս մարդը ոչ թե ասում է, այլ անում է՝ բարաթով, կաթիլ-կաթիլ բերելու է հասցնի այնտեղ, որ «միջանցք» կտա, հետո՝ այլ տարածքներ։ Կրկին ջահելների կզոհի ու կստորագրի հերթական կապիտուլյացիան։ Կրկնում եմ՝ մեզ այս մարդը դարձրել է Վիետնամի որբ»,- ընդգծեց նա։

Այս ամենով հանդերձ, Կամո Աղաջանյանն ասում է՝ հուսահատվելու փոխարեն, պետք է համախմբվել, քանի որ որքան հայը հուսահատվի, թշնամին այնքան վախեցնելու է՝ «թշնամին շակալի նման է, վախկոտին է վրա տալիս»։

«Ինքնաշեն զենով հաղթել ենք, նորմալ իշխանություն ունենանք՝ ժամանակակից զենքով էլ կհաղթենք»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Տեսանյութեր

Լրահոս