Գաղտնի հարսանիք. Մարիա Լվովա-Բելովան ամուսնացել է գործարարի հետ
Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի և գործարար, «Ցարգրադ» հեռուստաալիքի հիմնադիր Կոնստանտին Մալոֆեևի հարսանիքը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին Մոսկվայի մարզի Դովիլ ավանում: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները։
Պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը NEWS.ru-ին հայտնել է, որ հարսանիքի ժամանակ ելույթ են ունեցել Վալերիան, Գրիգորի Լեպսը, Լեոնիդ Ագուտինը, Դիմա Բիլանը և այլք: Պրիգոժինը հաստատել է, որ հարսանյաց արարողությունը գաղտնի է տեղի ունեցել։
«Ի սկզբանե նույնիսկ լուսանկարելն ու տեսանկարահանելն էր արգելված, մենք առանց հեռախոսների էինք գնացել։ Ներկայացել ենք միջոցառման ավարտին և մեր գործընկերներից ոչ մեկին չենք տեսել», – պատմել է հայտնի պրոդյուսերը։
Նշենք, որ Մալոֆեևի և Լվովա-Բելովայի հարաբերությունների մասին լուրեր տարածվեցին 2024 թվականի սկզբին, երբ նրանք միասին ներկայացան Եկատերինբուրգում կազմակերպված խաչերթին։
Սա 39-ամյա Լվովա-Բելովայի երկրորդ ամուսնությունն է։ Նա ամուսնացած էր հոգևորական Պավել Կոգելմանի հետ։ Զույգն ունի 9 երեխա՝ 5 հարազատ և 4 որդեգրված։ Մալոֆեևն էլ երկար ժամանակ ամուսնացած էր փաստաբան Իրինա Վալտերի հետ․ նրանք ունեն 3 երեխա: 2023 թվականին Մալաֆեևի կինն ամուսնալուծության հայց ներկայացրեց։