Բաժիններ՝

Սիգերու Իսիբային պաշտոնապես ընտրել են Ճապոնիայի վարչապետ

Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության (ԼԴԿ) նախագահ Սիգերու Իսիբան խորհրդարանում ընտրվել է երկրի 102-րդ վարչապետ` հաջորդելով Ֆումիո Կիսիդային։

Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։

Իսիբան ԼԴԿ-ի նախագահ էր ընտրվել սեպտեմբերի 27-ին։ Նրան վարչապետի պաշտոնում հաստատել է խորհրդարանի ինչպես ստորին, այնպես էլ վերին պալատը։ Իսիբան առաջիկա ժամերին կկազմի կառավարություն:

Օրվա երկրորդ կեսին նոր կառավարության կազմը կհաստատի կայսր Նարուհիտոն։

Հոկտեմբերի 4-ին Իսիբան և առանցքային նախարարները ծրագրային ելույթներով հանդես կգան խորհրդարանում։ Հոկտեմբերի 9-ին խորհրդարանի ստորին պալատը կարձակվի՝ հոկտեմբերի 27-ին կայանալիք արտահերթ ընտրություններին ընդառաջ: 

Ավելի վաղ Ճապոնիայի կառավարությունը՝ Ֆումիո Կիսիդայի գլխավորությամբ, լրիվ կազմով հրաժարական էր տվել։Կիսիդան օգոստոսին հայտարարել էր, որ սեպտեմբերին չի առաջադրի իր թեկնածությունն իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահի ընտրություններում։  Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, որը Ճապոնիայում իշխում է 1955 թվականին հիմնադրումից ի վեր, վերջին ամիսներին ներգրավված է եղել քաղաքական լուրջ սկանդալում։

Կուսակցության երկու ամենաազդեցիկ խմբակցություններին մեղադրել են նրանում, որ նրանք, ինչպես հարկն է, չեն հայտարարագրել իրենց եկամուտներն ու ծախսերը և միլիոնավոր դոլարի քաղաքական հանգանակությունների մասին սխալ հաշվետվություն են ներկայացրել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս