Չենք եկել ՀՀ կռվելու համար, եկել ենք ՀՀ հանուն խաղաղության պայքարելու համար․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար
«ԵՄ-ն ՀՀ-ի հետ ուս ուսի է կանգնած»,- այս մասին այսօր ՀՀ-Սփյուռք համաժողովի ընթացքում «Սփյուռք-Հայաստան համագործակցություն, կայուն զարգացում և կարողությունների զարգացում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը՝ խոսելով ՀՀ-ԵՄ համագործակցության ներկայիս փուլի մասին։
Նա վստահ է՝ Սփյուռքը և այն, ինչ պետությունն անում է ՀՀ-Սփյուռք հարաբերությունների համար, կարևոր և ռազմավարական բնույթ կրող ակտիվ է Հայաստանի Հանրապետության համար։
Անդրադառնալով այն պնդումներին, թե կան ՀՀ-Սփյուռք տարաձայնություններ և հաղորդակցության պակաս, դեսպանն ասաց, որ նույնիսկ ընտանիքներում են պատահում տարաձայնություններ, աշխարհում կան տարաձայնություններ, սակայն կարևորն այն է, որ աշխատենք համագործակցելով՝ ունենալու համար այդ մշակութային կապը։
«Դուք պահպանել եք առանձնահատուկ հայկական մշակույթը, այբուբենը, ավանդույթները, սա աշխարհի համար ակտիվ է։ Գուցե ոմանք ասեն՝ ինչո՞ւ է ԵՄ-ն մեր ընտանեկան ներքին հարցերին միջամտում, ես կասեմ, որ իմ բոլոր աշխատանքներում ես եղել եմ ընտանիքի ներսում և ոչ թե՝ հյուրասենյակում, այլ խոհանոցում, որովհետև դա մի տեղ է, որտեղ ուտելիքն է պատրաստվում, որտեղ որակն է երաշխավորվում։ Սա միայն իմ մասին չէ, ԵՄ-ն է այդպիսին»,- ասաց դեսպան Մարագոսը։
Նա նշեց, որ ԵՄ-ն ՀՀ-ի հետ ունի պտղաբեր համագործակցություն։ «Մենք ներդրում ենք անում այս համագործակցության մեջ, որն ունի տարբեր հարթություններ, մենք աջակցում ենք բարեփոխումներին, կարողությունների զարգացմանը, աջակցում ենք ներդրումներին մասնավոր սեկտորում, ենթակառուցվածքների վրա, սոցիալական ոլորտում, մարդկային կապիտալ, կրթական բարեփոխումների հարցում նախաձեռնել ենք քաղաքականության երկխոսություն, որն այսօր տեղի է ունենում և շատ կոնկրետ արդյունքներ է տալիս»,- նկարագրեց Վասիլիս Մարագոսը։
Ներկայումս, դեսպանի խոսքով, ԵՄ-ն ՀՀ-ում առավելապես ներդրում է անում անվտանգության ոլորտում։
«Մենք բոլորս հասկանում ենք դժվարությունները, գիտենք՝ ինչ է տեղի ունեցել վերջին տարիների ընթացքում, կցանկանայի ընդգծել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը, որը քաղաքացիական առաքելություն է, դա բանակ չէ, մենք չենք եկել այստեղ կռվելու համար, մենք եկել ենք խաղաղության համար պայքարելու։ Բայց մեր ներկայությունն արդեն նպաստում է անվտանգությանը սահմանային շրջաններում, երկրում, օգնել է մեղմացնել սահմանային միջադեպերը, սա շատ բարեգործ, չեզոք, օպերացիոն ներկայություն է»,- ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը։
Նա հիշեցրեց, որ նախորդ տարվանից ՀՀ-ն ու ԵՄ-ն նախաձեռնել են համագործակցությունն ուժեղացնելու կուրս, որ Հայաստանը՝ ՀԱՊԿ միակ անդամը, եվրոպական խաղաղության գործիքից աջակցություն կստանա։
«Այս շաբաթ ԵՄ անունից ստորագրել եմ 13․5 մլն վճարել ՀՀ բյուջեին փախստականների աջակցության համար, բացի սրանից՝ ԵՄ անդամ բոլոր երկրների հետ 100 մլն ենք վճարել փախստականների աջակցության համար, բարդ իրավիճակ է, բայց ես պետք է ասեմ ու շեշտեմ, որ ԵՄ-ն ՀՀ-ի հետ ուս ուսի կանգնած է»,- նկատեց դեսպան Մարագոսը։
Դեսպանը նշեց, որ կողմերը սկսել են վիզային ազատականացման երկխոսությունը։ «Շատ կարևոր գործընթաց, որը կուժեղացնի բարեփոխումները, որոնք դեռ պետք է տեղի ունենան՝ կենսաչափական անձնագրեր, սահմանային վերահսկողություն, հակախտրականության, առողջապահական բարեփոխումներ»,- ասաց նա։