Արթնացե՛ք. Հայաստանում կարող է տեղի ունենալ ցեղասպանություն. Օկամպո
Հնարավո՞ր է Արցախի լուծարման փաստաթուղթն առոչինչ համարել, քանի որ այն ստորագրվել է ուժի սպառնալիքի ներքո: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս հարցը տվեցին Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին:
«Հենց այդ պատճառով էլ ցեղասպանության ճանաչումն այդքան կարևոր է: Ցեղասպանությունը էթնիկ խմբի ներկայացուցիչների դեմ հանցագործություն է՝ անկախ հանրապետություն է, օբլաստ, թե համայնք: Հարձակումը տեղի է ունեցել մարդկանց նկատմամբ, նույնը, ենթադրենք, Սուդանում էր: Ցեղասպանությունը տեղի է ունենում, երբ հարձակում է տեղի ունենում կոնկրետ էթնիկ խմբի նկատմամբ՝ նպատակ ունենալով այն ոչնչացնել, վերացնել, նաև՝ տեղահանել: Տեղահանելն էլ է ոչնչացման ձև:
Հայերը ցեղասպանություն ասելով՝ հիշում են 1915 թվականի դեպքերը, բայց այստեղ հարակից հայեցակերպեր կան: Պարտադիր չէ, որ սպանվեն, որ դա կոչվի ցեղասպանություն. Առաջացնել այնպիսի պայմաններ, որոնք նպաստում են ոչնչացմանը, տեղահանելը՝ այդ թվում: Լաչինի միջանցքի շրջափակումը չմոռանանք. Դա կոնկրետ բավարարում է ցեղասպանության կատարման պայմանը: Այն փաստը, որ բոլոր հայերը ԼՂ-ից գնացել են, շատ հստակ ցուցադրում է այն լուրջ բարոյական վնասը, որ հասցվել է, էլ չասած՝ մնացած վնասները: Այսինքն՝ պարտադիր չէ, որ սպանվեին, որ դա ցեղասպանություն կոչվեր:
Ակնհայտ էր, որ մարդիկ փախչում էին՝ իրենց կյանքը փրկելով, ակնհայտ է, որ կսպանվեին, եթե չփախչեին: Հետևաբար, թե ինչ միավորի, ինչ տարածքի նկատմամբ է դա տեղի ունեցել, կապ չունի՝ էթնիկ խումբն է կարևոր: Շատ կարևոր է, որ հայերը հասկանան, որովհետև սա հիշողություն է հավաքական՝ դուք ձեր պատերազմները վարել եք երկու անգամ՝ մարտի դաշտում, իսկ հետո՝ հիշողության մեջ: Ցեղասպանությունը պատերազմ է բանակի և մարդկանց միջև, հետևաբար, այն անհավասար պայմաններում պատերազմ է»,- ընդգծեց նա:
Օկամպոն հավելեց, որ 2024թ. Հայաստանը պետք է հասկանա՝ 2023 թվականին տեղի ունեցածը ցեղասպանություն էր. «Այն կարող է շարունակվել հենց Հայաստանի տարածքում: Արթնացեք: Սա դեռ տեղի ունեցող ցեղասպանություն է, անհրաժեշտ է դադարեցնել»:
Մանրամասները՝ տեսանյութում