Փորձելու ենք մեր նպաստը բերել Հարավային Կովկասի դժվարին տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման գործում․ Միխայել Ռոթ
Գերմանիայի, ԵՄ-ի ու Հայաստանի միջև հարաբերությունները հետևողականորեն զարգացել են, ինչը հիմնավորվում է այն հանգամանքով, որ ՀՀ կառավարությունն ու իշխող քաղաքական ուժը խիզախություն են ունեցել աշխատելու այդ ուղղությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատանը կազմակերպված մամլո ասուլիսում հայտնեց Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը։
«Ուղիղ մեկ տարի առաջ ժամանել էի Հայաստան՝ ձեր երկրի պատմության մի մութ ժամանակահատվածում, երբ սկսվեց Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանությունը և իրականացվեց էթնիկ զտում։ Ինքս դատապարտել եմ դա և բազմիցս հանդես եկել հայ գերիներին շուտափույթ վերադարձնելու պահանջով, որը պետք է տեղի ունենա րոպե առաջ։ Դա մի մութ շրջան էր, որը ցավ ու տառապանք պատճառեց ինչպես Հայաստանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։ Մենք չենք մոռացել այդ սարսափելի իրադարձությունները և Գերմանիայում, որպես Հայաստանի ընկերներ, փորձելու ենք մեր նպաստը բերել Հարավային Կովկասի դժվարին տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման գործում»,- նշեց Ռոթը։
Նա հավելեց, որ Հայաստանում է գտնվում տեղի կառավարության, Ազգային ժողովի ընկերներին նորից քաջալերելու և կարևորելու այն հանգամանքը, որ բարեփոխումների ճանապարհը, որը տանում է դեպի ազատություն, ժողովրդավարություն, հիմնարար իրավունքների պաշտպանություն, մեծապես կարևոր է։
«Մարդիկ Հայաստանում ցանկանում են ապրել այնպես, ինչպես Եվրամիությունում՝ մասնավորապես ազատության, արժանապատվության, ինքնուրույն որոշումներ կայացնելու և հատկապես ժողովրդավարության արժեքներով։ Հայաստանում այցի ընթացքում հանդիպումներ եմ ունեցել ինչպես նախագահի, այնպես էլ ԱԺ փոխնախագահի, խորհրդարանում իմ ընկերների հետ, հանդիպելու եմ նաև վարչապետի հետ, սակայն կարևորում եմ հանդիպումները ոչ միայն պաշտոնատար անձանց, այլև քաղհասարակության ներկայացուցիչների հետ։ Ուրախ եմ, որ արդեն հանդիպել եմ երիտասարդների հետ ԵՊՀ-ում»,- նշեց գերմանացի պատգամավորը։
Նրա դիտարկմամբ՝ ԵՄ-ն հանձնառու է աջակցելու իր գործընկեր պետություններին, մասնավորապես Հայաստանին՝ ավելի մերձեցնելու Եվրամիությանը և այդ գործընթացում արդեն իսկ գրանցվել է առաջընթաց։
«Դեռ անցյալ տարի ուշադրությամբ լսեցի բոլոր առաջարկությունները, որոնք կարող են լավարկել երկկողմ հարաբերությունները, և դրանցից լավագույնը վիզաների ազատականացումն է։ Հույս ունեմ, որ դա շատ շուտով կդառնա իրականություն և հատկապես երիտասարդները կկարողանան լիարժեքորեն օգտվել այդ հնարավորությունից։ Հայաստանն ապրում է շատ բարդ հարևանության պայմաններում, ինչը մեծ մարտահրավեր է։ Նրա հարևաններից ամենաբարդն ու ագրեսիվն Ադրբեջանն է։ Մենք գիտակցում ենք, որ արժանապատվության վիրավորանքից հետո շատ դժվար է մի երկրի համար վերստին բանակցությունների սեղանի շուրջ նստել հարևան Ադրբեջանի հետ, բայց մենք շարունակելու ենք մեծ նվիրումով աջակցել Հայաստանին՝ կարևորելով նրա դերը Հարավային Կովկասում, որտեղ խաղաղությունը կարող է հիմնված լինել միայն միջազգային իրավունքով ամրագրված խաղաղության պայմանագրի վրա։ Այդ պայմանագրով հնարավոր կլինի ապահովել տարածքային ամբողջականությունը»,- ասաց Ռոթը։
Նա հույս հայտնեց, որ Ադրբեջանը ճկուն կգտնվի, որպեսզի խաղաղության պայմանագրով իսկապես իրական հենք ստեղծվի տարածաշրջանային խաղաղության և կայունության համար։ Ըստ նրա՝ գերմանական կողմի նպատակն է, որպեսզի ՀՀ-ն Հարավային Կովկասում խարիսխ դառնա խաղաղության, կայունության, ժողովրդավարության և ազատությունների համար։
«Տարածված թյուր կարծիքի համաձայն՝ Եվրոպան ստիպում է այս կամ այն երկրին ավելի մերձենալ իրեն՝ հակադրվելով Ռուսաստանին։ Դա էժանագին պրոպագանդա է։ Ինքս շատ ուրախ կլինեմ, եթե Հայաստանն ավելի մերձենա եվրոպական ընտանիքին, բայց դա ձեր ինքնուրույն, սուվերեն որոշումն է։ Իհարկե հասկանում եմ, որ կան հստակ ակնկալիքներ ու սպասումներ ԵՄ-ից, սակայն պետք է վստահության մթնոլորտն ավելի ամրապնդել՝ խոսքերից անցնելով գործի։ ԵՄ-ում անվտանգության քաղաքականության տեսանկյունից հանդես ենք գալիս մեր հարաբերությունները խորացնելու և ամրապնդելու օգտին»,- ասաց Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։
Նրա խոսքով՝ ԵՄ-ում, ընդհանուր առմամբ, գերիշխում է այն մոտեցումը, որ անհրաժեշտ է բացել հնարավորություններն Արևելյան Եվրոպայի երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի համար։ Ռոթի կարծիքով՝ վիզաների ազատականացման գործընթացը բավականին բարդ պրոցես է և այն վարում են ոչ թե ԵՄ երկրները, այլ Եվրոպական հանձնաժողովը, որը համաեվրոպական ընտրություններից հետո գտնվում է վերակազմավորման փուլում։ Գերմանացի խորհրդարանականը հույս հայտնեց, որ նոր հանձնաժողովը մեծ ներգրավվածությամբ ինտենսիվորեն առաջ կտանի գործընթացը, քանի որ վիզաների ազատականացումը նշանակում է ավելի շատ շփումներ, հանդիպումներ, փոխվստահություն։ Դա նաև ճանապարհ է տնտեսական զարգացման համար։
Խոսելով այդքան շատ քննարկվող, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ընդգծեց, որ այդ հարցում գերմանական կողմը լիովին աջակցում է պաշտոնական Երևանի դիրքորոշմանը։
«Այն տարածքը, որտեղով, ոմանց պնդմամբ, պետք է անցնի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», Հայաստանի տարածք է և վերջ։ Հայկական կողմը հայտարարել է, որ ինքնուրույնաբար կարող է ապահովել այդ ճանապարհի անվտանգ ու անխափան երթևեկությունը։ Այդ տարածքի վրա միանշանակ տարածվում է Հայաստանի սուվերենությունն ու իրավազորությունը»,- ասաց Ռոթը։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի վերադարձի հնարավորության հետ կապված հարցին՝ Ռոթը շեշտեց, որ չարժե մարդկանց գոտեպնդել այնպիսի խոստումներով, որոնք հետո իրականություն չեն դառնալու։