Երևան-Բաքու գործընթացին հարկավոր է հավասարակշռված միջնորդություն, դա չի կարող անել միայն ԱՄՆ-ը, միայն Ֆրանսիան կամ միայն Թուրքիան․ վերլուծաբան

Չնայած օրերս բարձրագույն ՄԱԿ ԳԱ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը մեծ վստահությամբ պնդեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանի ղեկավարությունը ոչ անսպասելիորեն շարունակում է տարածքային պահանջ հնչեցնել։ «Ղարաբաղի և արևելյան Զանգեզուրի մեր հայրենակիցները, որոնք երբեք չեն տեսել այդ հողերը, ոգևորությամբ և անհամբերությամբ են սպասում վերադարձի օրվան՝ անհամբեր սպասելով Մեծ վերադարձի ծրագրի իրականացմանը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և հավելել՝ «վստահ եմ՝ նույն պատկերը կտեսնենք նաև Արևմտյան Ադրբեջան վերադարձի ժամանակ»։

Անցած հունիսին Ադրբեջանի առաջնորդը Երևանից պահանջել էր «հստակ պատասխան տալ՝ ինչպես կարող են Հայաստանի ներկա տարածքից՝ Արևմտյան Ադրբեջանից, արտաքսված ադրբեջանցիները կամ նրանց ժառանգները վերադառնալ իրենց պատմական հողեր՝ այցելել այդ տարածքներ կամ բնակություն հաստատել այնտեղ»։ Պաշտոնական Բաքուն, «Արևմտյան Ադրբեջան» ասելով, նկատի ունի Հայաստանի տարածքը: Բացի այն, որ Արցախի բռնի տեղահանությունից և հայաթափումից հետո Ադրբեջանը Հայաստանից պահանջում է միասին լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, փոխել ՀՀ Սահմանադրությունը, չգնել ռազմամթերք, որը կարծես նոր պահանջ է ձևավորում, Ադրբեջանը պահանջում է նաև, այսպես կոչված, մեծ վերադարձ՝ հավակնելով ՀՀ տարածքներին։

Օրերս էլ La Repubblica թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել էր, թե Երևանի հետ խաղաղ համաձայնագրի ձեռքբերման խոչընդոտ է համարում Հայաստանի Սահմանադրությունը, որը ենթադրում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։

«Մենք ավելի քան երբևէ մոտ ենք խաղաղությանը, բայց առջևում դեռ կան խոչընդոտներ։ Առաջինը Հայաստանի Սահմանադրությունն է, որը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Դրա նախաբանը վերաբերում է անկախության հռչակմանը, որտեղ հայերենով գրված է «Միացում» բառը, որը նշանակում է Ղարաբաղի ադրբեջանական տարածքների միավորում Հայաստանին։ Մենք ցանկանում ենք խաղաղության համաձայնություն ձեռք բերել ոչ միայն Հայաստանի կառավարության, այլ նաև հայ ժողովրդի հետ, որը պետք է իր ձայնը բարձրացնի սահմանադրության փոփոխության հանրաքվե անցկացնելու պահանջով՝ հրաժարվելով Ադրբեջանի տարածքային պահանջներից։ Խաղաղության պայմանագիրը թղթի կտոր չէ, այն պետք է երաշխիք լինի, որ Հայաստանում ոչ ոք չի դիմի ռևանշիզմի Ադրբեջանի դեմ, որը սպառնում է տարածաշրջանում խաղաղությանը»,- ասել էր Ալիևի օգնականը։

Կարդացեք նաև

Հաջիևն անդրադարձել էր նաև ՀՀ սպառազինությանն ու նշել, որ Հայաստանի ռազմականացումը պետք է լինի պատասխանատու և համաչափ՝ մտահոգություն հայտնելով Երևանի կողմից Ֆրանսիայից հեռահար հրթիռների գնման առնչությամբ։ «Հայաստանի համար լավագույն լուծումը կլինի չեզոքությունը, այլ ոչ թե Ադրբեջանի դեմ ռազմական դաշինքների ստեղծումը»,- նշել է Հաջիևը։

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական-տնտեսական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ այս ոչ ստանդարտ բանակցային գործընթացում անընդհատ փորձ է արվում հավելյալ դիվիդենտներ քաղել հետպատերազմյան Հայաստանից։ Բնականաբար, նրա խոսքով, երբ չկա դասական միջնորդական գործընթաց, դրանից օգտվում է այն կողմը, որն իրեն ավելի ուժեղ ու վստահ է զգում։

«Կարծում եմ՝ ռեգիոնալ միջնորդության որոշակի ձևաչափն ունակ կլինի հավասարակշռել իրավիճակը մի փոքր, ստեղծելով զսպման մեխանիզմներ, խոսքն այնպիսի ձևաչափի մասին է, որում կլինեն ռեգիոնալ խաղացողները։ Ինչպես տեսանք, օրերս ԱՄՆ պետքարտուղարի կողմից կազմակերպված հանդիպմանը, նախարարները հանդիպեցին, պարզապես միմյանց հետ շփվելու հնարավորություն ստացան, սակայն ակնհայտ էր, որ որևէ հարց չէր համաձայնեցվել ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ։ Իհարկե, սա ամերիկյան դիվանագիտության համար ծանր հանգրվան է, ԱՄՆ-ը Հարավային Կովկասում հակամարտության կարգավորման գործընթացին միջնորդում է և նույնիսկ եզրափակիչ հայտարարությունում կողմերի միջև մեկ կետով առաջընթաց չի արձանագրում»,- նման տեսակետ հայտնեց վերլուծաբանը։

Նա գտնում է, որ հրապարակայնորեն և հարցազրույցներում հայտարարվող պահանջները դրանք բանակցային սեղանին առկա պահանջներ չեն և ենթակա են բանակցության համապատասխան միջնորդական միջավայրում։ Սակայն, վերլուծաբանի կարծիքով, այսօր կողմերի միջև հարաբերություններից ոչ պակաս էական ազդեցություն ունի հնարավոր միջնորդների միջև հարաբերությունների բաղադրիչը։

Նրա կարծիքով, ռեգիոնում ամեն առումով պետք է հավասարակշռությունը վերականգնել։

«Դա պետք է տեղի ունենա նաև միջնորդության մակարդակով։ Մեկ հայամետ կամ մեկ ադրբեջանամետ միջնորդը չի կարող արդյունավետորեն նպաստել կարգավորմանը։ Դա չի կարող անել միմիայն ԱՄՆ-ը, միմիայն Ֆրանսիան կամ միայն Թուրքիան։ Սա էլ հենց միջազգային հարաբերությունների ճգնաժամ է։ Սակայն գլխավոր խնդիրը Հայաստանինն է, որը մերժելով ՌԴ-ին ամեն կերպ, հույս է կապում Արևմուտքի հետ, սակայն Արևմուտքը չի կարողանում կամ չի ջանում հանուն ՀՀ-ի քայլեր անել, ինչպես ՀՀ-ում են ակնկալում, քանի որ նրանց համար, ՀՀ-ից բացի, կարևոր են Վրաստանն ու Ադրբեջանը։ Ուստի ՀՀ արտաքին քաղաքական հաշվարկներից, հնարավորություններից և քայլերից շատ բան է կախված։ Բայց գուցե հայկական կողմին հավասարակշռություն պետք չէ, քանի որ նրանք չեն բացառում Թուրքիայի միջնորդությունը կամ մասնակցությունը գործընթացին։ Շատ բարդ գործընթաց է, որն այսօր փակուղում է՝ Երևանն իր առաջարկն է արել, որը Բաքուն մերժել է, Երևանի առջև դնելով մի շարք պահանջներ։ Թե ինչպես կհանգուցալուծվի այս բարդ իրավիճակը, բնականաբար, բարդ է ասել»,- ասաց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս