Սարգիս Գալստյանը ցուցմունքը տվել է ճնշումների ներքո, նա հրաժարվել է դրանից. փաստաբան
Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում որպես «պարետ» մնացած Սարգիս Գալստյանը հրաժարվել է ինքնախոստովանական ցուցմունքից, որոնք, Սարգիս Գալստյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի, փոխանցմամբ, տրվել են հարկադրանքների ներքո։ Այս մասին գրում է «Փաստինֆոն»։
Հիշեցնենք, որ Սարգիս Գալստյանն Արցախի հայաթափումից հետո կնոջ հետ մնացել էր Ստեփանակերտում՝ իբրև որպես «պարետ», թեև Արցախում ընդամենը մի քանի տասնյակ հայ էր մնացել, որոնք ևս ԿԽՄԿ-ի միջոցով տեղափոխվում էին Երևան։ Գալստյանի կինն ինստագրամյան իր էջում պարբերաբար տեսանյութեր էր հրապարակվում՝ Արցախի դատարկ փողոցներից։ Մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել Սարգիս Գալստյանը և նրա կինը՝ սեփական ցանկությամբ։
ՀՀ սահմանը հատելուց հետո վերջիններս ձերբակալվել են, սակայն ավելի ուշ Գալստյանի կինն ազատ է արձակվել, իսկ Սարգիս Գալստյանին, մարտի 30-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, ներկայացվել է մեղադրանք լրտեսության համար։ Սարգիս Գալստյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Սարգիս Գալստյանից բացի այս գործով այլ մեղադրյալներ չկան։ Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, գործը գտնվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գարիկ Աբելյանի վարույթում։
Ալեքսանդր Կոչուբաևը, սակայն, նշում է՝ գործի ընդդատությունն է սխալ, բայց դա դատարանի սխալը չէ։ Խնդիրն այն է, որ ենթադրյալ դեպքը տեղի է ունեցել Արցախի Հանրապետության տարածքում, ուղղված է եղել Արցախի Հանրապետության ինքնիշխանության, տնտեսական և ազգային անվտանգության դեմ, սակայն, ըստ փաստաբանի, ենթադրյալ հանցանքների կատարման պահին ՀՀ ԶՈՒ-երը վերահսկողություն չեն ունեցել Արցախի Հանրապետության տարածքի նկատմամբ, իսկ չճանաչված պետությունների վերաբերյալ ԵԴ չափանիշը հստակ է՝ եթե չճանաչված պետության տարածքում հանցանք է լինում, ապա տարածվում է այն պետության իրավազորությունը, որն ունի արդյունավետ վերահսկողություն, այսինքն՝ քաղաքական, զինվորական և տնտեսական հսկողություն՝ չճանաչված պետության նկատմամբ։ Այլ խոսքով՝ պաշտպանը գտնում է, որ ՀՀ դատարանները չեն կարող քննել այս գործը; Բացի այդ, փաստաբանը, անդրադառնալով բուն մեղադրանքին, նշում է, որ ըստ մեղադրանքի՝ Սարգիս Գալստյանը կապ է հաստատել Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Թուրան Գանջարիի ու նրա օգնական Սամիռի հետ, ինչը չի բավարարում հատուկ ծառայության աշխատակցի չափանիշներին, այսինքն՝ նրանք հատուկ ծառայության աշխատակից չեն հանդիսանում։ Ըստ փաստաբանի՝ որևէ ապացույց չկա նաև, թե ինչ տվյալ է ենթադրաբար փոխանցել Սարգիս Գալստյանը՝ Ադրբեջանին, առհասարակ որևէ փաստաթուղթ, առավել ևս՝ պետական գաղնտիք պարունակող որևէ տվյալ՝ չի փոխանցվել։
«Քննիչը Հանրային ՀԸ եթերում ասում է, թե Սարգիս Գալստյանը կատարել է լրտեսություն կամ պետական դավաճանություն, նույնն է, որ ասես՝ անձը կատարել է սպանություն կամ կողոպուտ, սրանք փոխբացառող մեղադրանքներ են և վկայում է այն մասին, որ անգամ քննիչը չգիտի, թե ինչում պետք է մեղադրել Գալստյանին։ Այս պահին մեղադրվում է լրտեսության մեջ։ Պետական դավաճանության և լրտեսության մեջ օրգանական կապ կա, գործողությունը նույնն է, բայց կա նուրբ սահմանագիծ՝ քաղաքացիությունը՝ լրտեսությունը կարող է կատարել օտարերկրյա քաղաքացին կամ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձը, իսկ պետական դավաճանությունը՝ ՀՀ քաղաքացիություն ունեցող անձը։ Սարգիս Գալստյանը, ինչպես մեզնից յուրաքանչյուրը, ունի կապույտ ՀՀ քաղաքացու անձնագիր, բայց քանի որ Արցախը հանձնել են, քաղաքական որոշում է կայացվել, թե իբր այդ անձնագրերն անիմաստ են, կոդը այլ է, ինչն անտրամաբանական է։ Սխալ կոդով է՝ թող չտային։ Քանի դեռ ՀՀ քաղաքացու անձնագիրը գտնվում է Գալստյանի մոտ, պետք է ընդունենք ի գիտություն, որ նա ՀՀ քաղաքացի է»,- «Փաստինֆո»-ին ասաց Կոչուբաևը։
Գործի հանգամանքների վերաբերյալ մանրամասներ հայտնելով՝ Կոչուբաևը հայտնեց, որ քրեական վարույթի նախաձեռնման միակ առիթը Սարգիս Գալստյանի հաղորդումն էր և խոստովանական ցուցմունքը, ինչից նա հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ ՔԿ և ԱԱԾ աշխատողները նրան հարկադրել են տալ այդ հաղորդումը և այդ բովանդակությամբ ցուցմունքները։
«Գալստյանի խոսքերով՝ առաջարկ է եղել՝ կամ կնոջ հետ միասին կալանավորվել, կա՛մ նման ցուցմունք տալ և կինը չի կալանավորվի։ Սարգիս Գալստյանն էլ, ինչպես ադեկվատ տղամարդ, համաձայնել է»,- ասաց փաստաբանը՝ միևնույն ժամանակ նշելով, որ միայն անձի խոստովանական ցուցմունքով անձը չի կարող դատապարտվել, դա ակտի բեկանման հիմք է։
Երկրորդ փաստարկը, որը մատնանշում է մեղադրանքի կողմը, այն է, որ Սարգիս Գալստյանի խուզարկությամբ հայտնաբերվել է հայ-թուրքական բառարան, մինչդեռ, ըստ փաստաբանի, Գալստյանը մասնագիտությամբ թուրքագետ է, բացի այդ, թուրքերենն ու ադրբեջաներենը տարբեր լեզուներ են․ «Թուրքագետ Սարգիս Գալստյանի մոտ կա հայ-թուրքական բառարան, որովհետև նա թուրքագետ է։ Դա նույնն է, որ ասես՝ իրավաբանի մոտ կա քրեական օրենսգիրք, հետևաբար՝ կապ ունի քրեական ենթամշակույթի հետ»։
Ինչ վերաբերում է մուտքային և ելքային հեռախոսազանգերին՝ ադրբեջանական համարներին, ապա փաստաբանը նշեց, որ այդ տվյալները ստանալով՝ մտադիր էր հրաժարվել պաշտպանությունից, բայց Գալստյանն ԱԱԾ հակահետախուզության սպա էր, հարց էր՝ արդյոք հակահետախուզություն բազմամյա սպան բաց կապով կզանգեր ադրբեջանցիներին, իսկ ուսումնասիրելուց հետո պարզվել է, թե շան գլուխը որտեղ է թացված, Գալստյանի հեռախոսահամարից ելքային զանգեր չեն եղել, իսկ մուտքային զանգերը եղել են 3-7 վայրկյան, հնարավոր չէ՝ այդ ընթացքում պետական գաղտնիք փոխանցել։ Փաստաբանը հիշեցրեց, որ այդ օրերին ադրբեջանցիները հայերին ահաբեկելու համար զանգում էին, ասում՝ «տունդ պատրաստի, գալիս ենք», ինչը հարցաքննությամբ հաստատել է նաև Շուշիի ԱԱԾ պետը, որը նշել է նաև, որ զանգերի մասին Գալստյանն իրենց տեղյակ է պահել։
«Այս պայմաններում՝ ցանկացած այլ որոշում, քան՝ Սարգիս Գալստյանի անմեղությունը հռչակելը, նրան անպարտ ճանաչելը՝ կլինի ոչ իրավաչափ»,- ասաց փաստաբանը։
Անդրադառնալով Գալստյանի՝ Ացախում մնալու հանգամանքին՝ փաստաբանը հայտնեց, որ Սամվել Շահրամանյանը դատարանում հարցաքննության ժամանակ հաստատել է, որ տեղեկացել է, որ Գալստյանը՝ ի թիվս 50 արցախցիների, որոշել էր մնալ Արցախում, նշանակել է նրան աշխատակազմի ղեկավարի տեղակալ, որ լինի հայկական կողմի ներկայացուցիչ։
«Գալստյանը և մյուս 50 արցախցիները հավատացել են ադրբեջանցիների այն հայտարարութւյանը, որ հայերը կարող են մնալ և բնակվել իրենց հողում, իսկ այն պահին, երբ Շահրամանյանի, պայմանական ասած՝ հրամանագիրը, մտել է ուժի մեջ, ադրբեջանցիները հայտարարել են, թե հայերի գտնվելն այնտեղ ապօրինի է և պետք է լքել Ադրբեջանի տարածքը»,- ասաց Կոչուբաևը։
Հարցին՝ արդյոք հակահետախուզության փորձառու սպայի համար կանխատեսելի չէ՞ր նման ելքը՝ Կոչուբաևը նշեց․ «Իհարկե կարող էր և պետք է։ Ադրբեջանական ռեպրեսիաները, բնականաբար, կանխատեսել էր։ Ճնշումները բնույթով կյանքի սպառնալիք չէր ստեղծել, խտրականության տիրությում էր, բայց այն պահից, երբ ֆիզիկական հաշվեհարդարի տիրույթ էր տեղափոխվել, լքել է Արցախը»։ Իսկ թե ինչու Գալստյանը որոշեց տեղափոխվել ՀՀ, չէր՞ կանխատեսել, որ կձերբակալվի, փաստաբանը նշեց, որ Գալստյանը չէր կարող ենթադրել, որ հայրենիքում կենթարկվի հետապնդման, հակառակ դեպքում՝ կխնդրեր այլ պետություն տեղափոխվել, բացի այդ, մնացած բոլոր հայերին տրամադրվել էր միգրացիոն քարտեր և նրան ոչինչ չէր խանգարում Ադրբեջանի հյուսիսից տեղափոխվել ՌԴ։
«Իհարկե, չէր կարող կանխատեսել, որ մի քիչ ավելի հայրենասեր լինելն ու սեփական հողից պոկվել չկարողանալը կմեկնաբանվի որպես պետական դավաճան»,- ասաց փաստաբանը։