Մոռացե՛ք, Գորիս-Կապան ճանապարհից ադրբեջանական զորքի հետքաշումն իրատեսական չէ. Հենրիկ Քոչինյան

Սեպտեմբերի 26-ին Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերում հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտականությունների՝ սահմանադրականությանը համապատասխանության հարցի վերաբերյալ։

Այս որոշումը հրապարակելուց հետո պարզ դարձավ, որ 33 էջանոց այս որոշման մեջ ՍԴ-ն անդրադարձել է նաև Անկախության հռչակագրին և տարբեր կերպ հիմնավորել, որ՝ «Հռչակագրի որոշ դրույթներ խնդրահարույց են, ուստի չեն կարող համարվել գործող»։ Այստեղ խոսքը վերաբերում է Արցախից առհասարակ հրաժարմանը հայկական կողմից։

ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար (1990-1998թթ.), Լոռու նախկին մարզպետ, հասարակական-պետական գործիչ Հենրիկ Քոչինյանը 168.amի հետ զրույցում ցավով արձանագրեց՝ կարդացել է ՍԴ հրապարակած որոշումը, սակայն դրա վերաբերյալ այս պահին հանրային կարծիք չի կարող արտահայտել՝ դա թողնելով իրավաբաններին ու ոլորտի գիտակներին։

Ինչ վերաբերում է 2021 թվականից Ադրբեջանի հսկողության տակ հայտնված Գորիս-Կապան ճանապարհին և հարցին՝ ՍԴ այս որոշման տրամաբանությամբ առաջնորդվելով՝ սահմանազատում անելու դեպքում իրատեսակա՞ն է, որ Ադրբեջանը դուրս կգա Գորիս-Կապան ճանապարհից, Հենրիկ Քոչինյանը պատասխանեց.

Կարդացեք նաև

«Գորիս-Կապան ճանապարհից ադրբեջանական զորքի հետքաշումն իրատեսական չեմ համարում, մոռացե՛ք։ Ադրբեջանն այս ճանապարհը կազատի միայն այն ժամանակ, եթե լինի պատերազմ, ինչին Հայաստանը պատրաստ չէ»։

Հենրիկ Քոչինյանի խոսքով՝ Հայաստանում այլևս մասնագիտական խոսքը լսելի չէ, այդ իսկ պատճառով ցանկություն չունի որևէ մասնագիտական խոսք ասելու։

Հիշեցնենք, որ 2021 թվականի նոյեմբերից Գորիս-Կապան ճանապարհը գտնվում է  Ադրբեջանի հսկողության տակ։ Այս մասին 2021 թվականի նոյեմբերի 10-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր ԱԽՔ Արմեն Գրիգորյանը:

«Ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 12-ից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի»։

Տեսանյութեր

Լրահոս