Մեր կոլեկտիվ պատմական հիշողությունն այսօր փորձում են ձևավորել և՛ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը՝ իրեն հարմար տեսակետից, և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան, և՛ Եվրամիության ու ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ աշխատող բազում ՀԿ-ներ ու առանձին գործիչներ։
Այսօրվա մարտահրավերներին միանշանակ պարզ պատասխան չկա, միակ տարբերակը պայքարելն է, անընդհատ խոսելը, հիշեցնելը, քննարկելը։ Այնպես չէ, որ մեր անցյալում, մեր պատմության մեջ վերանայման կարիք ունեցող ինչ-որ փուլեր և իրադարձություններ չկան։ Եթե մենք ունենայինք նորմալ ակադեմիական միջավայր, որտեղ ընդունված լիներ կառուցողական քննադատությունը, մարդիկ աշխատություններ գրեին, գրախոսեին իրար, ոչ թե այսօրվա պես գրաքննեին և ինքնագրաքննեին, կլիներ բանավեճ, ինչ-որ խոսույթ։