
Միայն առերևույթ կարող է թվալ, որ Թեհրանի հարվածի պատճառը Լիբանանի հարավում Իսրայելի ցամաքային գործողության մեկնարկն էր․ Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրել է․
«Ըստ իս, Իրանն ու Սպիտակ տունն Իսրայելին ցույց են տալիս «վերմակի» և ոտքերի հարաբերակցությունը: Երբ Իրանի նախագահը հայտարարում է, որ ԱՄՆ մեզ խաբեց, իսկ ԱՄՆ չի առարկում, որ խաբել է, նշանակում է ինչ որ բան է համաձայնեցված:
Փեզեշկիանի արտահայտությունից հետո գրեցի, որ այդպիսի «խոստովանությունը» նշանակում է, որ Իրանը պետք է անի ինչ որ բան:
Միայն առերևույթ կարող է թվալ, որ Թեհրանի հարվածի պատճառը Լիբանանի հարավում Իսրայելի ցամաքային գործողության մեկնարկն էր:
Ըստ իս, հարվածը համաձայնեցվել է Փեզեշկիանի Նյու Յորք այցի ընթացքում:
Այո, կարող է հնչել տարօրինակ, թե ինչպես կարող է Իսրայելի դաշնակից ԱՄՆ համաձայնի, որ Իրանը թիրախավորի Իսրայելին: Իսկ ինչպե՞ս կարող է Իսրայելի դաշնակից ԱՄՆ թույլ տալ, որ Արաբական Միացյալ Էմիրությունները դառնան չիպերի արտադրության կենտրոն՝ Թայվանի փոխարեն:
Թայվանում բացվում է մարտադաշտը, ո՞ր պահի համար, բարդ է ասել, բայց մարտադատը բացվում է, իսկ չիպերի արտադրության իրավունքը տրվում է ԱՄԷ-ին, ինչը խորության մեջ նշանակում է, որ Էմիրությունները ստանում են ռեգիոնում ռազմատեխնիկական տեխնոլոգիական հենակետի կարգավիճակ: Այդ պետության ստեղծումից ի վեր առաջին անգամ ԱՄԷ նախագահի այցը ԱՄՆ, չի լինում հենց այնպես, պարզապես լինելու համար:
ԱՄՆ ընդունել է ի գիտություն, որ Մերձավորարևելյան-ծոցի ռեգիոնում փոխվել է ուժերի բալանսը, էապես փոխվել է: Դա ի գիտություն ընդունել չի ուզում Իսրայելը:
Բացատրելու հարցում Իրանը կլինի ԱՄՆ լռելյայն, բայց գլխավոր գործընկերը, որովհետև Վաշինգտոնի համար բոլորովին ցանկալի չէ հենվել Իսրայելի վրա, երբ ռեգիոնում մնացյալ բոլորի վրա կարող է հենվել Պեկինը»: