44-օրյայի զեկույցը չի կարող ամբողջական լինել. բազմաթիվ բարձրաստիճան քաղաքական, պետական, զինվորական գործիչներ չեն հարցաքննվել. Գեղամ Մանուկյան

Օրեր առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությունը պատրաստ է, և, որ հոկտեմբերին նամակով դիմելու է ԱԺ նախագահին՝ դռնփակ նիստ հրավիրելու համար, որի ընթացքում կներկայացվի հանձնաժողովի զեկույցը:

Նշենք, որ խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, քաղաքական որոշում էին կայացրել չմասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, քանի որ, ըստ նրանց, քննիչ հանձնաժողովի ձևավորումն ինքնին իշխանական մեծամասնության կողմից չի կարող ապահովել անաչառություն, համապարփակություն, այսինքն, իշխող ուժի՝ ճնշող մեծամասնություն ունեցող հանձնաժողովն ի զորու չէ առարկայական քննել սեփական իշխանության, կառավարության գործունեությունը։

Ընդդիմադիրները հայտարարել էին, որ քննիչ հանձնաժողովները ձևավորվում և ձևավորվել են կա՛մ ընդդիմության, կա՛մ խնդրո առարկա հարցի շուրջ շահերի բախում չունեցող ուժի կողմից, ինչպես եղավ Ապրիլյան քառօրյայի հանգամանքներն ուսումնասիրելու պարագայում, իսկ տվյալ պարագայում իշխանությունը քննություն անցկացնելու համար ունի վարչական, իրավական, դատական բոլոր գործիքներն ու հնարավորությունները։

Ավելին, «Հայաստան» խմբակցությունը նույնիսկ 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողով ստեղծելու օրենսդրական նախաձեռնությամբ էր հանդես եկել, իշխանությունները 2022 թվականին չէին ընդունել ընդդիմության նախագիծը:

Կարդացեք նաև

Նշենք, որ իշխանության քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր 10.02.2022 թվականին:

Իսկ դրանից առաջ 2021 թվականի ապրիլին 2020 թվականի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկ-հայտարարություն էր տարածել ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը և համապատասխան դիմումն ուղարկել Ազգային ժողով:

Հնարավոր է՝ գեներալն այդ ժամանակ հույս ուներ, որ խորհրդարանական ընդդիմությունը կապահովի իր ներկայությունը 44-օրյային առնչվող հանձնաժողովի աշխատանքներին: Դա տեղի չունեցավ, բայց ելնելով պատերազմի ժամանակ իր զբաղեցրած պաշտոնի պատասխանատվությունից, Օնիկ Գասպարյանը 2 անգամ գնացել էր Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողով, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ևս 2 օր են լսել այնտեղ, նա ևս առաջարկել էր, որ ընդդիմությունը մասնակցի իր հարցաքննությանը: Բայց դա հնարավոր չէր, քանի որ կայացվել էր քաղաքական որոշում և բացառություններ չէին կարող լինել: Որքանո՞վ էր դա ճիշտ կամ սխալ, այլ հարց է, թեպետ, ընդդիմության հիմնավորումը, իհարկե, արդարացի է՝ «քննիչ հանձնաժողովի ձևավորումն ինքնին իշխանական մեծամասնության կողմից չի կարող ապահովել անաչառություն, համապարփակություն»:

Ինչևէ, 44-օրյայի զեկույցը պատրաստ է և մոտ ապագայում դռնփակ նիստում արդեն ներկայացվելու է:

168.am-ի հարցին՝ մասնակցելո՞ւ է արդյոք ընդդիմությունը դռնփակ նիստին, Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանը պատասխանեց.

«Զեկույցի վերջնական քննարկման մասնակցության հետ կապված խմբակցությունը դեռ որոշում չունի, որոշման դեպքում տեղյակ կպահենք»:

Ընդդիմադիր պատգամավորը շարունակեց, որ վերջնահաշվարկում չի կարող ասել, թե ինչի վրա է շեշտը դրվել, քանի որ արձանագրություններին և զեկույցին ծանոթ չէ:

«Բայց մեր դիրքորոշումը շատ հստակ է եղել, որ այս իշխանության պարագայում 44-օրյայի քննիչ հանձնաժողով ձևավորելն ուղղակի իշխանության հանցավոր գործունեությունները կոծկելու նպատակ էր հետապնդում, և այն որևէ կերպ չէր կարող հանրությանը վստահելի և ամբողջական զեկույց կազմել 44-օրյա պատերազմի մասին:

Բազմիցս առիթներ ունեցել ենք խոսելու, թեկուզ այն փաստը, որ բազմաթիվ բարձրաստիճան և՛ քաղաքական, և՛ պետական, և՛ զինվորական գործիչներ ուղղակի չեն հարցաքննվել, սա ևս մեկ անգամ փաստում է՝ ամբողջական զեկույց անհնար է կազմել: Եվ եղել են բազմաթիվ դեպքեր, որ իշխանության քաղաքական շոուի համար մարդիկ ձերբակալվել են, կալանավորվել են, նրանց մեղադրանքներ են առաջադրվել, որի ամենացցուն օրինակը, թերևս, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի դեպքն է, երբ Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվերով 2 տարուց ավելի գտնվում է անազատության մեջ: Այս իշխանության գործողությունների արդյունքում դժվար է պատկերացնել, թե երբ Միքայել Արզումանյանը կհայտնվի ազատության մեջ»,- ասաց Գեղամ Մանուկյանը:

Ավելի վաղ մեզ հետ զրույցում ընդդիմադիր պատգամավորը հայտնել էր՝ Անդրանիկ Քոչարյանը Քննիչ հանձնաժողովի նյութերը ոչ թե պահում է ԱԺ աշխատակազմում առկա հատուկ բաժնում, այլ դարձրել է իր սեփականությունը, ինչը հնարավորություն չի տալիս ծանոթանալ անգամ ցանկության դեպքում:

Իր հերթին՝ մեր գրավոր հարցմանն Անդրանիկ Քոչարյանը պատասխանել էր.

«Խորհրդարանական ընդդիմությունը ի սկզբանե չի մասնակցել քննիչ հանձնաժողովի աշխատանքներին և չի ծանոթացել արձանագրություններին։
Հանձնաժողովի բոլոր անդամների համար հանձնաժողովի աշխատանքների արձանագրությունները բաց են, ուստի բոլոր անդամները, այդ թվում՝ նաև ընդդիմության պատգամավորները, կարող են ծանոթանալ առկա նյութերին և մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին»:

Կարճ ասած՝ Անդրանիկ Քոչարյանն ասում է՝ թող մասնակցեին հարցաքննություններին, ծանոթանային: Արդյո՞ք սա օրինական պահանջ է:

Տեսանյութեր

Լրահոս