Շարունակաբար պայքարել
Մեր կյանքը լեցուն է չարի ու բարու պատերազմով, և մենք չենք կարող անմասն լինել այդ պատերազմից, որովհետև այն ոչ միայն աշխարհագրականորեն մեզանից հեռու ինչ-որ վայրերում է, այլև մեր շրջակայքում, մեր ներսում: Այդ պատերազմը շատ ավելի ընդգրկուն է հոգևոր դաշտում, որտեղ յուրաքանչյուր մարդու հոգու փրկության համար պատերազմ է մղվում:
Այլ հարց է, թե անհատն ում ճամբարին է միանում` Աստծո՞ որդիների, թե՞ երկնքի տակ եղող չար ոգիների (Եփես. 6.12): Առաքյալն ընդգծում է, որ այդ պայքարը անընդմեջ է, մինչև մեր կյանքի ավարտն այս աշխարհում. «Պատերազմեցի բարի պատերազմը, ավարտեցի ընթացքս, պահեցի հավատը» (Բ Տիմոթ. 4.7):
Այնուամենայնիվ, այն անձը, որը ձգտում է քրիստոնեավայել ապրել, երբեմն հենց ինքն էլ է տարբեր իրադրություններում հակառակվում Աստծո կամքին: Հայր Թադեոս վրդ. Վիտովնիցկին այս պարագայում հարցադրում է կատարում, թե ինչո՞ւ ենք Աստծու կամքին հակառակվում: Պատճառն այն է, որ գտնվում ենք հոգևոր պատերազմի մեջ: Երկրային այս կյանքն անընդմեջ ֆիզիակական և մտավոր պայքար է:
Պատերազմը նախ ծնվում է մտքերում, իսկ երբ չենք կարողանում տիրապետել մտային պատերազմը, այդժամ սկսում ենք միմյանց հետ հաշիվեր մաքրել: Մենք այդպիսի վիճակում ենք այս երկրի վրա և կարծում ենք, թե պայքարում ենք հավատքի համար, սակայն միայնակ չենք կարող ոչինչ անել հանուն հավատքի, այլ միայն այն դեպքում, եթե միավորվենք և գործենք միաբանությամբ, այդ դեպքում կլինենք ուժեղ և զորավոր: Մենք ստիպված ենք պայքարել, որովհետև մեղքի պատճառով անկում ապրած մարդկանց ժառանգներն ենք, իսկ մեր հակառակորդները խորամանկ են և ամեն անգամ փորձում են մեզ շեղել Աստծուն մոտենալու ճանապարհից:
Տասնկերկուամյա մի աղջիկ ասում էր, թե ինքը սիրում է իր ծնողներին, և իր ծնողները նույնպես իրեն շատ են սիրում, բայց չի հասկանում, թե ինչպես են իր գլխում մտքեր գալիս, որ հակառակվի իր ծնողներին, չլսի նրանց, թեև ինքն այդպիսի բան չի ուզում անել: Ինքն ուզում է լսել իր ծնողներին, սակայն հանգստություն չունի: Ահա տեսնո՞ւմ եք, թե ինչ են անում երկնքի տակ գտնվող չար ոգիները` այդպիսի մտքեր ներշնչելով և մարդուն խաղաղություն չտալով, մարդու հոգին խռովքի և անհանգստության մեջ պահելով: Մենք անընդմեջ պայքարում ենք, որպեսզի ամրացնենք մեր հավատքը, իսկ անկյալ ոգիները շարունակաբար մտքերի գրոհով հարձակվում են:
Մի ճգնավորի տասներկու տարի մի միտք էր տանջում, որ Աստված չկա: Նա առանձնանում է, միայնակյացի կյանք վարում, բայց տասներկու տարի այդ միտքը նրան տանջում է, և նա կռիվ է տալիս չար ոգիներ դեմ: Բայց Աստված գիտեր, թե ինչքան ժամանակ այդ ճգնավորը կարող էր դիմանալ և թույլ էր տվել, որ այդպիսի մտքերի հարձակում տեղի ունենար նրա վրա զօրուգիշեր: Այս ամենից հասկանալի է, որ ամենօրյա պայքար է գնում չարի և բարու միջև:
Մենք ուզում ենք բարի լինել, իսկ չար ոգիներն ուզում են, որ որևէ բարի բան չունենանք, այլ միայն չարություն: Դրա համար մենք պայքարում ենք, Աստված է մեր պահապանը, և կարող ենք օգնություն գտնել Աստծու մոտ, և Նա մեզ կօգնի: Մտքերի մեր պայքարը մարմնի և արյան դեմ չէ, այլ չար ոգիների դեմ է: Հետևաբար, շարունակաբար պիտի աղոթենք Երկնավոր Հորը, որ մեզ արժանացնի սիրել այնպիսի սիրով, ինչպես սբ. Մարիամ Աստվածածինն էր սիրում Աստծուն, հրեշտակներին և սրբերին: Աստված ուզում է, որ այդպիսի սեր ունենանք, և այդ սերը հավիտենական լինի: Կան մարդիկ, որոնք մանկությունից ունեն խոնարհություն և հեզություն ու բարի են:
Դա Աստծո կողմից տրված պարգև է նրանց: Բայց աշխարհում շատ ավելի են խորամանկ և համառ մարդիկ, որոնք պիտի բազմաթիվ դժվարությունների միջով անցնեն, որոնց միջոցով հաղթահարում են չարն իրենց մեջ, և հոգևոր ուրախությունն ընդունում որպես անկրկնելի մի աստվածային պարգև:
Նիկոդեմոս Աթոսացին նշում է, որ ովքեր հասկանում են իրենց մեղավոր, աղետալի վիճակը, և ցանկանում են փրկության և կատարելության ուղին բռնել, թշնամին այդպիսիներին իր իշխանության տակ է պահում հետևյալ պարզ միջոցով. նա ներշնչում է, որ հոգևոր կյանքով կարելի է հետագայում ապրել, կարելի է ամեն ինչ սկսել հետո, ոչ այսօր, վաղը կամ մյուս օրը:
Անհրաժեշտ է ավարտել այս կամ այն գործը, հետո լիովին ազատ լինելով, սկսել հոգևոր կյանքը: Եվ մեղավորը մտածում է, որ իսկապես կարելի է հոգևոր կյանքը մի փոքր հետաձգել: Եվ այսկերպ չարն իր ձեռքում է պահում շատ և շատ մեղավորների հոգիները: Իսկ այդքան դյուրին կերպով չարի ցանցում հայտնվելու հիմնական պատճառը մեր ծուլությունն է և եռանդի ու նախանձախնդրության պակասը: Սակայն այդպիսի մտքերը պետք է վանել վճռականորեն և մտածել հետևյալի մասին՝ հենց այժմ: Այժմ սկսելու եմ հոգևոր կյանքը և ոչ թե վաղը:
Այսօր եմ զղջալու և ոչ թե վաղը: Իմն այժմն է, իսկ վաղը կամ հետագան Աստծո ձեռքում է: Բայց եթե Աստծուն անգամ հաճո լինի վաղը ինձ նվիրել, արդյո՞ք կարող եմ համոզված լինել, որ այսօրվա բարի տրամադրությունը կունենամ: Դա նման է այն բանին, որ հիվանդին առաջարկում են դեղամիջոց, իսկ նա ասում է՝ սպասի´ր, մի քիչ էլ հիվանդությունը կրեմ:
Հայր Պաիսիոսը խորհուրդ է տալիս, որ ժամանակ առ ժամանակ ինքներս մեզ զննենք, նայենք մեր հոգուց ներս, որովհետև դա օգտակար է մեր հոգևոր կյանքը վերանայելու համար: Դա անհրաժեշտ է, որպեսզի տեսնենք, թե որտեղ ենք գտնվել նախկինում և ներկայումս որտեղ ենք գտնվում Աստծուն մոտենալու մեր ճանապարհին և որտեղ է անհրաժեշտ լինել:
Չհամեմատելով անցյալը ներկայի հետ՝ չենք կարողանա հասկանալ մեր հետագա ընթացքը, քանի որ հաճախ գտնվում ենք այնտեղ, այն հոգևոր կետում, որտեղ պիտի չլինեինք և չենք հասկանում, որ դրանով տրտմեցնում ենք Սբ. Հոգուն: Երբ մարդը երիտասարդ է, նա արդարացում ունի, թե լավ հոգեվիճակում չէ, սակայն նա չունի այդ արդարացումը, երբ հասուն տարիքում է և միևնույն վիճակում է կամ չի ձգտում անհրաժեշտ կերպով փոխվել: Ինչքան մեծանում է մարդու տարիքը, դրան զուգահեռ նա պիտի ձգտի ավելի հոգևոր հասուն տարիք ունենալ:
Պողոս առաքյալն այդպես հորդորում է. «Մինչ երեխա էի, խոսում էի ինչպես երեխա, խորհում էի ինչպես երեխա, դատում էի ինչպես երեխա. իսկ երբ տղամարդ դարձա, երեխայական բաները մի կողմ թողեցի» (Ա Կորնթ. 13.11): Երբ նայում ենք անցյալի փորձառությանը և դրանից դասեր քաղում, ավելի հաստատուն ենք քայլում ու չենք երերում:
Վերելքներն ու անկումները հոգևոր կյանքում երբեմն օգնում են, որպեսզի մենք ավելի պտղաբեր և հաստատակամորեն առաջ ընթանանք: Ուշադիր կերպով հետևելով բոլոր կատարված իրադարձություններին, դրանցից դասեր քաղելով և օգտագործելով հանուն հավատքի ամրապնդման, մենք փորձառություն ենք ձեռք բերում, որը հետագայում մեզ բավականին օգնում է հոգևոր պայքարի մեջ: Ուստի անկումներից չպետք է վհատվենք և նահանջենք, այլ շարունակենք քայլել դեպի Քրիստոս, որովհետև մեր հաղթանակը հոգևոր այդ պայքարում շարունակաբար Քրիստոսին մոտենալու մեջ է:
Պատրաստեց Հովհաննես Մանուկյանը