Արցախցիները պետք է վերադառնան իրենց տուն, ու բոլորս պետք է կանգնենք նրանց կողքին․ Սերժ Թանկյանը հիշել է արցախահայերին
Ամերիկահայ ռոք երաժիշտ, երգահան, քաղաքական ակտիվիստ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել տեսաուղերձով, որում անդրադարձել է մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հայերի բռնի տեղահանությանը՝ այն որակելով որպես էթնիկ զտում։
Թանկյանը հիշեցրել է, որ մեկ տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ էթնիկ զտում, և 120 հազար հայեր ադրբեջանական վարչակազմի կողմից բռնի կերպով տեղահանվեցին Արցախից, այն հողից, որտեղ ապրում էին ավելի քան երկու հազար տարի:
«Ինը ամիս տևած շրջափակումից ու սովից հետո Ադրբեջանը հարձակվեց նրանց վրա։ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Կամպոն Ադրբեջանի գործողությունները որակեց որպես ցեղասպանություն։
ՄԱԿ-ի Միջազգային քրեական դատարանն իր հերթին կայացրեց մի քանի որոշումներ՝ նշելով Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի անհրաժեշտության մասին։ Նրանք չեն կարող վստահել Ադրբեջանին, մի երկրի, որն իրականացրել է էթնիկ զտում և սպանել շատ հայերի` դրսևորելով ծայրահեղ ռասիզմ։ Հայատյացությունը նույնիսկ նրանց ազգային քաղաքականությունն է»,- ասել է Թանկյանը։
Նրա համոզմամբ՝ հայերի վերադարձն ու Լեռնային Ղարաբաղում նրանց անվտանգությունը կարող են ապահովել միջազգային խաղաղապահ ուժերը, ինչի համար անհրաժեշտ է միջազգային հանրության, մասնավորապես՝ Եվրամիության, Միացյալ Նահանգների քաղաքական կամքը։
Ըստ նրա՝ այդ գործում մեծ դերակատարում կարող է ունենալ նաև ԵԱՀԿ-ն։ «Մենք չեն կարող կորցնել հայրենադարձության հույսը, հայրենի բնօրրան վերադառնալու մեր իղձը։ Այն, ինչ տեղի ունեցավ, գաղութատիրության օրինակ էր՝ վատագույն դրսևորմամբ, ներառյալ էթնիկ զտումն ու ցեղասպանությունը։ Արցախցիները պետք է իրենց տուն վերադառնալու հնարավորություն ունենան, ապրեն խաղաղ և նորմալ պայմաններում։ Մենք բոլորս պետք է կանգնենք նրանց կողքին»,- եզրափակել է Թանկյանը։