Իշխանությունը, այսպես կոչված, իրավական խարդախություն է մտածել. Սա՛ է մատուցելու Ադրբեջանին. Գոհար Մելոյան
Օրերս Ադրբեջանից հնչեցին ՀՀ Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հերթական պահանջները։
«Խաղաղ պայմանագրի ստորագրման համար Հայաստանի Սահմանադրության տեքստում, հանրաքվեի միջոցով, պետք է փոփոխություններ կատարվեն։
Հայ ժողովուրդը պետք է վերջ տա Ղարաբաղի և Հայաստանի միացման իր ուտոպիստական հավակնություններին և սահմանադրորեն ամրագրի Ադրբեջանի հետ խաղաղության մեջ ապրելու իր ցանկությունը»,- օտարերկրյա դիվանագետների հետ օկուպացված Արցախ կատարած այցի ընթացքում հայտարարել էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Երեկ հայտնի դարձավ, որ Սահմանադրական դատարանի կողմից Ադրբեջանի այս պահանջը գրեթե բավարարված է, երբ ՍԴ-ն հրապարակեց ՀՀ-ի և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի սահմանադրականության վերաբերյալ որոշման ամբողջական տեքստը։
Իսկ այս որոշումը հրապարակելուց առաջ, օրերս ՄԱԿ-ում իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ՝ «եթե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրին խոչընդոտի ՀՀ Սահմանադրությունը, ապա անհրաժեշտ կլինի փոփոխություններ անել՝ խաղաղության հասնելու համար»։
«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի», «GM Legal» փաստաբանական գրասենյակի համահիմնադիր, սահմանադրագետ Գոհար Մելոյանի բնորոշմամբ՝ Սահմանադրական դատարանի որոշումը հակասահմանադրական է։
«Սահմանադրական դատարանն անհեթեթ որոշում է կայացրել սեպտեմբերի 26-ին։ Ուսումնասիրելով հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգի համապատասխանության հարցը, սահմանադրականությունը, ՍԴ-ն կարող էր ընդունել երկու տեսակի որոշում՝ ճանաչել Սահմանադրությանը համապատասխանող կամ հակասող՝ մասնակի կամ ամբողջական, ընդ որում, այս երկու որոշումներից մեկը կարող էր կայացնել տվյալ փաստաթղթի դրույթների և Սահմանադրության նորմերի մեկնաբանմամբ։ Բայց ՍԴ-ն անուղղակի հղում կատարելով՝ սա բերել-կապել է անկախության հռչակագրի հետ, որի հետ ակնհայտորեն որևէ աղերս չուներ։ Իր բավականին ծավալուն՝ 33 էջանոց որոշումը ՍԴ-ն նվիրել է անկախության հռչակագրին և տարբեր մոտեցումներով հիմնավորել, թե Հռչակագրի որոշ դրույթներ խնդրահարույց են այսօր ադրբեջանական կողմի համար, այս պահին չեն կարող համարվել գործող»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գոհար Մելոյանը։
Նրա խոսքով՝ ՍԴ-ն, որն իրականացնում է սահմանադրական արդարադատություն, Անկախության հռչակագիրն անվանել ու համադրել է «երեխային խժռող ծնողի» հետ։ Նաև արձանագրում է կատարել, թե Արցախի Հանրապետության հետ միացման հռչակագրային դրույթն այլևս չի կարող համարվել գործող։
«Սա լիազորությունների սահմանազանցում է, որովհետև ՍԴ-ի լիազորությունները հստակ թվարկված են մեր ՍԴ 168-րդ հոդվածում, այդ հոդվածի մասերից յուրաքանչյուրը հստակ բացում է, թե ո՞ր դեպքերում և ո՞ր մարմինների դիմումների արդյունքում ինչ բնույթի հարցեր կարող է քննել։ Այս ցանկը հստակ ու համապարփակ է, որտեղ անկախության հռչակագիրը չի դասվում։ Առհասարակ Հռչակագիրը քննության ենթակա իրավական ակտ չէ, և ՍԴ-ն իրավասություն չուներ քննության ենթարկելու այն։ Ընդգծում եմ՝ Անկախության հռչակագիրն արձանագրային բնույթ ունեցող սկզբունքների, նպատակների, չճկվող, ուժը չկորցնող փաստաթուղթ է, ուստի ՍԴ-ի այս որոշումը հակասահմանադրական է»,- շեշտեց Գոհար Մելոյանը։
Մեր զրուցակիցը նաև ասաց, որ Սահմանադրական դատարանի այս որոշումը հրապարակելուց հետո հայ հասարակության համար պատկերն ավելի ամբողջական դարձավ, թե ի՞նչ է անում ՀՀ իշխանությունը և ո՞ր ուղղությամբ է ընթանում։
«Այստեղ զավեշտն այն է, որ անգամ ադրբեջանական կողմն ավելի ակնածանքով է վերաբերվում մեր օրենսդրական ակտերին, քան մեր քաղաքական իշխանությունը։
Արդեն հայտնի է, որ ՀՀ իշխանությունն օգոստոսի վերջից սկսած՝ թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ Արարատ Միրզոյանի շուրթերով բազմիցս հնչեցրել է պատրաստակամություն՝ ստորագրելու խաղաղության պայմանագիրն այն տեսքով, որի շուրջ եկել են նախնական պայմանավորվածության։ Սրան ադրբեջանական կողմը հանրային կերպով մերժողական արձագանք տվեց՝ առաջ բերելով ՀՀ Սահմանադրությունը փոխելու հարցը։ Այսինքն՝ մեր իշխանությունը, այսպես կոչված, իրավական խարդախություն է մտածել հանրաքվեն շրջանցելու համար։
Ադրբեջանում անգամ այս փաստաթուղթը չի հրապարակվել, իսկ մեզ մոտ օդում կախված հարց էր մնացել, թե ինչո՞ւ է ՀՀ իշխանությունը ցուցաբերում նման շտապողականություն այս փաստաթուղթը վավերացնելու համար։ Հիմա այս հարցի պատասխանը ՍԴ որոշմամբ ունենք, փաստորեն իրենք իրավական զարտուղի էին մտածել՝ Ադրբեջանին ասելու, որ Անկախության հռչակագրի նախաբանն այլևս խոչընդոտ չէ, սա են մատուցելու Ադրբեջանին»,- եզրափակեց Գոհար Մելոյանը։