Սխալ փաստարկներով՝ սխալ եզրակացություններ
Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Անդրադարձ Սամվել Ֆարմանյանի կողմից ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հարցազրույցի անդրադարձին
ԱԺ նախկին պատգամավոր եւ ՀՀ երրորդ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը շատ ընդարձակ գրությամբ իր ֆեզբուքյան էջում անդրադարձել է «Երկրի հյուրասրահը» հաղորդաշարի տաղավարում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հարցազրույցի որոշ դրվագների ու նրան վերագրել իրականության հետ կապ չունեցող գնահատակններ ու դատողություններ (տեսանյութի հատվածը կցվում է)։
Նախ, իբրեւ պատմաբան՝ Ֆարմանյանը քաջ գիտի պատմագիտության ոսկե օրենքներից մեկը. երբ ելակետ ես վերցնում փաստի փոխարեն աղճատված, ձեւախեղված իրողություն, հետագա եզրակացություններդ էլ են դառնում ոչ օբյեկտիվ եւ ոչ հավաստի։
Եվ այսպես, Ֆարմյանյանին խիստ վրդովեցրել է Հակոբ Տեր-Խաչատուրյանի այն հայտարարությունը, թե «….քննադատելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Փաշինյանի քաղաքականությունը, այն որակում է որպես «ոչ աննախընթաց երեւույթ», մատնանշելով Հայաստան- Թուրքիա հարաբերությունների կարգավորման Սերժ Սարգսյանի դիվանագիտական նախաձեռնությունը» (իր գրառումն է)։
Սխալ փաստական հիմք թիվ 1.
Հակոբ Տեր-Խաչատուրյանը պատասխանում է լրագրողի հարցին, թե այսօրվա իշխանությունը հպարտանում է, որ Թուրքիայի հետ երկխոսությունը աննախնթաց է, հաղթանակ է, ու չի եղել Հայաստանի երեսնամյա պատմության մեջ, եւ նախկին իշխանությունների հակաթուրքական կեցվածքները հանգեցրել են հակամարտության։
Ի պատասխան այս դիտարկման է, որ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հերքում է այս իշխանական թեզը եւ, իբրեւ Թուրքիային ձեռք մեկնելու օրինակ, նշում Սերժ Սարգսյանի իրականացրած «ֆուտբոլային դիվանագիտությունը»։ Պարզ ասած՝ ոչ թե ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը համեամատում է այսօրվա կործանարար քաղաքականությունը ֆուտբոլային դիվանագիտության հետ, այլ 2008-2011 թվականների հայ-թուրքական շփումներն իբրեւ օրինակ բերելով՝ նշում, որ Հայաստանը Թուրքիայի հետ դռները երբեք փակ չի պահել։
Սխալ փաստական հիմք թիվ 2.
Սամվել Ֆարմանյանը «զարմացել» է, որ, իր կարծիքով, Հակոբ Տեր- Խաչատուրյանը «….իր միտքն ավարտում է «հիմա նույն կացության մեջ ենք» ձեւակերպմամբ» (իր բառերն են)։ Իրականում Հակոբ Տեր-Խաչատուրյանը, նշելով ֆուտբոլային դիվանագիտության ժամանակվա հայտարարությունները, թե երկխոսությունը գնում է առանց նախապայմանների, հիշեցնում է, որ Թուրքիան կարճ ժամանակ անց սկսեց տարատեսակ պահանջներ ու նախապայմաններ առաջ քաշել (որն իրականություն է, ու ես եւ Սամվելը շատ լավ ենք հիշում այդ օրերը)։ Եվ եզրակացնում ՝ հիմա նույն կացության մեջ ենք։ Միթե՞ այդպես չէ։ Ռուբինյան-Քըլըչ հանդիպումներն իբր առանց նախապայմաններ երկխոսության մեկնարկին զուգահեռ Թուրքիան շարունակում է բազում պայմաններ առաջ քաշել (այսպես կոչված Զանգեզուրի միջանցք, Ադրբեջանի հետ սահմանազատում ու պայմանագիր)։
Սխալ փաստական հիմք թիվ 3.
Սամվել Ֆարմանյանը մեղադրում է Հակոբ Տեր-Խաչատուրյանին, թե վերջինս «….չտեսնելու է տալիս գերառանցքային այն հակադրությունը, որ «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմության գիտակներն ու տեղեկացված շրջանակները շատ լավ հասկանում են՝ ինչի մասին է խոսքը եւ կփաստեն, որ հենց այդ նախաձեռնության ու դրա արդյունքում ձեւավորված միջազգային համախոհության ուժով է, որ Թուրքիային այդպես էլ չհաջողվեց տարիներ շարունակ ստանալ
միջազգային հանրության համաձայնությունն ու շահերի համադրումը՝ ապահովելու իր դիվանագիտական ու ռազմական ուղիղ ու կոշտ միջամտությունն արցախյան ճակատում։ Օձի խելք պետք չէ հասկանալու համար, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության ու անզգույշ քայլերի արդյունքում տեղի ունեցավ ճիշտ հակառակը՝ հայության համար աղետալի հետեւանքներով»։
Նախ, Սամվել Ֆարմանյանը, փորձելով շուրջ երկու տասնամյակ Արցախյան բանակցություններին, հայ- ադրբեջանական հակամարտությանը թուրքական ուղղակի միջամտության կասեցումը վերագրել լոկ ֆուտբոլային դիվանագիտությանը, մեղանչում է պատմության առջեւ։ Այն եղել է Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից մեկը, որի համար Հայաստանի աջակիցն էր նաեւ իր դաշնակցային գործընկերը (տեղի սղության պատճառով փաստերը կրկին չեմ վերաշարադրում)։
Եվ վերջապես, Թուրքիայի «դիվանագիտական ու ռազմական ուղիղ ու կոշտ միջամտությունն արցախյան ճակատում» զսպելու ուղղությամբ մինչ փաշինյանական իշխանության եւ հայկական կողմի հաջողությունների մասին բազմիցս ՀՅԴ ներկայացուցիչները բարձրաձայնել են, մատնանշել, այպանել այս իշխանություններին, այդ թվում ԱԺ ամբիոնից (եթե ցանկանա՝ տեսանյութերի շարք կարող եմ ուղարկել իրեն)։
Սխալ փաստական հիմք թիվ 4.
Ֆարմանյանը հրապարկային հարցադրումներ է շարադրում՝ «….Այդ որտե՞ղ կամ ինչպե՞ս է Թուրքիային հաջողվել «ֆուտբոլային դիվանագիտության» ընթացքում արձանագրել իր նախապայմանները՝ «Ադրբեջանի պահանջները, հայ ժողովրդի անժամանցելի իրավունքներից վեր կենալը, Թուրքիո հետ սահմանազատման… Մոսկվայի ու Կարսի դաշնագրերու պահանջը ու ինչպես սփյուռքում են ասում, որպես աղ ու պղպեղ, Ցեղասպանությունից հրաժարելու խնդիրը»։
Այս հարցով հենց այդ օրերին Սամվելի հետ բազում, անգամ շատ սուր բանավեճերս։ Հիշեցնե՞մ հայ- թուրքական արձանագրությունները Թուրքիայի Ազգային մեծ ժողով վարվեցաման ուղարկեիս իր կից նամակի բովանդակությունը, թե այն «Մոսկվայի ու Կարսի դաշնագրերի» վավերացումն է, պամաբանների հանձնաժողովի ստեղծման դեմ հանրային մեծ ընդվզումը… շարքը կարող եմ շարունակել։ Հիշեցնե՞մ Սամվել Ֆարմանյանին, որ Թուրքիան նահանջեց, եւ արձանագրությունները դարակ դրեց, երբ 2011 թվականի հունվարի 13-ին ՀՀ Սահմանադրական դատարանը (ՍԴ այսօրվա կազմը պետք է ուսումնասիրեր նախորդների աշխատանքը) հրապարկեց արձանագրությունների մասին իր եզրակացությունը, երբ նշել էր բոլոր կարմիր գծերը, որոնք չի կարելի անցնել բանակցություններում, ու դրանով զսպեց թուրքական ախորժակը։
Սխալ փաստական հիմք թիվ 5.
Ֆարմանյանը ֆուտբոլային դիվանագիտությունով է պայմանավորում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման աննաադեպ ընթացքը ու հռետորական հարց հնչեցնում՝ «….Քանի՞ պետություն ու միջազգային կառույց է հենց այդ գործընթացի արդյունքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը (միջանկյալ խորհուրդ՝ խոսեք իսկապես տեղեկացված անձանց հետ ու լավ փորփրեք ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման ակունքներն ու մայր գործոնները. զարմանալիորեն
կգնաք կհասնեք այնտեղ, ինչից դժգոհում եք)»։
Հարգելի՛ Սամվել, պետք չէ ձեւախեղել պատմությունը։ Դա կապ չուներ ֆուտբոլային դիվանագիտության հետ։ Դա արդեն վաղուց հիմք դրված գործընթաց էր, որի ուժն այնքան զորավոր էր, որ թուրք հայտնի հրապարակախոս, հեռուստալրագրող, եւ վերլուծաբան Մեհմեդ Ալի Բիրանդի դեռ 2005-ին այն կոչում էր «հայկական ցունամի»
Սամվել Ֆարմանյանի տեքստի հետագա շարադրանքին ու դատողություններին չեմ անդրադառնա, քանի որ դրանք բոլորը հիմնված են սխալ փաստական հիմքի վրա (տես փաստական սխալ թիվ 1)։
Անկեղծ ասած, արդեն մի քանի օր է ցանկանում էի անդրադառնալ այս թեմային, բայց շատ ավելի կարեւոր գործեր կան, մեր պայքարի մեջ անսակարկ մասնակցություն է պետք ու հիմա ունենք շատ ավելի կարեւոր նպատակ ու թիրախ՝ արգելակել թուրք- ադրբեջանական պահանջների ուժգնացող ընթացքն ու այս իշխանությունների աննահանջ զիջումները, ազատվելով այս չարիքից։
Վերջապես, եթե Սամվել Ֆարմանյանի բարձրացրած հարցին ստիպված համապարփակ անդրադառնալի հարց լինի, նա շատ լավ գիտի, որ այնքան ծալքեր, փակ էջեր կարող ենք բարձրացնել, առնվազն նա այդ մասին շատ լավ գիտի, այդ օրերին ամիսներով ենք վիճել, նեղացել, բայց միասնաբար գործել հանուն Հայրենիքի։
Հ.գ. Ի դեպ, մեր քաղաքական, հանրային գործունեության ընթացքում ավանդաբար
մեր գործընկերների հետ հարաբերություններում նշմարված թյուրըմբռնումների,
անհասկացողությունների դեպքում
փորձել ենք առաջին հերթին հարցերը քննարկել առանձնաբար ու ցանկացած խնդիր լուծվել է, շնորհիվ ձևավորված հարաբերությունների և թացը չորից ,առաջնայինը եկրորդականից զատելու քաղաքական մշակույթով:
Մեր մոտեցումներում դեռ ոչինչ չի փոխվել…»։