Փաշինյանը և թշնամի պետություններն ուղղորդված ձևախեղում են մեր կոլեկտիվ պատմական հիշողությունը․ Կարեն Վրթանեսյան

Այսօրվա մարտահրավերներին միանշանակ պարզ պատասխան չկա, միակ տարբերակը պայքարելն է, անընդհատ խոսելը, հիշեցնելը, քննարկելը։ Այնպես չէ, որ մեր անցյալում, մեր պատմության մեջ վերանայման կարիք ունեցող ինչ-որ փուլեր և իրադարձություններ չկան։ Եթե մենք ունենայինք նորմալ ակադեմիական միջավայր, որտեղ ընդունված լիներ կառուցողական քննադատությունը, մարդիկ աշխատություններ գրեին, գրախոսեին իրար, ոչ թե այսօրվա պես գրաքննեին և ինքնագրաքննեին, կլիներ բանավեճ, ինչ-որ խոսույթ։ Դա անընդհատ կկատարելագործեր մեր պատկերացումներն իրականության մասին, ինչ-որ նոր փաստեր առաջ կբերեր, նոր բացահայտումներ կլինեին։ Այդպիսի աշխատանք առաջ էլ շատ չկար, ու վերջին երեսուն տարվա Հայաստանի պատմությունը բավականին վատ է ուսումնասիրված։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հանրային գործիչ Կարեն Վրթանեսյանը։

«Այդ ամբողջ պատմությունը մեր բոլորի աչքի առաջ է եղել, և մեզ համար վառ ու թարմ են հիշողությունները։ Օրինակ, շատերը բավական վառ հիշում են առաջին արցախյան պատերազմը։ Բայց երբ խոսում ես այսօրվա 20-25 տարեկանների համար, իրենց համար դա լրիվ միֆականացված շրջան է։ Մեզ թվում է, թե մարդկանց պատկերացումները պետք է ձևավորվեին հեռուստատեսությունից կամ գրքերից, բայց ընդամենը վառ կարծրատիպային ինչ-որ դրվագներ են։ Օրինակ, ուսանողին հարցնում ես, թե առաջին պատերազմի ո՞ր գործողությունից է տեղյակ, ասում է՝ «Հարսանիք լեռներում», և երբ հարցնում ես դրա մասին, պատասխանում է, թե՝ գնում են լեռներ, հարսանիք են անում։ Այդ վերնագիրը տպավորվել է, բայց մարդը չգիտե իրականությունը»,- ասաց ընդդիմադիր գործիչը։

«Լրիվ խոպան իրավիճակ է ստեղծվել, որում սկսվել է քարոզչություն՝ ուղղորդված պետական ռեսուրսներով, ընդ որում՝ ոչ միայն մեկ պետության։ Մեր կոլեկտիվ պատմական հիշողությունն այսօր փորձում են ձևավորել և՛ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը՝ իրեն հարմար տեսակետից, և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան, և՛ Եվրամիության ու ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ աշխատող բազում ՀԿ-ներ ու առանձին գործիչներ։ Երբ նայում ես, թե ինչպիսի Հայաստանի մասին է պատկերացում կառուցվում, ապշում ես, քանի որ փաստացի 1991-ից այս կողմ անկախ Հայաստանի կառուցման ամբողջ գործընթացը ներկայացվում է՝ զուտ որպես անվերջ թալան։ Սա այն դեպքում, երբ մարդիկ, որոնք 90-ականներին ապրել են և հիշում են Խորհրդային Միության կոլապսը, երկրաշարժը, ատոմակայանը կանգնեցնելը, հիշում են՝ ինչ էր այն ժամանակ և աստիճանաբար ինչ դարձավ մինչև 2018, իներցիայով՝ 2019 թվականը»,- նշեց Կարեն Վրթանեսյանը։

Կարդացեք նաև

Հանրային գործչի կարծիքով՝ առաջնահերթորեն շատ մեծ պատասխանատվություն ունի ցանկացած հիշող, կրթված, բանիմաց մարդ, որը կարող է մտքերը ձևակերպել և խոսել, էլ չասած՝ մասնագետները․

«Այսօր շատ քիչ են պատմաբանները հանրային դաշտում։ Քաղաքագետներ կարծես թե կան, բայց եթե հարցնես՝ քաղաքագիտական գիրք ե՞րբ է գրվել, կամ Հայաստանի նորագույն պատմության մասին վերջին գիրքը ո՞րն է, պատասխան չկա։ Ինչ-որ մարդիկ ինչ-որ բաներ գրում են, այդ գրքերը կարդում են 200 կամ 300 հոգի։ Սովորաբար այն նույն մարդիկ են, որոնք գալիս են այդ գրքի շնորհանդեսին, ու նույնիսկ չգիտես՝ այդ գիրքը վերցրին, տարան, կարդացի՞ն, թե՞ ոչ։ Դժվար է հիշել վերջին 1991-ից այս կողմ ամբողջ շրջանի մասին գոնե երեք գիրք»:

«Մեկ տարի առաջ այս օրերին Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանից հեռացվեցին ընդգծված ընդդիմադիր հայացքներով մի քանի դասախոսներ՝ Ցոլակ Ակոպյան, Սուրեն Սարգսյան, ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյան, հիմա էլ Տիգրան Թորոսյանին են հեռացնում։ Ակնհայտ է, որ ակադեմիան վերածել են իշխանության հլու-հնազանդ ինստիտուտի։ Այս գործընթացը նոր չի սկսվել, դասախոսներին և ակտիվ ուսանողներին հետապնդելը կար անգամ մինչև 2020 թվականը։ ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին ցուցադրաբար ձերբակալեցին հենց համալսարանում»,- ամփոփեց Կարեն Վրթանեսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում.

Տեսանյութեր

Լրահոս