Բաժիններ՝

Քիշ լորեն

Բաղադրիչները՝

  • 300 գ աղի խմոր
  • 150 գ ոչ շատ յուղոտ բեկոն
  • 3 մեծ ձու
  • 250-300 գ կրեմ ֆրեշ կամ յուղոտ թթվասեր
  • 1-2 ճ/գ կարագ
  • 1 պտղունց շաքարավազ
  • 1 պտղունց մանրացրած ընկույզ
  • աղ, աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Բեկոնը քառակուսի կտրատեք, լցրեք եռացող ջրի մեջ, թողեք 1-2 րոպե եռա, քամեք:

Թավայի մեջ բեկոնը տապակեք, մինչև ոսկեգույն-շագանակագույն երանգ ստանալը: Հեռացրեք ավելորդ յուղը:

Կարդացեք նաև

Խմորն այնպես հունցեք, որ այն համապատասխանի ձեր տապակի չափսերին: Լավ կլինի, եթե այն 22-24 սմ լինի: Խմորի ծայրերը եզրերից 1,5-2 սմ բարձր պետք է լինեն: Խմորի հատակը ծակծկեք պատառաքաղով:

Խառնեք կրեմ ֆրեշը, ձվերը, ընկույզը, աղը, պղպեղն ու շաքարը: Ավելացրեք բեկոնը:

Ստացված խառնուրդը լցրեք խմորի վրա այնպես, որ այն տապակի ¾-րդ բարձրությունից շատ տեղ չզբաղեցնի, քանի որ խճողակը մի քիչ բարձրանալու է: Տապակը տեղադրեք նախապես 200 աստիճան ցելսիուս տաքացրած ջեռոցի մեջ ու միանգամից տաքությունն իջեցրեք 150 աստիճանի: 30 րոպե թողեք ջեռոցում:

Դանակը խրեք ուտեստի կենտրոնում. եթե այն մաքուր մնաց, ուրեմն Քիշ լորենը պատրաստ է:

Թողեք հովանա, ապա մատուցեք: Քանի դեռ ուտեստը չի սառել, խորհուրդ չի տրվում այն ափսեի մեջ տեղադրել, քանի որ քիշը կարող է քանդվել:

Խորհուրդ 1: Երբ արդեն յուրացնեք Քիշ լորենի պատրաստման կարգը, կարող եք նրա հետ փորձարկումներ անել, որպես խճողակ ավելացնել պոմիդորի միջուկ, բրոկոլի, աղացած միս, սպանախ ու ընդհանրապես այն, ինչ ձեր սիրտն է ուզում: Քիշ լորենն ընդունված է մատուցել հազարի տերևների հետ: Եվս մեկ բան. ճիշտ է, սա քիշի օրիգինալ բաղադրատոմսը չէ, բայց այն ավելի համեղ կստացվի, եթե խճողակին 100 գ քերած շվեյցարական պանիր ավելացնեք:

Խորհուրդ 2: Կրեմ-ֆրեշը տիպիկ ֆրանսիական կաթնամթերք է: Եթե այն խանութներում չի վաճառվում, կարող եք փոխարինել ոչ յուղոտ թթվասերով կամ ինքներդ պատրաստել: Իսկ պատրաստելու համար պետք է հավասար չափաբաժիններով խառնել15-20 տոկոսանոց թթվասերն ու 30 տոկոսանոց սերուցքը: Ստացված խառնուրդը լցրեք հերմետիկ փակվող տարայի մեջ ու 12 ժամ պահեք սենյակային ջերմաստիճանի պայմաններում, ապա ևս 24 ժամ տեղադրեք սառնարանում: Վերջ. կրեմ-ֆրեշը պատրաստ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս