«Էրդողանը Նիկոլին հանձնեց կորցրած կադաստրի վկայականը. Հայաստանը հռչակվեց թուրքական վիլայեթ». Շարմազանով

«Դա Էրդողան և Նիկոլ Փաշինյան հանդիպում չէր, դա Նիկոլ Փաշինյանի այցն էր Էրդողանի մոտ՝ «Թուրքական տուն», և դրանով փաստվեց հետևյալ իրողությունը՝ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի կորսված կադաստրի վկայականը գտնվեց Էրդողանի գրքի տեսքով և այդ կադաստրի վկայականով Հայաստանը հռչակվեց թուրքական վիլայեթ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:

«Փաշինյանը գնացել և հանդիպել է մի անձնավորության հետ, ում մեղադրում էր Հայոց ցեղասպանությունն ավարտին հասցնելու մեջ: 2020 թվականի աշնանը՝ 44-օրյա պատերազմի ընթացքում, Փաշինյանը Թուրքիայի էքսպանսիան դեպի Հարավային Կովկաս և Հայաստան համարում էր վտանգ ոչ միայն Հայաստանի, այլ նաև Արևելքի և Հյուսիսի քաղաքականությունների համար, ավելին՝ նշում էր, որ Թուրքիան պատահական չի եկել Հարավային Կովկաս, եկել է ավարտին հասցնելու Հայոց ցեղասպանությունը:

Հիմա նույն մարդը, որ Էրդողանին ղեկավարել է հայերին ցեղասպանելու մեջ, իսկ ցեղասպանությունից ավելի մեծ հանցագործություն գոյություն չունի, այսօր գնում է Էրդողանի տուն, նրա գիրքն էլ Ավետարանի նման դնում կրծքին: Դա կոչվում է Էրդողանի կողմից Հայաստանի կադաստրի վկայականի հանձնում Նիկոլ Փաշինյանին, Հայաստանի թրքացում:

Նիկոլն ասում էր՝ կադաստրի վկայական չունենք, գնաց՝ այդ կադաստրի վկայականը ստացավ: Երբ որ ասում է՝ պատմական Հայաստան, դա Հայաստանի Հանրապետությունն էր, հայկական աշխարհն էր, Արցախն էր, երբ ասում է՝ իրական Հայաստան, դա ոչ այլ ինչ է, քան Հայաստանի վիլայեթացում՝ Էրմենիստան»,- ընդգծեց նա:

Կարդացեք նաև

Ըստ Շարմազանովի՝ այսպիսով Փաշինյանը միայն իր աթոռն է պահում. «Նիկոլ Փաշինյանն ու նրա ամբողջ թիմն իրականացնում են Հայաստանի թրքացման ծրագիր՝ Հայաստանը մեկ աշխարհաքաղաքական կենտրոնից մեկ այլ կենտրոնի բերանի մեջ տեղավորելու գործընթաց: Դրա դիմաց նա ստանում է իր աթոռը: Նա գտնում է, որ Հայաստանի փրկությունը թրքացման մեջ է, իսկ դրա դիմաց պահում է իր աթոռը:

Փաշինյանն Ալիևի հետ մտել է մրցավազքի, թե Էրդողանի փոքր եղբայրն ով է: Նրանք էլ են սխալվում, ովքեր ասում են՝ Նիկոլը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք, նրանք էլ են սխալվում, ովքեր ասում են՝ Նիկոլը Հայաստանը տանում է դեպի Ռուսաստան. բովանդակային առումով Հայաստան արդեն չկա, կա Էրմենիստան: Նա Հայաստանը տեղավորել է պանթուրքիստական պետության բերանի մեջ:

Հասկանո՞ւմ եք՝ ինչ է տեղի ունեցել սեպտեմբերի 24-ին՝ «Թուրքական տանը». Արցախի հայաթափման առաջին տարելիցի օրը Նիկոլ Փաշինյանը հյուրընկալվել է Արցախի հայաթափման գլխավոր մեղավորներից մեկի մոտ: Դա նույն բանն է, եթե Ցեղասպանության զոհերն Էնվերի և Թալեաթի մոտ հյուրընկալվեին, մի հատ էլ նվեր ստանային: Ես վրեժի կոչ չեմ անում, Թուրքիայի դեմ պատերազմի կոչ չեմ անում, բայց սեփական շահերը սպասարկելու կոչ եմ անում: Չի կարելի գնալ կոշիկները լպստել ու ասել՝ դա պաղպաղակ է»:

Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց՝ Հայաստանի նախկին երեք ղեկավարները ևս շփվել են Թուրքիայի հետ, բայց եղել են կարմիր գծեր.

«2014 թվականին ՄԱԿ-ի 69-րդ գագաթնաժողովում Սերժ Սարգսյանը խոսում էր խաղաղության դարաշրջանի մասին, բայց ոչ՝ կապիտուլյացիայի, խոսում էր Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու մասին, բայց առանց նախապայմանների, ոչ թե թուրքական պայմաններով, խոսում է հարաբերությունների հաստատման մասին, բայց, որ Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան հիմնահարցում, և վերջում ասում է, որ ձեր քաղաքական շանտաժը Հայաստանի վրա չի ազդում, չի կարելի Հայաստանի հետ խոսել շանտաժի լեզվով և գրողի ծոցը կուղարկենք այն արձանագրությունները, որոնցով իբր թե ուզում եք մեզ շանտաժ անել: Կարմիր գծեր են եղել, իսկ այս մարդը կարմիր գծեր չունի: Սրա կարմիր գիծը միայն իր աթոռն է: Նիկոլ Փաշինյանը Հայաստանի դարպասները բացել է թուրքական սպառնալիքի առաջ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս