Ադրբեջանն Արցախի հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտում է իրականցրել՝ մնալով անպատիժ. «Զովիգյան» հանրային գրասենյակ

«Զովիգյան» հանրային գրասենյակը հրապարակել է բաց կոդով հետախուզական (OSINT) և գեոլոկացիոն զեկույցի երկրորդ մասը՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հայերի դեմ իրականացված ռազմական հարձակման մեկամյակին ընդառաջ։

Զեկույցը, որը հանձնարարված էր ուսումնասիրել, թե արդյոք Ադրբեջանը շրջափակել է Արցախի բնիկ հայ բնակչությանը Լաչինի միջանցքի հատվածում, ցույց է տալիս, թե ինչպես է սկսվել «ոչ պայմանական» պատերազմը 2022 թվականի դեկտեմբերին՝ նախքան 2023 թվականի սեպտեմբերին «պայմանական» պատերազմի վերածվելը, ինչի հետևանքով էլ Ադրբեջանը հաջողությամբ յուրացրել է Արցախն ու հայերին վտարել իրենց պատմական հայրենիքից։

«Շրջափակումից մինչև պատերազմ. Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտում» վերնագրով OSINT ուսումնասիրությունը դիտարկում և հերքում է շրջափակման ընթացքում Ադրբեջանի կառավարության երեք հետևողական պնդումները.

Պնդում 1. Չի եղել որևէ ճանապարհի փակում և որևէ շրջափակում:

Պնդում 2. Ադրբեջանն իրավունք ուներ Հայաստանի հետ սահմանին անցակետ տեղադրելու։

Պնդում 3. Շրջափակում չի եղել, քանի որ հնարավոր էր օգտագործվել այլընտրանքային ճանապարհներ:

«Դա կատարյալ շրջափակում էր», – ասել է գրասենյակի հիմնադիր, զեկույցի համահեղինակ Լին Զովիգյանը: «Ադրբեջանն օգտվեց աշխարհագրական և աշխարհաքաղաքական խոցելիություններից՝ թաքնվելով միջազգային վստահության քողի տակ, և պատմական Արցախի հայ բնակչության նկատմամբ հաջողությամբ իրականացրեց էթնիկ զտում՝ առանց որևէ հետևանքների»,-հավելել է նա։

Արցախի ժողովուրդը հարկադրված լքել է հայրենիքը, տունն ու զրկվել ապրուստի միջոցներից։ «Այս զեկույցը ակնհայտորեն ցույց է տալիս արցախահայության դեմ Ադրբեջանի ցեղասպան ռազմավարությունը»,- նշել է ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Ուսումնասիրելով առաջին պնդումը՝ զեկույցը ցույց է տալիս, թե ինչպես են Լաչինի միջանցքի հատվածում այսպես կոչված բնապահպանները բողոքի ակցիայի քողի տակ ստեղծել թե՛ ֆիզիկական խոչընդոտ, թե՛ թշնամական մթնոլորտ՝ արգելելով սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների անվտանգ և ազատ տեղաշարժը՝ այդպիսով առաջացնելով ամբողջ բնակչության համար հումանիտար աղետ: Գեոլոկացիոն ուսումնասիրությունը հաստատել է, որ անմիջական հարևանությամբ հանքեր չկան, և որ տարածաշրջանում հայերի կողմից ենթադրյալ հանքարդյունաբերական գործունեության դեմ ուղղված բողոքի ակցիաներն անբացատրելի և անհիմն են եղել:

Երկրորդ պնդման ուսումնասիրման արդյունքում պարզվել է, թե ինչպես է միջազգային հանրության ճնշումը ստիպել Ադրբեջանին այսպես կոչված ցուցարարներին փոխարինել պաշտոնական անցակետով՝ ավելի շատ ռազմականացնելով և ինստիտուցիոնալացնելով Լեռնային Ղարաբաղի համապարփակ շրջափակումը։ Միջազգային հանրության ոչ բավարար ջանքերը՝ Ադրբեջանի կողմից շրջափակումը դադարեցնելու և նրա ինքնիշխան իրավունքների և տարածքային ամբողջականության մանիպուլյացիաները դադարեցնելու ուղղությամբ, հանգեցրել են նրան, որ անցակետը փաստացիորեն արգելափակել է ոչ միայն բնակիչների և բեռների տեղաշարժը, այլև մարդասիրական կազմակերպությունների, մասնավորապես՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի տեղաշարժը:

Երրորդ պնդման ուսումնասիրությունը օգնել է հաստատելու, որ Լաչինի միջանցքից բացի՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև գոյություն չունի ցամաքային որևէ կենսունակ այլընտրանքային ճանապարհ:

Զեկույցը եզրակացրել է, որ Ադրբեջանը կարողացել է խառնաշփոթ հռետորաբանության միջոցով մանիպուլացնել և ձեռք բերել միջազգային հանրության վստահությունը և այդ ամենն արել է առանց որևէ բանակցային խաղաքարտ զիջելու կամ իր դիրքերից հետ կանգնելու անհրաժեշտության:

«Ապօրինի շրջափակման սկզբից ի վեր՝ արդեն գրեթե երկու տարի, այս վստահելիությունը մնում է անձեռնմխելի և ամրապնդվում է Ադրբեջանի հետագա հանցագործություններով՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կանխամտածված չկատարմամբ և մեր ժողովրդի նկատմամբ ցեղասպանական ագրեսիայով և բռնի տեղահանմամբ: Ցավոք, ցեղասպանության մեղավորները մնացել են անպատիժ և նույնիսկ խրախուսվել են միջազգային հանրության կողմից՝ շահելով COP29-ը հյուրընկալելու հայտը»,- ընդգծել է «Արցախ» միության հիմնադիր, ԼՂՀ նախկին պետնախարար և նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

Մարդու իրավունքների միջազգային պաշտպան Շեյլա Փայլանն էլ նկատել է, որ բարձր որակի ապացույցներն էական նշանակություն ունեն միջազգային հանցագործությունների դեպքում արդարության և պատասխանատվության հասնելու համար: «Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ Ադրբեջանի հանցագործություններն առայժմ անպատիժ են մնում, սակայն արժանահավատ և վստահելի ապացույցների հավաքումն ու պահպանումը երաշխիք են, որ մեղավորները ցանկացած պահի կարող են պատասխանատվության ենթարկվել, և այդ ժամանակը, անկասկած, գալու է», -վստահություն է հայտնել իրավապաշտպանը։

Զեկույցի այս մասը հասանելի է նաև արաբերեն, քանի որ հոկտեմբերի 7-ին լրանում է Գազայում ընթացող պատերազմի մեկ տարին։ «Իսրայելն էլ, ինչպես Ադրբեջանը, նույն հաջողությամբ այսօր Գազայում է կիրառում է համանման ռազմավարություններ՝ պաղեստինցի ժողովրդի դեմ»,- նկատել է Զովիգյանը։

Իսրայելն ու Ադրբեջանը արդեն տասնամյակներ շարունակ վարում են ռազմական և առևտրային սերտ բարեկամություն՝ հիմնված նավթի, ռազմական տեխնոլոգիաների և հետախուզության փոխանակման վրա: «Լեռնային Ղարաբաղի շրջափակման և Ադրբեջանի կողմից դրա գրավման հաջողությունն Իսրայելին սովորեցրեց, որ ինքը նույնպես կարող է ահաբեկել, սովամահ անել և վտարել մի ամբողջ բնակչության՝ հեշտորեն և առանց հետևանքների: Ահա թե ինչ է լինում, երբ իշխանություն ունեցող մեղավորներն ու հանցագործները պատասխանատվության չեն ենթարկվում»,-նշել է Զովիգյանը:

«Արցախ» միության մասին

«Արցախ» միություն քաղաքացիական հասարակության կազմակերպությունը ստեղծվել է Արտակ Բեգլարյանի կողմից՝ 2023 թվականին Ադրբեջանի ցեղասպանական ագրեսիայից և իննամսյա շրջափակումից հետո արցախահայության բռնի տեղահանումից հետո։ Կազմակերպության առաքելությունն է պաշտպանել արցախահայության հավաքական և անհատական իրավունքները։ Այն հանձնառու է հետամուտ լինել միջազգային արդարադատությանն ու պաշտպանել հայ համայնքի՝ իրենցպատմական հայրենիք վերադառնալու իրավունքը:
http://www.artsakhunion.org

Զովիգյան հանրային գրասենյակի մասին

«Զովիգյան» հանրային գրասենյակը ստեղծվել է 2015 թվականին՝ աջակցելու ճգնաժամային իրավիճակներում հայտնված և դաժան հանցագործությունների բախված համայնքներին: Գրասենյակն իր գործունեությամբ նպաստում է նրանց ձայնն լսելի դարձնելուն՝ հետազոտությունների, մշակույթի, քարոզչության և դիվանագիտության միջոցով:

 

Տեսանյութեր

Լրահոս