Չեմ բացառում, որ վաղն Ադրբեջանը նոր պատճառ գտնի. ուզում եմ, Ադրբեջանը մեզ շատ լսի. Ալեն Սիմոնյան

«Երբ մենք որևէ փաստաթուղթ քննարկում ենք կամ բարձրաձայն դրա մասին կարծիք ենք հայտնում, մենք նախապես նայում ենք՝ արդյո՞ք դա մեր Սահմանադրության հետ խնդիր կարող է առաջացնել, թե՞ ոչ: Հետագայում ՍԴ-ն իր որոշումն է կայացնում: Որևէ ձևով կասկածի տակ դնել անաչառությունը, տեղին չէ, որովհետև բազմաթիվ դեպքերի օրինակներ կարող եմ բերել, երբ իշխանության կարծիքը, քաղաքական մթնոլորտը և ՍԴ որոշումը հակառակ պատկերն են ունեցել»,- ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրում նշված է, որ այն ավելի վեր է լինելու, քան մնացած բոլոր փաստաթղթերը, հետևաբար, ըստ Սիմոնյանի՝ իրավական առումով շատ անհիմն մեղադրանք է Ադրբեջանի այն մեղադրանքը, թե Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ կան:

«Հակառակը՝ Ադրբեջանի Սահմանադրության մեջ կա նման դրույթ, որը տարածքային պահանջներ է ներկայացնում ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի այլ երկրների նկատմամբ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ իրենց քաղաքական կամքն է՝ խաղաղության պայմանագիր կնքել:

«Բացասական պետք է արձագանքեմ, որ Ադրբեջանի քաղաքական կամքի պարագայում մենք բազմիցս առաջարկել ենք՝ կարող ենք հենց այսօր էլ կնքենք»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից ասել էր՝ եթե ՀՀ Սահմանադրությունը խանգարի խաղաղության պայմանագրին, ապա Սահմանադրությունը կփոխեն, նորմա՞լ է այդ հայտարարությունը, նա պատասխանեց. «Ես նման բան չեմ լսել այդ հայտարարության մեջ, նա ասել է, որ եթե նման բան կլինի, և ՍԴ-ն կորոշի, որ դա հակասում է, մենք նոր դրա մասին կմտածենք: Ես կրկնում եմ, որ մենք երբ խոսում և քննարկում ենք, դուք ո՞նց եք պատկերացնում՝ առանց իմանալու կամ առանց բազմաթիվ անգամ իրավաբանների և սահմանադրագետների հետ քննարկելու՝ մենք կարող է նման հայտարարություն անե՞նք: Հավատացեք, որ ոչ: Դա առիթ է, և չեմ բացառում, որ օրեր անց, երբ կփարատվի այդ խոսակցությունը, և կարծում եմ՝ միջազգային հարթակներում մարդիկ արդեն հասկացել են, և Ադրբեջանը պետք է այդ մեսիջները ստացած լինի, որ այդ Սահմանադրության վերաբերյալ պնդումը շատ անհիմն է, ես չեմ բացառում, որ վաղը-մյուս օրը նոր պատճառ կգտնեն»:

Ալեն Սիմոնյանը նկատեց՝ քաղաքական կամքի պարագայում ոչ մի խնդիր չկա՝ համաձայնեցված կետերով խաղաղության պայմանագիր կնքել. «Կոչ ենք անում միջազգային հանրությանը խոսել սրա մասին՝ Ադրբեջանի գործընկերների հետ: Եթե իրոք Ադրբեջանը տարածքային նկրտումներ չունի, եթե իրոք Ադրբեջանի ղեկավարն ուզում է խաղաղություն տարածաշրջանում, գնդակը շատ վաղուց գտնվում է Ադրբեջանի դաշտում, և մենք սպասում ենք պաշտոնական Բաքվի արձագանքին, թե խաղաղության պայմանագիրը որ հարթակում կկնքենք, որտեղ են առաջարկում, որպեսզի քննարկենք: Միջազգային տարբեր գործընկերներ հարթակներ են առաջարկում, և սա ևս մեսիջ է, որ միջազգային հանրությունը սպասում է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս