Բաժիններ՝

Դամասկոսի վրա իսրայելական հարվածների հետևանքով կա 3 զոհ, 9 վիրավոր. SANA

Իսրայելը հարձակում է գործել Սիրիայի վրա՝ օգտագործելով ռազմական ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր, ինչի հետևանքով զոհվել է երեք խաղաղ բնակիչ, ևս ինը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է սիրական պետական SANA գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական գերատեսչության աղբյուրին։

«Երեքշաբթի (հոկտեմբերի 1-ի) գիշերը ժամը 2։05-ին թշնամի Իսրայելը օկուպացված Գոլանի բարձունքներից օդային հարձակում է իրականացրել ռազմական ինքնաթիռների և ԱԹՍ-ների միջոցով՝ թիրախավորելով Դամասկոս քաղաքի մի քանի կետեր», – հայտնել են ռազմական գերատեսչությունից:

Բացի երեք զոհից և ինը վիրավորից, նաև զգալի վնաս է հասցվել մասնավոր սեփականությանը։

Ըստ հրապարակման՝ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են հրթիռներից մի քանիսը։ 

Իր հերթին սիրիական Sham FM ռադիոկայանը հայտնել է, որ իսրայելական հարվածների հետևանքով սաստիկ հրդեհ է բռնկվել Հադիքաթ էլ Ֆարանսիյա զբոսայգու մերձակայքում գտնվող Մեզզե պողոտայի առանձնատների տարածքում։

Հրշեջները մարում են կրակը, դեպքի վայր են ժամանել շտապօգնության մեքենաներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս